Շվեյցարական դատարանն Իսրայելին պարտավորեցրել է Իրանին վճարել 100 միլիոն դոլարի փոխհատուցում

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի միջնորդ դատարանն Իսրայելին պարատավորեցրել է Իրանին փոխհատուցել այն վնասը, որն իսրայելական կողմը նրան պատճառել է՝ բռնագանձելով «Էյլաթ-Աշկելոն» խողովակաշարով իրանական բաժնեմասը:

242 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի կառուցման մասին որոշումն ընդունվել է 1968 թվականին, խողովակաշարը նախատեսվել էր իրանական նավթը Միջերկրական ծովում գտնվող իսրայելական Աշկելոն նավահանգիստ հասցնելու համար:

Սակայն 1979 թվականին Իրանում անցկացված Իսլամական հեղափոխությունից հետո Իսրայելը միակողմանի չեղյալ հայտարարեց բաժնետոմսերի 50 տոկոսը, որը պատկանում էր Իրանին:

Այդ ժամանակ խողովակաշարով արդեն իսկ մատակարարվել էր 800.000 տոննա իրանական նավթ: 1979 թվականի գներով դա կազմում է մոտ 120 միլիոն դոլար, իսկ ներկայիս գներով՝ մոտ 400 միլիոն դոլար: Դատավարությունը տևել է 20 տարի:

Տարբեր մակարդակի դատավորները քանիցս որոշում են կայացրել Իրանի օգտին, սակայն Իսրայելը հրաժարվել է ճանաչել դրանք: Դատարանի ներկայիս որոշման համաձայն՝ Իսրայելը պետք է Իրանին վճարի 100 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ դատավարության համար՝ ևս 250.000 դոլար:

Տեսանյութեր

Լրահոս