Քննչական բաժնի պետի և քննիչի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից երեկ մեզ տեղեկացրին, որ քրեական գործը կարճվել է Դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքի մեջ հանցակազմ չկա: Նշենք, որ քրեական գործը հարուցվել էր Դատախազության կողմից, ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն, որը կարճել էր գործը:

Դատախազության ՀԿԳՔ վարչության դատախազի որոշմամբ` ավելի ուշ, սակայն, վերացվել էր քրեական գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը: Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս. Մկրտչյանին և բաժնի քննիչ Հ. Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունը չկատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս. Մկրտչյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատախազի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման համաձայն՝ Ս. Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական անփութության համար. «Պատճառաբանությունն այն էր, որ նա չի իրականացրել քրեական գործի նախաքննության ժամկետներին հետևելու իր լիազորությունը ու 3 օր առաջ քննիչի կողմից քննության ժամկետը երկարացնելու մասին կայացված որոշումը դատախազին ուղարկելու վերաբերյալ կից գրությունը ստորագրելով՝ պարտավոր էր և կարող էր գիտակցել ու նախատեսել, որ այդ որոշումը 3 օր առաջ չէր հասնի դատախազին և ժամկետը չէր պահպանվի: Եվ քանի որ դրա հետևանքով էլ իրականում որոշումը ժամանակին չի հասել դատախազին, ուստի գտել են, որ էական վնաս է պատճառվել տուժողին և պետության շահերին, հետևաբար՝ սա հանցագործություն են որակել»:

Կարդացեք նաև

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ «քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ»:
Փաստաբանն ասաց, որ մեղադրանքն անհիմն է՝ նշելով մի քանի հիմք: «Ինչպես դատախազն էր նշել իր որոշման մեջ, նախատեսված չէ կարգ, թե քննչական բաժնի պետն ինչ եղանակով պետք է իրականացներ քննության ժամկետներին հետևելու իր լիազորությունները:

Սկսենք նրանց, որ սա քննչական բաժնի պետի համար լիազորություն է և ոչ թե պարտականություն, իսկ պաշտոնեական անփութության հոդվածը պատասխանատվություն է նախատեսում պարտականություններն անփույթ վերաբերմունքի հետևանքով չկատարելու համար: Եթե վերլուծենք Քրեական դատավարության օրենսգիրքը, կտեսնենք, որ, օրինակ, քննիչի և դատախազի համար այդ լիազորությունները՝ նաև կոնկրետ պարտականություններ են նախատեսված: Քննչական բաժնի պետի համար կոնկրետ պարտականություններ չկան, իսկ ժամկետներին հետևելը պարտականություն չէ, լիազորություն է, և այդ օրենքը չի նախատեսել լիազորությունն իրականացնելու ձև:

Իսկ եթե չկա սահմանված կարգ, ապա յուրաքանչյուրս կարող ենք մեր մեկնաբանությունը տալ, թե քննչական բաժնի պետն ինչ եղանակով պետք է դա աներ: Քննչականի պետը գտել է, որ եթե 3 օր առաջ առավոտյան ժամը 10-ին տեսնում է, որ քննիչը կայացրել է որոշումը, ու ստորագրում է ուղեկցական գրությունը, միանշանակ գիտակցում է, որ նույն օրը՝ 3 օր առաջ հասնելու է նույն շենքում գտնվող դատախազին: Բայց գրասենյակի աշխատակիցը շփոթմունքի արդյունքում այս որոշումը նույն օրն ուղարկում է այլ մարմին՝ Ոստիկանություն, և այստեղ խնդիր է առաջանում: Բաժնի պետն ու քննիչը չէին կարող իմանալ, որ գրասենյակի աշխատակցի մոտ շփոթմունք է տեղի ունեցել: Դրա արդյունքում է, որ հետագայում որոշումը դատախազին ներկայացվել է ժամկետից հետո»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Erem (2)Նրա խոսքով՝ քննչական բաժնի պետի և քննիչի մեղքը չկա նրանում, որ որոշումն ուշացումով է հասել դատախազին, քանի որ նրանք սահմանված ժամկետներով կոնկրետ գործողություններ կատարել էին: Բացի դա, Երեմ Սարգսյանը նշեց, որ դատախազն ընդհանրապես իրավասու չէ չերկարացնել նախաքննության ժամկետը. «Եթե նա նախաքննության ժամկետը չերկարացնելու իրավասություն չունի, հետևաբար՝ պարտավոր է երկարացնել: Իսկ եթե երկարացնում է, որևէ հետևանք չի առաջանում, իսկ պաշտոնեական անփութության համար պարտադիր է, որ էական վնաս՝ հետևանք առաջանա, որպեսզի հանցակազմ լինի: Այդ հիմքով արդեն Դատախազությունը պարտավոր էր ստորադասին հանձնարարել երկարացնել քննության ժամկետը կամ վերականգնել բաց թողնված ժամկետը, երկարացնել նախաքննության ժամկետը: Միանշանակ, հետևանք չի լինում, և արդեն ավելորդ է խոսել հանցագործության մասին»:

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կողմ էր քրեական գործի կարճմանը և այդ կապակցությամբ բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազին, որպեսզի վերացներ քրեական գործի կարճման որոշումը վերացնելու մասին որոշումը: «Գտնում էի, որ ամեն դեպքում դա անհիմն, անհեթեթ որոշում է, և գտնում էի, որ այստեղ հանցագործության դեպքն էլ է բացակայում, հանցագործության հատկանիշներ գոյություն չունեին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս