Ճոխ մեքենա քիչ քշեք, կազինոներ մի բացեք, արտադրամասեր բացեք
Ոչ մի կասկած չկա, որ ԵՏՄ-ն «Խորհրդային միություն-2» նախագիծ է՝ նոր պայմաններով, Մոսկվային նոր պատկերացումներով, բայց դա հենց այդպիսի նախագիծ է: Այս կարծիքին է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը: նա վստահեցնում է, որ Հայաստանն այդ միության մեջ 0 ազդեցություն, ինքնուրույնություն է ունենալու, այսինքն՝ վետոյի հնարավորություն հաստատ չի ունենալու, «նույնիսկ եթե այդ հնարավորությունը 10 անգամ մեծ տառաչափով գրված լինի»:
Ըստ նրա՝ սա հենց այն վերպետական կառույցն է, որին Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է միանա, «որովհետև դա ոչ միայն մեր ինքնիշխանությանն է սպառնում, դա նույնիսկ մեր գոյությանն է սպառնում».
«Օրինակ, այս տարի ռուսական ինչ-որ գաղտնի ծառայությունների աշխատողներ էին հայտնվել Արցախում և հարցուփորձ էին անում այն հարցի վերաբերյալ, թե ռուսական զորքերի տեղակայումը ինչպե՞ս կընդունվի Արցախի տարբեր, հատկապես, ազատագրված շրջաններում: Սա լուրջ վտանգ է, որովհետև եթե դու այսքան տրվում ես օտարին, վաղը, մյուս օրը բերեց սահմանի վրա կանգնեցրեց, դա հենց այն զորքն է, որը քո տարածքները հանձնելու է, որովհետև հայկական զորքին ասել այդ տարծքներից նահանջել, շատ ավելի դժվար է: Սերժ Սարգսյանը դա չի կարող անել, ոչ մի նախագահ չի կարող անել, Քոչարյանն էլ չկարողացավ, հաջորդներն էլ չեն կարողանա: Բայց Պուտինի համար խնդիր չէ ասել ռուսական զորքին նահանջել»:
Ա. Աղայանը կարծում է՝ եթե Հայաստանը անդամակցեր Եվրոպական միությանը, դարձյալ նույն խնդիրներն էին լինելու՝ «Արցախով ես անդամակցում, թե Արցախով չես անդամակցում՝ դարձյալ նույն տարածաշրջանային ինտեգրացիայի հարցն էր լինելու, սահամանների հետ դու պետք է խնդիր չունենաս, հարևանների հետ պետք է խնդիր չունենաս, սա նախապայման է, դու չես կարող Եվրոպային ինտեգրվել՝ առանց տարածաշրջանումդ ինտեգրված լինելու: Նմանապես, դու չես կարող Ռուսաստանին միանալ՝ առանց համակովկասյան միությանը միանալու»:
Բանախոսի խոսքով՝ եթե Ադրբեջանը մտնի ԵՏՄ-ի մեջ, որը շատ հավանական է, ուրեմն՝ դրա գինը լինելու է Արցախն Ադրբեջանին հանձնելը. «Այս երկու հարցերն այնքան են իրար նման, որ նրանց միջև ընտրություն անելն անհեթեթություն է: Դու պետք է կարողանաս քո խնդիրները ինքդ լուծես, և անվտանգության, որոշումների կայացման համակարգը բացարձակապես քոնը պետք է լինեն»:
Հարցին՝ ինչպե՞ս է դա հնարավոր անել, եթե Հայաստանն ինքնուրույն չի կարող գոյատևել, Ա.Աղայանն այսպես պատասխանեց.
«Իրականում Հայաստանը կարող էր գոյատևել, և այստեղ չկա տնտեսագիտական այնպիսի հաշվարկ, որը կապացուցի հակառակը: Հայաստանը միանշանակ կարող է ինքնուրույն գոյատևել: Գուցե դրա համար պետք կլինի ինչ-որ գին վճարել՝ ասենք, մի քանի ճոխ մեքենա քիչ քշել, կամ կազինոներ չբացել, դրա փոխարեն ինչ-որ արտադրամասեր բացել»: