Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին հնչած հարցերին

Բարև Ձեզ,

Ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը` Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին Հայաստանում, որը գտնվում է մեզ մոտ աշխատանքային այցելությամբ: Ես հունիսին էի գտնվում Ռիգայում, և սա պատասխան այցելություն է, որի ընթացքում մենք նորից հնարավորություն ունեցանք` կարծիքներ փոխանակելու մի շարք հարցերի շուրջ, երկկողմ հարաբերությունների օրակարգի և նաև տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցերի շուրջ:

Մենք խոսեցինք Հայաստան – Եվրոմիություն հարաբերություններից: Գիտեք, որ մյուս տարի` հունվարից, Լատվիան նախագահելու է Եվրոմիությունում: Լատվիայում մայիս ամսին կայանալու է Արևելյան գործընկերության գագաթաժողովը։ Մենք խոսեցինք Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներից։

Հունվար ամսին կայանալու է Եվրոմիություն – Հայաստան խորհրդի նիստը: Այնտեղ ևս մեկ անգամ մենք կհանդիպենք Լատվիայի արտգործնախարարին, որն արդեն Եվրոմիության անունից հանդես կգա:

Մենք անդրադարձանք մի շարք միջազգային, տարածաշրջանային հարցերի։ Ես ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված` Հայաստանի և եռանախագահող երկրների ջանքերը։ Խոսեցինք նաև Ուկրաինայի ճգնաժամից և այն քայլերից, որոնք գործադրվում են` լուծումներ գտնելու նպատակով: Խոսեցինք Միջին Արևելքից:

Դեռ հնարավորություն ենք ունենալու շարունակել մեր զրույցը աշխատանքային ճաշի ընթացքում:

Իհարկե, երկկողմ հարաբերությունների կտրվածքով պետք է ասեմ, որ մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ վերջին շրջանում բավական ակտիվ ձևով զարգանում են հարաբերությունները, լավ դինամիկա է նկատվում փոխայցելությունների իմաստով. Հայաստանի նախագահն է այցելել Ռիգա, և Լատվիայի նախագահն է եղել Հայաստանում, Հայաստանի խորհրդարանի նախագահն է Հայաստանից եղել անցյալ տարի Լատվիայում, և փոխադարձ այցելությամբ մենք սպասում ենք 2015թ. Լատվիայի պառլամենտի նախագահին Հայաստանում:

Արտգործնախարարները բավականին հաճախ են հանդիպում` թե՛ Ռիգայում, թե՛ Երևանում, և նաև տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում:

Այնպես որ ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել իմ լատվիացի գործընկերոջը և սիրով խոսքը փոխանցում եմ իրեն:
Հարց. Պարո՛ն նախարար, Բազելի` ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդից դեռ մի քանի օր է անցել, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նորից է հայտարարում, որ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով: Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Պատասխան. Միգուցե դա Բաքվի պատասխանն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում եռանախագահող երկրների կողմից արված հայտարարությանը։ Եռանախագահներն ընդգծում են, որ ռազմական լուծում հիմնախնդրին չի կարող լինել, և կոչ են անում կողմերին բացառապես խաղաղ ճանապարհով գնալ հիմնախնդրի կարգավորմանը, նշում են 1994թ. հրադադարի համաձայնագրի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնության իրականացման կարևորությունը:

Բազելում կայացած ճեպազրույցի ժամանակ ես ասացի, որ միգուցե այդ հայտարարության մեջ համանախագահների կողմից ընտրված դիվանագիտական, այն ժամանակ էլ ասացի, հիմա էլ կկրկնեմ` դելիկատ լեզուն ըմբռնելի, հասկանալի չէ Ադրբեջանի համար:

Հիմա` Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս նոր հայտարարությամբ, շփման գծում իրավիճակի նոր սրմամբ ևս մեկ անգամ հաստատվում է այն, որ իսկապես այդ լեզուն ըմբռնելի չէ Բաքվի համար։

Կարծում եմ՝ եռանախագահները պետք է համապատասխան եզրակացություններ անեն:


Հարց.
Պարո՛ն Նալբանդյան, երկու օր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանին կոչ արեց սկսել համագործակցել հարևանների հետ: Ինչպե՞ս կարձագանքեք: Շնորհակալություն:

Պատասխան. Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը ուղղված է բոլոր երկրների հետ համագործակցություն հաստատելուն և զարգացնելուն, բայց հասկանում եք, որ կարելի է համագործակցություն զարգացնել այն երկրների հետ, որոնք պատրաստ են այդպիսի համագործակցության:

Արդյո՞ք կարելի է համագործակցություն զարգացնել մի երկրի հետ, որը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որը փակ է պահում սահմանը, որը Հայոց ցեղասպանության ագրեսիվ ժխտողական քաղաքականություն է իրականացնում և, ընդհանրապես, բավական թշնամական դրսևորումներով է հանդես գալիս Հայաստանին կամ հայ ժողովրդին վերաբերող ամենատարբեր հարցերով։

Կարելի է համագործակցել այն երկրի հետ, որը պատրաստ է համագործակցության. կարծում եմ` երբ Թուրքիան պատրաստ լինի առերեսվել իր պատմությանը, երբ կարողանա առաջ շարժվել և կատարել այն պարտավորությունները, որն իր վրա է վերցրել, իսկ դուք գիտեք, որ միջազգային հանրությունը բազմիցս արտահայտվել է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում։

Բացի նրանից, որ թուրքերը ինչ-որ բան են ասում և լսում իրենք իրենց ասածը, պետք է լսեն, թե ինչ է միջազգային հանրությունը ասում։ Իսկ միջազգային հանրությունը ասում է, որ գնդակը, նորից կրկնեմ, գտնվում է Թուրքիայի դաշտում։

Երբ Թուրքիան պատրաստ լինի համագործակցության, երբ որ պատասխանի Հայաստանի կողմից պարզված ձեռքին, ապա հնարավոր կլինի հարաբերություններ զարգացնել:


Հարց.
Վերջերս Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը հայտարարեց, որ Մաքսային միության օրենսդրական բազան թույլ է տալիս, որ անդամ երկրները համախմբված միջոցներ ձեռնարկեն, եթե անդամ երկրներից մեկի նկատմամբ տնտեսական սանկցիաներ, պատժամիջոցներ, ճնշումներ են կիրառվում: Եվ ակնարկեց, որ առաջիկայում չի բացառում, որ Մաքսային միության անդամ երկրներն էլ, հնարավոր է, Ռուսաստանի հետ միանան արևմտյան մի քանի երկրների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն: Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը: Շնորհակալություն:

Պատասխան. Ես կարճ պատասխանեմ։ Այդ հարցը չի քննարկվել այդ շրջանակներում: Երբ քննարկվի, այդ ժամանակ Հայաստանը կարտահայտի իր դիրքորոշումը:

Տեսանյութեր

Լրահոս