Հայաստանում երիտասարդների համար աշխատանք գտնելը գրեթե անհնար է. ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միություն
Դեկտեմբերի 10-ին՝ ՍԴՀԿ «Սապպահ Գյուլ» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում երիտասարդների և ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամների միջև:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ելույթ ունենալով Ուսանողական միության անդամների առջև՝ ասաց, որ Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը մշտապես ուշադրություն է դարձնում երիտասարդների խնդիրներին, հիշեցրեց, որ ՍԴՀԿ 1887 թ-ին Ժնևում հիմնադրվել է հենց ուսանողների կողմից:
«Չմոռանանք, որ Հնչակյան կուսակցության պայքարի 127-ամյա ճանապարհին ՍԴՀԿ-ի հեղափոխական դրոշը միշտ բարձր պահել և Հանուն Հայրենիքի ազատագրական պայքարում զոհվել են բազմաթիվ երիտասարդներ»,-նկատեց Վազգեն Մեսրոպյանը:
Վերջինիս խոսքերով էլ, այժմ ՍԴՀԿ-ի պայքարը հանուն երիտասարդների իրավունքների է, որ ոտնահարվում են ամեն քայլափոխի: Նա նաև հավելել է, որ ՍԴՀԿ պայքարը՝ ընդդեմ օլիգարխիայի և հանուն սոցիալական արդարության՝ նախ և առաջ երիտասարդների համար է:
Ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Ռոման Ծատինյանը, դիմելով երիտասարդներին, հայտարարեց, որ Հայաստանում երիտասարդների և, ի մասնավորի, ուսանողների աշխատանքի տեղավորման հարցը գտնվում է ծանրագույն իրավիճակում:
«Երիտասարդներին աշխատանքի վերցնելու համար այնպիսի պայմաններ են առաջ քաշում գործատուները, որ դիմելն ուղղակի անիմաստ է դառնում: Նոր ավարտած մագիստրոսից արդեն իսկ պահանջում են եռամյա աշխատանքային փորձ: Ողբերգություն է, որ մեր երկրում դեռևս աշխատանքային շուկան նման անհեթեթ պահանջներ է առաջ քաշում»,- նկատել է Ռոման Ծատինյանը:
Երիտասարդների խոսքերով, իրենք, ավարտելով բարձրագույն ուսումնական հասատությունները, որպես կանոն, աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ, ուստի և, շատ դեպքերում, ստիպված են լինում աշխատանք գտնել արտերկրում:
Ռոման Ծատինյանը, համաձայնվելով այդ դիտարկումների հետ, հավելել է, որ գործատուն ոչ մի կերպ չի մտնում բարձրագույն ուսումնական հաստատություններ:
«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ մեծ կորպորացիաները արդեն 2-րդ կամ 3-րդ կուրսերից գտնում են իրենց ապագա աշխատակիցներին, վճարում նրանց ուսման վարձը՝ պայմանով, որ հետագայում աշխատելու են հենց իրենց մոտ: Սա նորմալ, ընդունված պրակտիկա է: Մենք առաջիկայում պատրաստում ենք օրենսդրական բարեփոխումների փաթեթ, որը ներկայացնելու ենք հանրային քննարկման և ուղարկելու ենք ԱԺ բոլոր խմբակցություններին: Պետք է այս հարցերին ցուցաբերել ինստիտուցիոնալ մոտեցում»,- ասել է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ներկայացուցիչը:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության մամլո դիվան