
Հայաստանի տագնապահարույց խնդիրները՝ ըստ Գագիկ Հարությունյանի

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մարդու իրավունքների վերաբերյալ տեղի ունեցած այսօրվա քննարկման ժամանակ ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «ջանք չխնայեց գովաբանելու» կատարված աշխատանքները: Գագիկ Հարությունյանն ասաց, որ հավաքն ավելի կկարևորվի, եթե փորձեն շեշտադրումներ կատարել նրա վրա, թե ինչ չի արվում և ինչ խնդիրներ կան:
«Այստեղ թռուցիկ նշեցին մասնավորապես, որ չափազանց կարևոր է՝ իրավունքների պաշտպանությունը բարձր մակարդակի վրա դնելու համար առաջին հերթին անել այնպես, որ այդ իրավունքները չխախտվեն: Իսկ որպեսզի իրավունքները չխախտվեն, առաջին հերթին պետք է այդ իրավունքները երաշխավորված և ապահովված լինեն: Ոչ միայն երաշխավորված, այլև ապահովված»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Նա ասաց, որ առնաձնացրել է մոտավորապես յոթ խումբ հիմնախնդիրներ, որոնք իր կարծիքով՝ այսօր ընդհուպ տագնապահարույց են և լրջագույն խնդիրներ են մեր երկրում մարդու իրավունքների երաշխավորման և ապահովման տեսանկյունից:
«Առաջինը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս մենք չենք կարողացել երաշխավորել ու ապահովել մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողությունը: Սա դարձրել ենք սահմանադրական նորմ, բայց այս սահմանադրական նորմը դեռևս ինչպես հարկն է չի իրացվում: Ինչո՞ւ: Պատճառները տարբեր են: Կարելի է սրան ամբողջ քննարկումներ նվիրել:
Մենք մասնակիորեն սահմանդրական բարեփոխումների հայեցակարգում սրան անդրադարձել ենք, բայց սա այօսր փաստ է: Փաստ է նաև այն, որ իրավունքի գերակայության սկզբունքը մեզանում չի դարձել ոչ միայն մարդկանց սոցիալական վարքագծի, այլև քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի և իշխանությունների հանրային վարքագծի հենք: Այս սկզբունքը հաճախ ընկալվում և մեկնաբանվում է խիստ աղավաղված, իսկ դրա ապահովման և իրացման հարցում անելիքներ ավելի են, քան արածը»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մեզանում հսկայական բացեր կան օրենսդրական մակարդակում իրավունքների երաշխավորման ու ապահովման հարցերում: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ վերջերս ծանոթացել է ԵԱՀԿ ԺՄԻԳ ուսումնասիրությանը մեզ մոտ օրենսդրական քաղաքականության և օրենքների որակի վերաբերյալ.
«Մեղմ լեզվով է գրված, բայց դա նույնիսկ ինչ որ տեղ նույնիսկ լուրջ ուսումնասիրության ժամանակ մեծ մտահոգությունների տեղիք է տալիս օրենքների բացերի, օրենսդրական քաղաքականության հայեցակարգային մոտեցումների բացակայության, օրենքների անկայունության և այլ հարցերի վերաբերյալ:
Վերջերս Սահմանդարական դատարանը ստիպված եղավ մի որոշման մեջ օրինակներ բերել: Մեզ մոտ կան օրենքներ, որոնք արդեն կարկատանների բեռից չեն կարողանում քայլել: Օրենք, որի փոփոխության վերաբերյալ 165 օրենք է ընդունվել: Օրենք, որի փոփոխության վերաբերյալ 100 օրենք է ընդունվել»:
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ռեկորդը պատկանում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքին, պակաս մտահոգիչ չէ հարկերի, մաքսատուրքի, մաքսերի, ստուգեմների վերաբերյալ օրենսդրությունը: Օրինակ՝ «Պետական տուրքի մասին» օրենքը փոխելու վերաբերյալ 152 օրենք է ընդունվել. «Ոչ մի տրամաբանություն չի մնում, ոչ մի հայեցակարգ չի մնում և այսիսի իրավիճակում, այս սարդոստայնում մարդիկ մավելի շատ խճճվում են և իրավունքների խոխտումներն անխուսափելի են դառնում, պաշտպանությունը երբեք դրանց հետևից չի հասնում»:
Գագիկ Հարությունյանն ասաց, որ լուրջ խնդիր է նաև իշխանությունների հայեցողության սահմանների խիստ անհստակ լինելը և իրավունքով իշխանության սահմանափակման սկբունքի ըստ էության չգործելը: «Օրինակ՝ Սահմանադրական դատարան ներիկայացված դիմումների գրեթե 70 տոկոսը ներկայացվում է իրավական նորմի անհստակության, օրենքի բացի, իրավակարգավորման բացի հիմքով: Եվ որքան այս բացերն առկա են, այնքան իրավակիրառ պրակտիկայում հայեցողության սահմաննրն ընդլայնվում են: Հայեցողության սահմանն ընդլայնվում է, սուբյեկտիվ գործոնի դերակատարությունը մեծանում է և համապատասխան հետևանքներն առաջանում են: Սրա արդյունքում Հայաստնաում ամբողջ իրավական ինստիտուտներ չեն գործում»:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց նաև, որ ՀՀ-ում քաղաքական, տնտեսական և վաչական ներուժի սերտաճումը սպառնում է ընդհուպ երկրի ազգային անվտանգությանը: Նրա խոսքով՝ մենք պետք է դառնանք այնպիսի հասարակություն, որտեղ բոլոր իրավական լուծումները մարդակենտրոն սկզբունքով լինեն. «Որ մարդը լինի սահմանադրական իրավակարգավորումների հիմքը, որ ոչ թե իշխանությամբ իրավունքը սահմանափակվի, այլ իրավունքով իշխանությունը և րավունքների անմիջական գործողությունը երաշխավորված լինի»: