ԿԲ-ն խստորեն կպատժի պղտոր ջրում ձուկ որսացողներին
Թեպետ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարեց, որ դրամի արժեզրկումը միջազգային զարգացումների արդյունք է, շրջանառվում են տեղեկություններ, որ խուճապային տրամադրությունների առաջացման և ավելի խորը արժեզրկման մեջ իրենց մեղքն ունեն նաև առևտրային բանկերն ու փոխանակման կետերը։ Խոսվում է նաև սպեկուլյատիվ երևույթների մասին, երբ ոմանք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալով եկամուտներ ստանալ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կոչ արեց արժույթի սպեկուլյատիվ փոխարկումներ չիրականացնել. «Նկատի ունեմ արժութային գործարքները, որոնք չեն բխում օբյեկտիվ պահանջմունքներից, այլ շահագրգված են բացառապես արժութային փոխարժեքների տատանումների սպասումներով: Պղտոր ջրում ձուկ որսացողները կպատժվեն»
Նա տեղեկացրեց, որ ստուգումներ են անցկացվել, մի շարք փոխանակման կետեր արդեն տուգանվել են մի քանի միլիոն դրամով։ Ինչ վերաբերում է բանկերին, ապա նրանց դեպքում ավելի խիստ պատիժներ կարող են լինել։ Ընդհուպ՝ արտոնագրից զրկում կամ որոշ աշխատակիցների հեռացում։ Կլինեն նաև խոշոր տուգանքներ։ Ա. Ջավադյանը տեղեկացրեց, որ հարուցվել են վարույթներ, բանկերին ուղարկվել են համապատասխան գրություններ, և ԿԲ-ն այժմ սպասում է բանկերի բացատրություններին։