Ակնկալում էի, որ ինչ-որ պահի իշխանությունների նյարդերը տեղի կտան. Խադիջա Իսմայլովա
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կալանքի տակ վերցված լրագրողուհի Խադիջա Իսմայլովան հետաքննչական մեկուսարանից այսօր զանգահարել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում իր գործընկերներին:
Խոսելով իր կալանավորման մասին՝ Իսմայլովան ընդգծել է, որ իմացել է, որ վաղ թե ուշ իշխանությունները կգնան այդ քայլին. «Ես ամուր եմ, և դուք էլ ամուր եղեք: Ես ակնկալում է, որ ինչ-որ ժամանակ իշխանությունների նյարդերը չեն դիմանա: Դա տեղի ունեցավ, և ես կալանավորվեցի:
Իմ դեմ ներկայացված մեղադրանքները հնարանք են, դա կեղտոտ և սև PR է: Չնայած այդ ամենին՝ ես ամուր եմ: Գիտեմ, որ ձեզ էլ հեշտ չէ: Սակայն մի՛ հիասթափվեք, շարունակե՛ք աշխատել: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք շարունակի իր աշխատանքը:
Գործընկերներիցս ակնկալում եմ նոր հետաքննություններ, իսկ իրավապաշտպաններից՝ նոր նախաձեռնություններ: Աշխատանքը պետք է շարունակվի»: Իսմայլովան ընդգծել է, որ դեռ չի բողոքում իրեն պահելու պայմաններից: