ՓՀԷԿ-երի աշխատանքի արդյունավետությունը գնալով փոքրանում է. Արա Մարջանյան
Հայաստանում ներկայումս գործում է 158 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 277 հազար կՎտ հզորությամբ կամ 831.1 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա տարեկան արտադրության ծավալով: Ըստ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների՝ ևս 59 ՓՀԷԿ-եր կառուցվում են, որոնց հզորությունը հաշարկված է մոտ 119 հազար կՎտ, տարեկան արտադրության ծավալը՝ 415.2 մլն կՎտ.ժ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքի համաձայն՝ Հայաստանի պոտենցիալ ջրային էներգապաշարները գնահատվում են 21.8 մլրդ կՎտ.ժ, այդ թվում՝ խոշոր և միջին գետերինը` 18.6 մլրդ կՎտ.ժ, փոքր գետերինը` 3.2 մլրդ կՎտ.ժ:
«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամ» ծրագրի ղեկավար Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գոյություն ունի 3 տարբեր ներուժ՝ տեսական, տեխնիկապես հասանելի և տնտեսապես շահավետ. «Հասկանալի է, որ տեսական պոտենցիալն ամենամեծ թիվն է, ներկայումս աշխատող ՀԷԿ-երի քանակը տեսականի մոտ 30-40%-ն է, իսկ տեխնիկապես հասանելի՝ 50-60%-ը, և ներկայումս օգտագործված է տնտեսապես շահավետ ներուժի 80-85%-ը»: Ըստ նրա՝ տնտեսապես շահավետ ՓՀԷԿ-երը նորմալ գետերի վրա կառուցված, քիչ թե շատ ընդունելի սխեմայով կայաններն են, որոնք երկար դերիվացիա չեն պահանջում, որոնք պատվարի կառուցում չեն պահանջում, որ տնտեսապես շահավետ լինի ներկայիս պայմաններում, նաև ընդունելի տարածքում լինի: Վերջինը, ըստ Ա.Մարջանյանի, թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է, քանի որ լավ տեղեր կան, որ արգելոցներում կամ արգելված տարածքներում են. «Ցավոք, այս պահանջը մեզ մոտ շատ վատ է իրականացվում»:
Ա. Մարջանյանը նշեց, որ ՓՀԷԿ-երի աշխատանքի արդյունավետությունը գնալով փոքրանում է և դա բացատրվում է նրանով, որ ՓՀԷԿ-ի տարիֆային բանաձևը ճիշտ կապված չի ընդհանուր էլեկտրաէներգիայի բանաձևի հետ, այսինքն, եթե 8 տարի առաջ կայանների աշխատանքը կարելի էր համարել շատ շահավետ, մոտ 3 տարի առաջ՝ ընդունելի շահավետ, ապա հիմա պետք է համարել շեմային շահավետ, գրեթե 0-ական կամ 0-ից մի փոքր ավելի շահավետությամբ. «Խոսքը նոր ՓՀԷԿ-երի մասին է, հներն արդեն կառուցված են, բայց անգամ դրանց շահավետությունն է փոքրանում՝ հաշված գնաճը, սղաճն ու բանաձևերի միջև անհամաձայնությունը: Ժամանակին ՀՀ օրենքով և էներգետիկ քաղաքականությամբ այս ուղղությունը համարվեց գերակա և ՓՀԷԿ-երին տրվեց որոշակի բանաձևով ավելի բարձր սակագին, որ այս ուղղությունը հետաքրքրի բիզնեսին ու շատ ՓՀԷԿ-եր կառուցվեն: Եվ այդ մոտեցումը շատ լավ աշխատեց ու այժմ ՀՀ-ն բացարձակ առաջատար է այդ տեսանկյունից տարածաշրջանի բոլոր երկրների մեջ: Բայց ժամանակի ընթացքում այդ մարժան գնալով նվազեց և հիմա շահավետությունը մի փոքր ընկել է: Ամենահիմանկանն այն է, որ այդ պոտենցիալը արդեն վերջանում է: Փաստորեն, այն ՓՀԷԿ-երի մոտ 80%-ը, որ տնտեսապես շահավետ էին, արդեն կառուցված են»: