Որ միությունում էլ լինես՝ միայն գրագետ և ծանրակշիռ գործունեության շնորհիվ կարող ես հասնել արդյունքի. ԲՀԿ-ական պատգամավոր
«Որ միությունում էլ լինես՝ ԵՏՄ կլինի, թե ԵՄ, միայն գրագետ և ծանրակշիռ գործունեության շնորհիվ, կազմակերպած կառավարման միջոցով կարող ես հասնել արդյունքի»,-այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵՏՄ-ին միանալով Հայաստանի համար ի՞նչ հնարավորություններ են ստեղծվում արտահանման խթանման, արդյունաբերության զարգացման համար:
Նա նշեց, որ որպես տնտեսագետ՝ ինքը այս կառավարության իրականացնող քաղաքականության հետ կապված ունի որոշակի լուրջ տարակարծություններ և տարբերություններ` այն առումով, որ եթե մեր կառավարությունը գնում է կոշտ ֆինանասավարկային քաղաքականության, ժողովրդի կենսամակարդն էապես չի աճում:
«Մեր հայաստանյան արտադրողները պետք է հասկանան՝ ռուսական կամ եվրասիական շուկայում կարո՞ղ են ծավալ ապահովել: Որպեսզի շատ արտադրենք, մեզ պետք է աշխատանքի արտադրողականության բարձրացում, այդ մասին նաև ասաց հանրապետության նախագահը»:
Տնտեսագետի խոսքով՝ մի կողմից՝ դու պետք է գիտության ֆինանսավորման ծավալներն ավելացնես, մյուս կողմից՝ պետք է ֆունդամենտալ կամ հիմնարար գիտությունը մոտեցնես կիրառական գիտությանը, որպեսզի հիմնարար ֆունդամենտալ գիտության արդյունքերը տեղ գտնեն արտադրության մեջ. «Պատահական չէ, որ մեր կողմից արդեն 3-րդ ընթերցմամբ ընդունվեց, և մոտ օրերս երևի կստորագրվի նախագահի կողմից, արդյունաբերական քաղաքականության մասին օրենքը: Դա շատ կարևոր է, որովհետև դրանից հետո ես անընդհատ կառավարությունից պահանջելու եմ, որ այդ օրենքի դրույթները կատարվեն»:
Ըստ Մ. Մելքումյանի՝ ԵՏՄ-ի հարաբերական առավելությունը կարճաժամկետ, միջնաժամկետ փուլում հետևյակն է. «Իհարկե, Եվրամիության 28 երկրները Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն են, բայց այնտեղ մենք արտհանում ենք մոլիբդեն, պղնձի խտանյութ, կիսաթանկարժեք, թանկարժեք քարեր: Ուղղակի, այսօրվա մեր արտադրական կուլտուրայով, հենց նույն արտադրողականությամբ, ստանդարտացման մակարդակով, տեխնիկական կանոնակարգերով և այլ համակարգերով մենք չենք կարող շատ արագ մտնել եվրոպական շուկա: Մենք կարող ենք մտնել դեպի Եվրասիական շուկա, և այն շատ ավելի մեծ է»: