Կայացել է վենչուրային համաժողովը և ամփոփվել են «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) ամենամյա վենչուրային համաժողովը և ամփոփվեցին «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
Համաժողովը կազմակերպվել էր Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամի (CRDF Global) համատեղ ջանքերով:
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
Նրա խոսքերով` ՀՀ կառավարությունը կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը և այդ ոլորտին աջակցություն է ցուցաբերվում, այդ թվում նաև օրենսդրական մակարդակով, իսկ նմանատիպ միջոցառումները նպաստում են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ենթակառուցվածքի ստեղծմանը։
«Այս միջոցառումը ֆինանսավորվում է պետական բյուջեի սուղ միջոցներից, բայց սա նպաստում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ենթակառուցվածքների զարգացմանը: Աջակցության ծրագրերը հիմնականում ուղղված են տեխնոլոգիական կենտրոնների ստեղծմանը, պետական-մասնավոր համագործակցության կազմակերպմանը, և դրանց արդյունքներն ակնառու են: Այն նախագծերի հեղինակները, որոնք հաղթող չեն ճանաչվի, պետք է իմանան, որ նրանց գաղափարները չեն կորչի, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նորարարական ներդրումային նախագծերի տվյալների բազայի ստեղծման ծրագիր է սկսում։ Հետագայում պոտենցիալ ներդրողների հետ կայանալիք քննարկման ժամանակ դրանք անպայման կներկայացվեն»,- նշել Է.Տարասյանը։
«Այս տարի անցկացվող համաժողովի առանձնահատկությունը ծրագրի մասնակցության հայտերի թվի աճն է, ավելացել է նաև նախագծերի ուղղվածությունների քանակը։ Հետաքրքիր է նաև ժյուրիի կազմը, որի անդամները ոչ միայն կարող են փորձագիտական գնահատական տալ և դառնալ մենտոր, այլ նրանք նաև պոտենցիալ ներդրողներ են», – իր ելույթում նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը:
STEP ծրագիրն իրականացվում է 2006թ.-ից ի վեր` ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամի (CRDF Global) համատեղ ջանքերով:
«Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում:
STEP ծրագրի շրջանակում հայտարարված «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթին այս տարի մասնակցության հայտ էին ներկայացրել տեղեկատվական, հաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գյուղատնտեսության և մաքուր տեխնոլոգիաների ոլորտների 65 ծրագրեր: Նշված ծրագրերից ընտրված 15 ներդրումային ծրագրերը հայ հետազոտողների, նորարար թիմերի և սկսնակ ընկերությունների կողմից վենչուրային համաժողովի ընթացքում ներկայացվեցին հայ-ամերիկյան գնահատող հանձնաժողովի գնահատմանը:
«Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի հաղթող են ճանաչվել հետևյալ 5 ծրագրերը.
• «Ամպային տվյալների անվտանգություն», հեղինակ` Արամ Ջիլավյան,
• «ՄԱկվափոնիքս», հեղինակ` Անի Մկրտչյան,
• «ՍոլոԼըրն», հեղինակ` Դավիթ Քոչարյան,
• «Ֆորկիզ», հեղինակ` Արտակ Վարդանյան,
• «ԱտԴենտ», հեղինակ` Էդգար Եգանյան: