Բաժիններ՝

Տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությունը

Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը, շնորհավորելով մրցույթի բոլոր հաղթողներին, նշել է, որ «Համաշխարհային հմտություններ» միջազգային շարժման շարքում Հայաստանն իր ամուր և կայուն տեղն է գրավել:

Նախարարը նաև գոհունակությամբ շեշտել է մրցույթի անցկացման գործում միջազգային գործընկերների և տեղական կառույցների ընդլայնման փաստը` հույս հայտնելով, որ վերոնշյալ կառույցներն իրենց աջակցությունը կհայտնեն Հայաստանում մրցույթի կազմակերպիչներին:««Համաշխարհային հմտություններ» մրցույթը համաշխարհային մասշտաբով ունի մեծ հեղինակություն. պատահական չէ, որ մի շարք երկրներում մրցույթի բացման արարողությանը մասնակցում են երկրի առաջին դեմքերը:

Այսինքն` համաշխարհային մասշտաբով կարևորվում է միջին մասնագիտական կրթության կարևորությունը տնտեսության զարգացման գործում: Երկար տարիներ միջին մասնագիտական կրթությունը խորթ եղբոր կարգավիճակում է գտնվել հանրակրթության և բարձրագույն կրթության շարքում: Սակայն ներկայումս այն նոր զարթոնք է ապրում, որի վկայությունն են ոչ միայն այս մրցույթը և ընդլայնվող արտաքին կապերը, այլ նաև կատարված խորքային բարեփոխումներն այս ոլորտում:

Մասնավորապես, պետպատվերի տեղերի ավելացումը, նյութատեխնիկական բազայի համալրումը, կրթական ծրագրերի վերանայումը, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, ընդունելության քննությունների հանումը և այլն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության և գիտության նախարարությունը կանի հնարավորը, որպեսզի Հայաստանը ներկայացնող մասնակիցները հավուր պատշաճի ներկայանան «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթում և մրցանակային տեղեր գրավեն:

Նախարար Արմեն Աշոտյանը մրցանակներ է հանձնել հաղթողներին:
Նշենք, որ 2014թ. նոյեմբերի 26-27ը կայացել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը երեք մասնագիտությունների գծով՝ Մեխատրոնիկա, Վեբ դիզայն և ՏՏ ցանցային համակարգերի կառավարում: 2013 թվականին առաջին փուլով կայացել էր մրցույթ Ոսկերչություն, Նորաձևության տեխնոլոգիա և Խոհարարություն մասնագիտությունների գծով: «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները՝ ընտրված երեք մասնագիտություններից, հնարավորություն կունենան մասնակցելու 2015 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթին:

Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալու և մրցակցելու իրենց հմտություններով 72 այլ երկրների ուսանողների հետ:

Համաշխարհային այս կառույցին` որպես հարող անդամ, Հայաստանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակներում:
«Հայաստանի հմտություններ» նախագիծը իր շուրջը միավորում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտին, ՄԿՈՒԶԱԿ-ին և սոցիալական գործընկերներին` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, Հայաստանի գործարարների (գործատուների) ու արդյունաբերողների միությանը, Հայաստանի գործատուների միությանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս