Բաժիններ՝

Մեր «Փոքրիկ Իշխանը» էլ չկա… զոհված զինվորի ընկերները՝ Արթուրի մասին. ԳԱԼԱ

Դեկտեմբերի 4-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացած զինծառայող 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը գյումրեցի է: Նախնական վարկածն այն է, որ Արթուրին հասցրել են ինքնասպանության: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Արթուրը ծառայությունից երբեւէ չի փորձել խուսափել: Ավելին, ինչպես հավաստում են ընկերները, մշտապես շատ լավ է  խոսել ծառայությունից: Միայն շտապել է. «Գնամ ծառայեմ, շուտ հետ վերադառնամ, գործեր շատ ունեմ»…  «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթակա՜ն, դեպի դարերը նորից, դեպի վառվող ապագան»,- չարենցյան այս տողերն են զարդարում զինվորի ֆեյսբուքյան էջը:

Բանակ մեկնելուց առաջ՝ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին է գրառում թողել. «Առաջ Աստված, լավ մնացեք»՝ իր հետ տանելով մտերիմների բարի մաղթանքը․ «Աստված հետդ»…

Արթուրի ընկերները կայքի թղթակցի հետ զրույցում շեշտել են, որ Արթուրը շատ լավատես երիտասարդ էր՝ լի կյանքով, հավատով, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվելու: Ասում են՝ հավասարակշռված էր, խելացի: Չեն կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ պետք է Արթուրը դիմեր նման քայլի, չեն հավատում, որ տղան ունակ էր ինքնասպանության:

«Արթուրի մահը շատ ցավոտ էր… երբ կարդում էի այդ մասին, չէի հավատում, հիմա էլ չեմ հավատում:  Արթուրը շատ հավասարակշռված, խելացի, գիտելիքներով հարուստ, միաժամանակ կատակասեր տղա էր, շատ շփվող էր, բարի, միշտ ժպտերես»,- պատմում է ընկերներից  մեկը:

«Շատ համեստ էր… ինքնասպանություն վարկածն ավելի ցավոտ է: Չգիտեմ՝ ինչ կարող է եղած լինի, սպասենք ստույգ եզրակացության: Բայց նման աշխարհայացքի տեր մարդը նման բան  չէր անի»:

Անի Մուրադյանը, ով շփվել է Արթուրի հետ դեռ վաղ մանկության տարիներից,  նշել է. «Շատ խելացի էր, նրբանկատ, կարելի է ասել՝ հանգիստ եւ մեղմ: Իրենից առաջ եղբայրն էր գնացել ծառայության: Ինքն էլ էր իր կամքով եղբոր նման որոշել գնալ ծառայելու: Շատ լավ տղա էր, դաստիարակված, միշտ չափի մեջ… ու շատ հասկացող: Չգիտեմ՝ ինչ է կատարվել, միգուցե եւ բանակում չի դիմացել ինչ-ինչ ճնշումների, բայց եւ չեմ կարող մտածել, որ ունակ էր ինքնասպանություն գործել: Շատ կյանքով լի էր…»:

«Ինքը հանգիստ, խելոք տղա էր, միշտ կարող էիր նրան դիմել, և նա անպայման կօգներ, հաճելի անձնավորություն, ով երբեք անտեղի չէր խոսի և անտեղի ոչ ոքի թթու խոսք չէր ասի… չգիտեմ էլ ինչ ասեմ, շատ լավ տղա էր»,-  ԳԱԼԱ-ին փոխանցել է Արթուր Մարգարյանի ընկերը՝  Գրիգոր Մկրտչյանը:

Համակուրսեցի Շուշանիկը պատմում է. «Արթուրը շատ ինքնամփոփ մարդ էր: Ես իրեն արդեն 3 տարի է ճանաչում եմ: Եթե անգամ նեղված էր լինում,  ոչ ոք չէր իմանա այդ մասին:  Արթուրի նման երկրորդը հաստատ չկա: Հավասարակշռված ու բարի էր, էս աշխարհից չէր, լիքը երազանքներ ու նպատակներ ուներ: Մեր Փոքրիկ Իշխանը էլ չկա եւ չեմ ուզում հավատալ այդ փաստին»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս