«Ազատամարտիկների դաշինքը» հանդես է եկել կոչ-հայտարարությամբ
Տեղի է ունեցել «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են հետագա անելիքներին, կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումները:
Ընդունել է հետևյալ կոչ-հայտարարությունը.
1. Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և դրանից բխող առաջիկա մարտահրավերները՝ «Ազատամարտիկների դաշինք»-ը համոզված է, որ հայ ժողովրդի և պետականության անվտանգության ապահովման առաջին և հիմնավոր գրավականը՝ Հայաստանի Հանրապետությունում արմատական իշխանափոխությունն է և ժողովրդավարության ու արդարության վերականգնումը:
2. Գիտակցելով պատասխանատվությունը հայ պետականության պահպանման և սերունդների վաղվա օրվա անվտանգության ապահովման գործում՝ «Ազատամարտիկների դաշինք»-ը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին համախմբման՝ համարելով, որ համաժողովրդական շարժմանը գործուն մասնակցություն ցուցաբերելը, անկախ դիրքից կամ կուսակցական պատկանելությունից, ամեն մի հայի սրբազան պարտքն է:
3. «Ազատամարտիկների դաշինք»-ն իր առջև դրված խնդիրների լուծման գործընթացում պատրաստ է համագործակցելու բոլոր այն կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նպատակ ունեն համաժողովրդական շարժման միջոցով օր առաջ հասնելու արմատական իշխանափոխության:
4. «Ազատամարտիկների դաշինք»-ը պատրաստակամ է շարունակել համերաշխության միջնորդ հանդիսանալ և կամուրջի դեր կատարել սույն գործընթացին մասնակից ցանկացած ուժերի միջև՝ նպատակ ունենալով միահամուռ ուժերով հասնել արմատական իշխանափոխության, հետագայում ապահովելով արդար և թափանցիկ ընտրությունների գործընթացը, հաստատել իրավունքի գերեկայություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար:
5. «Ազատամարտիկների դաշինք»-ը համերաշխ է իշխանափոխության համաժողովրդական պահանջին և կոչ է անում այս խնդրի շուրջ համախմբված քաղաքական, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել վճռականություն, չսասանել ժողովրդի հավատը:
Մենք լիահույս ենք, որ Հայաստանի պատկան մարմինները և ուժային կառույցները այսուհետ կգործեն սահմանադրության և օրենքի շրջանակներում՝ ապահովելով հայ ժողովրդի ազատ կամարտահայտվելու իրավունքը:
6. «Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարում է, որ չի հանդուրժի այն ուժերին, ովքեր կդավաճանեն համաժողովրդական շարժման գործընթացին:
7. «Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարում է, որ բռնի ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք, համաժողովրդական շարժման նկատմամբ, կարժանանա համարժեք պատասխանի: