ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի անգործությունը ժամանակավոր է
ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն հրապարակայնորեն ոչինչ չեն խոսում իշխանափոխության իրականացման մասին. մի ծրագրի, որի մասին իրենք հայտարարեցին դեռևս հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ և վերահաստատեցին հոկտեմբերի 24-ի հանրահավաքում:
ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն մատնվել են անգործության, քանի որ շտաբներ ձևավորելու մասին իրենց հայտարարություններին նույնիսկ իրենք են հումորով վերաբերվում: Եռյակի մյուս անդամը` «Ժառանգությունը», պատրաստվում է միայնակ իշխանափոխություն անել, և նրա երկու գործընկերները թաքուն չարախնդում են՝ կանխատեսելով, որ առանց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցության` Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում 500-1000 մարդ էլ չի հավաքի, և դրանով պարզ կդառնա նրա ղեկավարած կուսակցության իրական քաղաքական արժեքը և դրսևորվող քաղաքական ամբիցիաների անհամապատասխանությունը կուսակցության իրական քաղաքական կշռին:
Եռյակը նույնիսկ չկարողացավ իրականացնել իր վերջին հայտարարությունը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը քննարկելու նպատակով արտահերթ նստաշրջան հրավիրելու մասով: Երկու շաբաթ առաջ նման նստաշրջան հրավիրելու եռյակի որոշման մասին հայտարարել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Սակայն նման նստաշրջան հրավիրելու անհրաժեշտությունը վերացավ, քանի որ ՀՀԿ-ականները, ըստ էության, դեմ են Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: ՀՀԿ-ականները նման փոփոխությունների անցկացումը կապում են սահմանադրական փոփոխությունների իրականացման հետ:
ՀՀԿ-ականները գործարք են առաջարկում եռյակին՝ ուզում եք 100 տոկոս համամասնական ընտրակարգ, համաձայնեք սահմանադրական փոփոխությունների անցկացման հետ: Եռյակը մինչև վերջերս ցույց էր տալիս, որ ինքը գործարքի չի ուզում գնալ և առաջարկում է, որ ՀՀԿ-ն միակողմանի զիջման գնա Ընտրական օրենսգրքի հարցում: Հիմա, երբ եռյակի համար պարզ է, որ ՀՀԿ-ն չի ցանկանում գնալ միակողմանի զիջման, և Ընտրական օրենսգրքի իրենց ներկայացրած փոփոխությունների նախագիծը մերժվելու է, եռյակի ներկայացուցիչները չեն ցանկանում արտահերթ նստաշրջան հրավիրել, քանի որ չգիտեն, թե ինչ պետք է անեն, երբ այս նստաշրջանը ևս տապալվի: Հայտնվելով նման փակուղային վիճակում՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները փորձում են տարբեր բացատրություններ ներկայացնել, որոնք կարող են ինչ-որ կերպ արդարացնել իրենց անգործությունը:
ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ հոկտեմբերի 24-ից հետո հայտարարված դադարը պայմանավորված է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացով: ՀԱԿ անդամ պատգամավորները հայտարարում են, որ եթե եռյակը հիմա քաղաքական ակտիվություն դրսևորի, պահանջի իշխանությունների հրաժարականը, ապա դա կընկալվեր` որպես Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունը խոչընդոտող քայլ, որովհետև իշխանություններն այժմ զբաղված են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու անհրաժեշտ ընթացակարգերի իրականացմամբ:
Նրանք հնարավոր են համարում անգամ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կարող էին Մոսկվայից զգուշացնել, որ այս պահին Հայաստանում հանրահավաքներ անցկացնելն այնքան էլ նպատակահարմար չէ, մանավանդ որ՝ այդ հանրահավաքների մասնակիցներից ոմանք արտահայտվում են Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության դեմ: Այս պատճառաբանությունը ՀԱԿ-ին բավարարում է այնքանով, որ սրանով ցույց են տալիս, որ հանրահավաքներ չանցկացնելու հարցում իրենք ԲՀԿ-ի հետ համակարծիք են, և ոչ թե` պարտադրված են կատարել ԲՀԿ-ի կամքը:
Իհարկե, ՀԱԿ պատգամավորներն այս պատճառաբանության մասին խոսում են ոչ հրապարակայնորեն, այլ անձնական զրույցների ժամանակ, որովհետև նրանք չգիտեն հաջորդ հարցի պատասխանը՝ ինչպիսին կլինի իրենց և ԲՀԿ-ի վարքագիծը ԵՏՄ անդամակցության պայմանագիրը վավերացնելուց հետո: Որովհետև պայմանագրի վավերացումից հետո այլևս ոչինչ իրենց չի խանգարում անցնել իշխանափոխության իրականացմանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավորները խոսում են ոչ թե ամբողջական և համակարգային իշխանափոխությունից, այլ ավելի իրատեսական են համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Ըստ նրանց՝ հանրահավաքային պայքարը կարող է սկսվել միայն մայիսի վերջերից: Այս ժամկետը նրանք պայմանավորում են նրանով, որ ձմեռային ամիսներին հանրահավաքների կազմակերպումը նպատակահարմար չէ: Գարնան առաջին երկու ամիսներին Հայաստանում տեղի են ունենալու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ, և այն ժամանակ, երբ Հայաստանի հիմնական օրակարգը լինելու է Ցեղասպանությունը, իշխանափոխության կարգախոսներով մարդկանց փողոց հանելու կոչերը կարող են ոչ ճիշտ ընկալվել:
Բացի այս, ըստ ԲՀԿ-ականների՝ մինչև գարուն սառեցված են սահմանադրական փոփոխությունների հետ կապված բոլոր գործընթացները, և քանի դեռ իշխանություններն այդ գործընթացը սառեցնում են, իրենք պատրաստ են սառեցված պահել նաև հանրահավաքային պայքարը:
Ըստ ԲՀԿ-ականների, երբ կանցնի ցուրտ ձմեռը, կանցնի Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և իշխանությունները նորից կսկսեն խոսել սահմանադրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտության մասին, իրենք պատրաստ կլինեն ժողովրդին հանել փողոց և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ըստ էության, ԲՀԿ-ն կարող է համաձայնել սահմանադրական փոփոխությունների գաղափարի հետ միայն այն դեպքում, եթե իշխանությունները համաձայնեն լուծարել խորհրդարանը և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
ԲՀԿ-ականները համոզված են, որ նոր ընտրությունների դեպքում իրենք կկարողանան ունենալ մեծամասնություն, և, եթե անգամ կառավարման համակարգը փոխվի և դառնա խորհրդարանական, իրենք ունենալով խորհրդարանական մեծամասնություն` կդառնան իշխանության իրական տերը: Սա ԲՀԿ-ի պատկերացրած արտահերթ սահմանադրական իշխանափոխության տարբերակն է, որի մասին նրանք թեև բացահայտ չեն հայտարարում, սակայն հավատում են, որ ամեն ինչ հենց այդպես էլ լինելու է: