Հիրոմի Շինյայի` առողջ ապրելու բանաձևը
Հիրոմի Շինյան (Hiromi Shinya) հայտնի ճապոնացի բժիշկ-գաստրոէնտերոլոգ է, առողջ ապրելակերպին նվիրված մի քանի հանրահայտ գրքերի հեղինակ:
Ճիշտ սնվելու նրա ծրագիրն օգնել է առողջանալ Քևին Քլայնին, Սթինգին, Դասթին Հոֆմանին, Ճապոնիայի էքս-վարչապետ Նակասոնեին,Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեոն Եսակիին և շատ այլ հիվանդների:
Իր բժշկական գործունեության 40 տարիների ընթացքում նա ոչ մի մահվան վկայական չի լրացրել, թեպետ առիթ է ունեցել բուժել նաև օնկոհիվանդների:
Ըստ Հիրոմի Շինյայի` առաջին հերթին պետք է հրաժարվել առողջության համար կործանարար սովորություններից, ինչպես նաև վերանայել առողջ ապրելակերպի մասին նախկինում ընդունված համընդհանուր շատ մոտեցումներ:
Համաձայն բժշկի ուսումնասիրությունների` ինչքան շուտ է մարդը սկսում կենդանական ծագման սնունդ ընդունել, այնքան վաղ է սկսում հիվանդանալ:
Շինյան հատուկ ուշադրություն էր դարձնում կաթին: Նրան մեջ պարունակվող ճարպաթթուները բազմապատկում են աղիների վնասակար բակտերիաների թիվը` դրանով իսկ վնաս հասցնելով վերջիններիս միկրոֆլորային: Որպես հետևանք` հաստ աղիում ձևավորվում են ազատ ռադիկալներ, ինչպես նաև՝ այնպիսի թույներ, ինչպիսիք են ծծմբական ջրածինը և ամիակը: Արդյունքում` կաթը սադրում է ինչպես՝ ալերգիայի զանազան տեսակների ի հայտ գալը, այնպես էլ՝ ավելի լուրջ, հատկապես երեխաներին ախտահարող հիվանդություններ, որոնցից են լեյկեմիան կամ շաքարախտը:
Առողջ սննդակարգի ընդհանուր սկզբունքները
- Բանջարեղենային և մսային սննդի հարաբերությունը պետք է լինի 85-90% / 10-15% -ի: Հացահատիկային կուլտուրաները պետք է կազմեն սննդակարգի 50%-ը, բանջարեղենը և մրգերը` 35-40%-ը, իսկ միսը` 10-15%-ը:
- Հացահատիկային կուլտուրաները ցանկալի է ուտել չմաքրած:
- Ձուկը, որի մարմնի ջերմաստիճանը մարդու մարմնի ջերմաստիճանից ցածր է, նախընտրելի է մսից:
- Օգտակար են թարմ, վերամշակում չանցած մթերքները:
- Անհրաժեշտ է առավելագույնս սահմանափակել կաթի և կաթնամթերքի օգտագործումը:
- Ալերգիաների նկատմամբ զգայուն կամ լակտոզա չընդունող մարդիկ ավելի լավ է ընդհանրապես հրաժարվեն կաթնեղենից:
- Հարկավոր է խուսափել մարգարինից և տապակած սննդից:
- Պետք է երկար ծամել ուտելիքը և սնունդն ընդունել փոքր չափաբաժիններով:
Սովորությունը հզոր է գեներից
Ճիշտ սնվելու կուլտուրան կարող է գեներին ստիպել նորովի գործել:
- Ջուր խմեք ուտելուց 1 ժամ առաջ:
Ընդհանրապես ջուրը ցանկալի է խմել արթնանալուց անմիջապես հետո, ինչպես նաև յուրաքանչյուր ուտելուց 1 ժամ առաջ: Սա օրգանիզմի ջրի պահանջարկը լրացնելու լավագույն եղանակն է: Կես ժամվա ընթացքում ջուրը ստամոքսից կանցնի աղիներ, իսկ դա նշանակում է, որ այն չի խաթարի մարսողությունը:
Եվ այսպես, ջուր հարկավոր է խմել
- առավոտյան սոված փորին՝ 500-700 մլլ
- 500 մլլ՝ նախաճաշից 1 ժամ առաջ
- 500 մլլ՝ ճաշից 1 ժամ առաջ
Ձմռանը խմեք փոքր-ինչ տաք ջուր, ընդ որում` փոքր կումերով, որպեսզի օրգանիզմը չսառեցնեք:
Նրանք, ովքեր քիչ են ջուր խմում, հաճախ են հիվանդանում: Առողջ լինելու գրավականը շատ մաքուր ջուր խմելն է: Ջուրը խոնավացնում է բրոնխների մակերևույթը, ստամոքսի և աղիների լորձաթաղանթը (հատվածներ, որոնք ավելի զգայուն են բակտերիաների հարձակման նկատմամբ)` ակտիվացնելով նրանց պաշտպանական ունակությունները:
Երբ օրգանիզմում ջրի պակաս կա, լորձաթաղանթները չորանում են, և խորխն ու լորձը կպչում են շնչուղիների պատերին` վերածվելով վիրուսների և բակտերիաների համար նպաստավոր միջավայրի:
Ջուրը ոչ միայն արյան, այլև լիմֆատիկ անոթների բաղկացուցիչ տարր է: Եթե արյունատար անոթները համեմատում ենք գետերի հետ, ապա լիմֆատիկ անոթները մեր օրգանիզմի կոյուղագծերն են, որոնք օրգանիզմից ֆիլտրում, ջրի հետ միասին դուրս են բերում մարսողության մնացորդները: Լիմֆատիկ անոթներում կան պաշտպանիչ հակամարմիններ`գամմա-գլոբուլիններ, և էնզիմ լիզոցիմ, որոնք ունեն հակաբակտերիալ հատկություններ: Իմունային համակարգի նորմալ կենսագործունեությունը պարզապես անհնար է՝ առանց մաքուր ջրի:
Շատ կարևոր է հեղուկներ ընդունել հենց մաքուր ջրի տեսքով: Բանն այն է, որ այնպիսի խմիչքներում, ինչպիսիք են թեյը, սուրճը, կոկա-կոլան, գարեջուրը և այլն, պարունակվում են արյունը և բջիջները ջրազրկող նյութեր` շաքար, սննդային հավելումներ, կոֆեին, ալկոհոլ: Սրանք խտացնում են արյունը և ջրազրկում օրգանիզմը:
Թե՛ կանաչ, թե՛ սև թեյը ստամոքսում ատրոֆիկ փոփոխությունների պատճառ կարող են լինել և առաջացնել քրոնիկ գաստրիտ:
Պետք է հիշել, որ միսը չի ավելացնում կենսական էներգիան: Այն արագացնում է ոչ միայն զարգացումը, այլև ծերացման գործընթացը:
Մարդուն անհրաժեշտ սպիտակուցների (ձուկ, միս) օրական քանակն օրգանիզմի 1կգ-ին մոտավորապես 1գրամ է: Այսպես, 60կգ քաշ ունեցող մարդուն օրական հերիք է 60գ կենդանական սպիտակուց:
Եվ վերջում հիշե՛ք, որ բոլոր դեղերն այս կամ այն չափով թունավոր են: Ինչքան շուտ է ազդում դեղը, այնքան այն թունավոր է:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ