«Հարավային հոսք» գազատարի շուրջ ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև դիմակայության միակ հաղթողը Թուրքիան է. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել է Էնդրյու Ռոտի «Կրելով դիվանագիտական պարտություն` Պուտինը որոշեց համագործակցել Թուրքիայի հետ» խորագրով հոդվածը, որում անդրադարձ է կատարված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «Հարավային հոսք» գազատարի վիթխարի (22 միլիարդ դոլար) նախագծից հրաժարվելուն:

Ռոտն ընդգծում է, որ Հարավ-արևելյան Եվրոպայի երկրներին ռուսական գազով ապահովելու համար նախատեսված այդ նախագիծը դարձավ Արևմուտքի ու Ռուսաստանի` գնալով ավելի բարդացող հարաբերությունների զոհը. «Դա Պուտինի համար դարձավ դիվանագիտական պարտություն, ով որոշեց գազատարն ուղղել Թուրքիա:

Նա գազատարի կառուցման անհաջողությունը կորուստ համարեց Եվրոպայի համար ու Բրյուսելին մեղադրեց անզիջում լինելու մեջ: Թվում է, թե այդ որոշումը Օբամայի վարչակազմի ու ԵՄ-ի հատուկ հաղթանակն է, որոնք այս տարի իրենց բավական անօգնական են դրսևորել, երբ Պուտինը բռնակցեց Ղրիմն ու ապստամբություն բորբոքեց Ուկրաինայի արևելքում:

Ուկրաինայի հակամարտությունը մեծացրեց Եվրոպայի կողմից ճնշումը, որը հանդես էր գալիս խողովակաշարի դեմ, և հունիսին դադարեցվեց Բուլղարիայում դրա կառուցումը: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ այն բանից հետո ինչ ուժեղացավ դիվանագիտական ու տնտեսական ճնշումը, Պուտինն անձամբ որոշեց չեղյալ հայտարարել նախագիծը:

Եթե այս իրավիճակում կա հաղթող, ապա դա Թուրքիան է, որը Չինաստանի նման օգտագործեց Արևմուտքի ու Արևելքի միջև պառակտումը` ստանալու համար արտոնյալ գներով էներգակիրների երկարաժամկետ մատակարարումներ:

Երկուշաբթի Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ մամլո ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարեց, որ Թուրքիան կստանա գազային զեղչ (առայժմ 6 տոկոսանոց, Թուրքիան պահանջում է 15 տոկոսանոց զեղչ) և տարեկան հավելյալ երեք միլիարդ խորանարդ մետր գազ»:

Տեսանյութեր

Լրահոս