
Հարավային Կորեան ամանորյա տոնածառ կտեղակայի ԿԺԴՀ-ի հետ սահմանին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի իշխանություններն այսօր հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի սահմանի մոտ տեղակայելու են ամանորյա խոշոր տոնածառ: Պաշտպանության նախարարությունն ընդունել է Քրիստոնեական համայանքի պլանը՝ կապված տոնածառի տեղակայման ու երկու շաբաթվա ընթացքում դրա լուսավորման հետ:
ՊՆ-ն ընդգծել է, որ տվյալ որոշումն ուղղված է կրոնական ազատությունների ապահովմանը: Հոկտեմբերին Սեուլը ստիպված էր եղել ապամոնտաժել աշտարակի տեսք ունեցող 43-ամյա տոնածառը, քանի որ այն ուժեղացնում էր ԿԺԴՀ-ի հետ լարվածությունը:
ԿԺԴՀ-ի իշխանություններն ամանորյա տոնածառի տեղակայումը որակել էին որպես ռազմական քարոզչություն: Աշտարակը գտնվում էր սահմանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա և տեսանելի էր ԿԺԴՀ-ի սահմանային քաղաքներից: ԿԺԴՀ-ում ընդունված չէ տոնել Ամանորը: