Եգիպտոսի դատախազությունը բողոքարկելու է Մուբարաքին արդարացնող դատավճիռը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթը հանձնարարել է պատրաստվել Կահիրեի քրեական դատարանի կայացրած որոշումը բողոքարկելուն, որն առնչվում է Հոսնի Մուբարաքի ու նրա երկու որդիների դեմ ներկայացրած մեղադրանքները հանելուն՝ կապված 2011 թվականի իրադարձությունների հետ:
Եգիպտոսի դատախազությունը նաև բողոքարկելու է ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի ու նրա մերձավոր օգնականներին արդարացնելու մասին դատավճիռը, որոնք նույնպես անցնում են 2011 թվականին ցուցարարների սպանության գործով:
Նոյեմբերի 29-ին Կահիրեի դատարանը հանել էր Հոսնի Մուբարաքի ու նրա երկու որդիների դեմ ներկայացված մեղադրանքները՝ կապված 2011 թվականին եգիպտական հեղափոխության օրերին ցուցարարների զոհվելու հետ: Արդարացվել էին նաև տվյալ գործով անցնող ներքին գործերի նախկին նախարարն ու նրա մերձակա օգնականները: