Բաժիններ՝

Իսկ նրանք հավատում էին դրամին

Դոլարը երեկ նորից թանկացավ։ Դեկտեմբերի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմեց 438.62 դրամ։

Ուրբաթ օրվա համեմատ դոլարը թանկացավ 0.92%-ով կամ 4 դրամով։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 437 դրամով, վաճառվում` 446-447 դրամով:

Առքի և վաճառքի գնի տարբերությունը հասնում է 9-10 դրամի, ինչը խոսում է այն մասին, որ անորոշությունն ավելի է խորանում, և ֆինանսական շուկայի խաղացողները սպասում են դրամի հետագա արժեզրկման։

Սակայն անհանգստանալ պետք չէ։ Եթե հիմք ընդունենք ԿԲ-ի պարզաբանումը, ապա հակառակը` պետք է ուրախանանք։ Հիշեցնենք, որ ըստ այդ հայտարարության` դրամի արժեզրկումը նպաստում է տնտեսական աճին, արտահանմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

Իհարկե, կա մարդկանց մի խավ, որն ուրախանալու որևէ պատճառ չունի։ Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր ունեն արտարժութային վարկեր, սակայն եկամուտներ են ստանում ՀՀ դրամով։

varker-avandner

Դոլարային վարկեր ունեցողները կորցնում են դրամի արժեզրկման պատճառով։ Այս մասին վերջին օրերին շատ է գրվել։ Սակայն չէր խանգարի թվային տվյալներով հասկանալ` ինչ կարգի կորուստների մասին է խոսքը։

Դոլարային (կամ այլ արտարժույթով) վարկեր ունեցող անձանց քանակի մասին տվյալներ չկան։ Փոխարենը` հայտնի է արտարժութային վարկերի ծավալն ու դրանց փոփոխությունը։

Վերջին 5-6 տարիների ընթացքում ՀՀ առևտրային բանկերը զգալիորեն մեծացրել են իրենց տարադրամով վարկերի պորտֆելը։ 2010թ. հունվարից մինչև 2014 թվականի հոկտեմբերի վերջ ՀՀ բանկերի կողմից տրամադրված տարադրամով վարկերի ծավալն աճել է 3.1 անգամ` 358 մլրդ դրամից հասնելով 1 տրիլիոն 114.1 մլրդ դրամի։

Դրամային վարկերի ծավալը նույնպես աճել է, սակայն ավելի թույլ տեմպով` 1.9 անգամ (348.1 միլիարդից հասնելով 670.4 միլիարդ դրամի)։

Տարադրամով տրված վարկերի կշիռն այսօր առևտրային բանկերի վարկային պորտֆելում գերազանցում է 60%-ը, այն դեպքում, երբ 2010 թվականի սկզբին դրամային և դոլարային վարկային պորտֆելները գրեթե հավասար էին։
Սա նշանակում է, որ 2009 թվականի մարտի դրամի կտրուկ արժեզրկումից հետո բանկերը սկսել են նախապատվությունը տալ տարադրամին։ Պատճառները տարբեր են։ Դրանցից մեկն այն է, որ բանկերը վարկային ռեսուրսները ներգրավում են հիմնականում արտաքին աշխարհից` տարադրամով։ Հետևաբար, վարկավորումն իրականացնում են նույնպես տարադրամով` փոխարժեքի տատանման ռիսկը թողնելով վարկառուների ուսերին։

Սակայն անկախ պատճառներից` պետք է փաստել, որ բանկերն այնքան էլ չեն վստահել հայկական դրամին։ Իսկ վարկառուները, որոնք 1.1 տրիլիոն դրամի դոլարային վարկեր ունեն, այս օրերին հասկացան, որ իրենց վարկային բեռը մի քանի օրվա մեջ զգալիորեն ծանրացավ։

Կարող ենք մի կոպիտ հաշվարկ անել` հասկանալու համար, թե որքանով է ծանրացել այդ բեռը։ 1 տրիլիոն 114.1 մլրդ դրամը հոկտեմբերի վերջին համարժեք էր 2 միլիարդ 717.4 միլիոն դոլարի։ Սա արտարժութային վարկերի ծավալն էր։ Այդ 2 միլիարդ 717.4 միլիոն դոլարը դրամային արտահայտությամբ այսօր արժե 1 տրիլիոն 190.2 միլիարդ դրամ։ Այսինքն, դրամային արտահայտությամբ արտարժութային վարկերի ծավալն աճել է 76 միլիարդ դրամով։

Սակայն պատկերն առավել ուշագրավ է դառնում, երբ դիտարկում ենք նաև եռանկյունու երրորդ կողմի` ավանդատուների վարքագիծը։

Այո, արտարժութային ավանդներն ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն այսօր, քան դրամային ավանդները (60%-ը` 40%-ի դիմաց)։ Սակայն վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ ռեզիդենտներն ավելի մեծ նախապատվություն են սկսել տալ հայկական դրամին։
Այսպես, 2010-ի սկզբին այդ հարաբերակցությունը 70/30 էր։ 2010 թվականի հունվարից մինչև 2014թ. հոկտեմբեր ՀՀ դրամով ավանդների ծավալն աճել է 3.2 անգամ` 158.9 միլիարդ դրամից հասնելով 518.7 միլիարդի։ Իսկ արտարժութային ավանդներն ավելի են 2 անգամ` 369.8 միլիարդ դրամից հասնելով 734.7 միլիարդ դրամի։

Ինչպես տեսնում եք, ավանդատուները` ի տարբերություն բանկերի, ավելի շատ են վստահել հայկական դրամին։ Ընդ որում, վստահել են 2009 թվականի մարտյան արժեզրկումից հետո, երբ ՀՀ դրամը կտրուկ արժեզրկվեց։
Թե ինչ շահեցին նրանք` դժվար է ասել։ Դրամի արժեզրկումը հօդս ցնդեցրեց այն օգուտը, որ նրանք ստանում են` որպես տոկոսավճար։ Ու սրանից հետո դժվար է ասել, թե ավանդատուներից քանի՞սն իրենց խնայողությունները բանկում դնելիս նախապատվությունը կտան հայկական արժույթին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս