Աշխարհի ամենաթանկարժեք նկարներից մեկի արտասովոր պատմությունը
1904թ. Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը` սուլելով ինչ-որ երաժշտություն, քայլում էր ճանապարհով: Երբեմն կանգ էր առնում և հարգալից գլուխ տալիս հանդիպած պարոններին:
Նա արդեն ամեն ինչ հստակ որոշել էր: Իհարկե, սկզբից ցանկանում էր սպանել նրան, բայց հրեական ընտանիքում ընդունված չէ դավաճանության պատճառով սպանել կնոջը: Բաժանվել ևս չէր կարող, որովհետև հրեական ընտանիքում դա էլ ընդունված չէ: Հատկապես այնպիսի ընտանիքում, ինչպիսին նրանն ու իր կնոջ` Ադել Բլոխ-Բաուերինն է:
Չէ՞ որ այդ ամուսնությանն իրենց հավանությունն էին տվել երկու կողմերի ծնողներն էլ: Ադելի հայրը` Մորից Բաուերը, որը խոշորագույն բանկիր էր և Ավստրիական բանկիրների ասոցիացիայի ներկայացուցիչ ու իր աղջիկների համար փնտրում էր արժանավոր փեսացուներ, ընտրել էր հենց Ֆերդինանդ և Գուստավ Բլոխ եղբայրներին, որոնք զբաղվում էին շաքարի արտադրությամբ և ունեին մի քանի ձեռնարկություններ, որոնց բաժնետոմսերն անդադար աճում էին: Կապիտալների միացումից հետո երկու ընտանիքներն էլ դարձան Բլոխ-Բաուեր:
Իսկ հիմա Եվրոպայի խոշորագույն շաքար արտադրող ընկերության ղեկավարը` Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը, քայլում էր ու մտքում քննարկում կնոջ և նկարիչ Գուստավ Կլիմտի սիրավեպը:
Մի անգամ երազում նա տեսել էր, որ շաքարի կայսրությունը բաժանվում է շաքարի փոքրիկ կտորների, որոնք փոքրիկ մարդուկները խլում էին իրենից, իսկ Գուստավին մնում է միայն կնոջ դիմանկարը:
Նա կպատվիրի Կլիմտին անել Ադելի դիմանկարը, և թող Կլիմտը 100 էսքիզ անի, թող Ադելը տեսնի, թե ինչպես է հանգչում նրա միջի կրակը, թող հասկանա, թե ում հետ է փոխել Ֆերդինանդ Բլոխ-Բաուերին:
Ֆերդինանդը որոշեց պատվիրել դիմանկարն ու այն անվանել «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը», այսպիսով` ապահովելով իր ազգանվան հարատևությունը: Իշխանությունների շրջանում Կլիմտը շատ պահանջված ու նորաձև նկարիչ էր, նրա նկարները լավագույնն էին կապիտալի ներդրման համար, և Ֆերդինանդը դա շատ լավ էր հասկանում:
Ադելը ռոմանտիկ կին էր. կարդում էր դասական գրականություն` չորս լեզուներով, և տարօրինակ կերպով պահպանում քնքշություն` միլիոնատիրուհու հպարտ կեցվածքում: Ամուսնական կյանքում Ադելն իրեն զվարճացնում էր` պահելով նորաձության սրահ, որտեղ հավաքվում էին պոետներ, նկարիչներ և Վիեննայի ամբողջ լուսավորյալ հասարակությունը: Այնտեղ էլ ծանոթանում է Գուստավի հետ:
Մտնելով հյուրասենյակ` Ֆերդինանդն առաջարկեց Ադելին փոխել հագուստը, քանի որ Կլիմտին հրավիրել էր ճաշի: Կլիմտի անունը լսելիս` Ադելը բռնկվեց, ինչը չվրիպեց Ֆերդինանդի աչքից: Գուստավ Կլիմտը չուշացավ և, համենայնդեպս, իր հետ վերցրել էր նկարի շրջանակ: Հետաքրքիրն այն է, որ նա միշտ շրջանակից էր սկսում:
Նրա եղբայրը պատրաստում էր գեղեցիկ շրջանակ, իսկ Կլիմտն այնտեղ տեղադրում էր իր շեդևրը:
Տեսնելով պայմանագրի գումարի չափը` Գուստավ Կլիմտն անգամ չկարդաց այն և միանգամից ստորագրեց: Նա, իհարկե, ենթադրում էր, որ հանճարեղ նկարիչ է, բայց այն գինը, որ առաջարկում էր Ֆերդինանդը, ուղղակի շշմեցնող էր:
Դիմանկարի համար Կլիմտն արեց մոտ 100 էսքիզ և, իհարկե, աշխատանքն ավարտեց 4 տարվա ընթացքում: Ֆերդինանդը գոհ էր: Նկարն ավարտված էր և ամբողջովին համապատասխանում էր իր մտադրությանը: Ադելն ու Ֆերդինանդը նկարը փակցրին իրենց Վիեննայի տան հյուրասենյակում:
Ակնհայտ էր, որ Ադելի ու Կլիմտի հարաբերությունները սառեցին: Նկարի վրա աշխատանքը սկսելուց որոշ ժամանակ անց Ադելը հիվանդանում է, և Կլիմտը ստիպված էր ընդմիջումներ անել աշխատանքում: Ադելը հիվանդ էր, դրա հետ մեկտեղ` շատ էր ծխում և հաճախ ողջ օրն անցկացնում էր անկողնում: Աստված այդպես էլ նրան ու Ֆերդինանդին երեխաներ չտվեց: Երեք անգամ նա փորձեց երեխաներ ունենալ, բայց ամեն անգամ երեխան մահանում էր:
Իր ողջ մայրական սերն Ադելը փոխանցեց քրոջ երեխաներին, հատկապես առանձնացնելով իր զարմուհի Մարիա Բլոխ-Բաուերին: Մարիան հաճախ էր այցելում մորաքրոջը, նրանք քննարկում էին վիեննական վերջին նորաձևությունը, ինչպես նաև Կլիմտի նկարները, որոնցից արդեն 6 հատ հավաքվել էր Ադելի ու Ֆերդինանդի տանը: Ֆերդինանդն իր ժամանակն անցկացնում էր շաքարի կայսրությունում: Նա այդպես էլ չասաց Ադելին, որ գիտեր նրա ու Գուստավի հարաբերությունների մասին:
Ժամանակն անցնում էր, մոտենում էր Առաջին համաշխարհային պատերազմը: Կլիմտի կյանքի ոսկե շրջանն ավարտվեց` տեղը զիջելով ընկճված նկարների` մահվան ու աշխարհի վերջի պատկերներով: Կլիմտը շատ ծանր էր տանում աշխարհում կատարվող իրադարձությունները: Պատերազմը նրա վրա մահացու ազդեցություն ունեցավ, և 52 տարեկան հասակում` 1918թ., Կլիմտը հանկարծամահ եղավ իր արվեստանոցում` մշտական ուղեկցորդուհու` Էմիլի Ֆլեգեի ձեռքերում:
Ադելն ապրեց ևս 7 տարի ու մահացավ 1925թ. մենինգիտից: Մահից առաջ Ադելը Ֆերդինանդին խնդրեց կտակել երեք նկարներ, այդ թվում` «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը» («Ոսկե Ադել»), վիեննական թանգարանին: Ֆերդինանդը միայնակ էր ապրում, նրա կյանքը գնալով ծանրանում էր, որովհետև 1938թ. Ավստրիան մտավ Գերմանիայի կազմի մեջ, և նացիստները սկսեցին իրենց որսն ավստրիական հրեաների վրա: Նույն թվականին Ֆերդինանդին հաջողվում է փախչել Շվեյցարիա` թողնելով իր ողջ կարողությունը եղբոր ընտանիքին:
Նկարը մնաց հյուրասենյակում: Մոտենում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը: Այնուհետև նկարի ճակատագիրն անցնում է Մարիա Բլոխ-Բաուերի ձեռքը, որն ամուսնանալուց հետո դարձավ Մարիա Ալթման:
Ֆերդինանդի փախուստից ու ամուսնու` Ֆրեդերիկ Ալթմանի աքսորից հետո, գեստապոյականները խուժեցին Մարիայի Վիեննայի առանձնատուն ու վերցրին ամեն թանկարժեք բան: Մարիան ոչինչ չէր ափսոսում ու միանգամից ստորագրեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնցում հրաժարվում էր շարժական ու անշարժ գույքից: Նա պատրաստ էր ամեն ինչի, միայն թե փրկեր ամուսնուն մահվան ճիրաններից:
Մարիան սպասում էր, որ շուտով կխլեն նաև «Ոսկե Ադելին»:
Նա ամենևին չզարմացավ, երբ նկարի հետևից հսկիչների խմբի հետ եկավ իր դպրոցական ընկեր Ալոիս Կունստը, ով համագործակցում էր ֆաշիստների հետ` հավաքելով նրանց համար գեղանկարչության հավաքածու, որի մի մասը հանգրվանում էր Երրորդ Ռեյխստագի պահոցներում ու նկուղներում: Երբ Մարիան հարցնում է, թե ինչպես է կարողացել դառնալ դավաճան, Ալոիսը պատասխանում է, որ այդպես Ավստրիայի համար ավելի շատ բան է անում:
Ադոլֆ Հիտլերը դրական էր վերաբերվում Գուստավ Կլիմտի ստեղծագործություններին: Նա և Կլիմտը հանդիպել էին, երբ Հիտլերը փորձում էր ընդունվել Վիեննայի գեղանկարչության ակադեմիա: Կլիմտն այդ ակադեմիայի պրոֆեսոր էր: Այդ ժամանակ Հիտլերն ապրուստի միջոց էր վաստակում` նկարելով Վիեննայի տեսարաններն ու դրանք զբոսաշրջիկներին վաճառելով:
Նա գալիս է Կլիմտի մոտ` իր աշխատանքները ցույց տալու և նկարչության մի քանի դաս ստանալու: Կլիմտը Հիտլերին ասում է, թե նա հանճար է և դասեր առնելու կարիք չունի: Հիտլերը Կլիմտի մոտից բավարարված դուրս է գալիս ու ընկերներին հայտարարում, որ իրեն ընդունել է ինքը` Գուստավ Կլիմտը: Իսկ Գեղարվեստի ակադեմիա Հիտլերն այդպես էլ չընդունվեց, նրա փոխարեն այնտեղ ընդունեցին Օսկար Կոկոշկին, որն ազգությամբ հրեա էր: Գուցեև դրա համար էր մի առիթով Հիտլերն ասել, որ ատելությունը հրեաների հանդեպ զուտ անձնական է:
Կլիմտի գործերին այդ ատելությունը չդիպավ: Հրամայված էր դրանք պահպանել` չնայելով նկարչի հրեական ծագմանը: Երբ «Ոսկե Ադելը» հեռանում է հարազատ տնից, առաջնորդն այն չի ընդունում իր հավաքածուում. Ադելն ակնհայտ հրեուհի էր, իսկ այդպիսի նկարը չէր կարող լինել ո՛չ Ռեյխստագում, ո՛չ էլ ֆաշիստական Գերմանիայի այլ վայրերում: Հենց դրա համար պետք է սրել ուշադությունն Ադելի արտաքինի վրա, որը նկարը փրկեց կործանումից: Նկարն անհետացավ: Ոչ ոք չգիտի` որտեղ է եղել Ադելի դիմանկարը ողջ պատերազմական տարիներին:
Խնամքով պահպանվելով Ալոիս Կունստի կողմից, իդեալական վիճակում այն հայտնվեց պատերազմի ավարտից հետո և հանգրվանեց Վիեննայի կենտրոնական թանգարանում: Իսկ Ալոիս Կունստը դարձավ այդ թանգարանի տնօրենը` շարունակելով պահպանել իր սիրելի մասունքները:
Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը մահացավ 1945թ. նոյեմբերին` միայնության մեջ:
Հարազատներից ոչ ոք չկարողացավ նրան առաջնորդել դեպի վերջին ուղի: Մարիայի ու ամուսնու բախտը բերեց. Գեստապոյի քննիչն Ալթմանի ծանոթն էր, և նրանք փախան կեղծ փաստաթղթերով ու սկզբից հանգրվանեցին Անգլիայում, ապա ԱՄՆ-ում: Որոշ ժամանակ անց Մարիան ստացավ Ամերիկայի քաղաքացիություն:
Ամեն ինչ հանգիստ էր մինչև այն պահը, երբ լրագրող Հուբերտուս Չերնինը փորփրեց Ֆերդինանդ Բլոխ-Բաուերի` մահից առաջ Շվեյցարիայում թողած կտակը, որը հերքում էր մինչ այդ եղած բոլոր կտակները: Այնտեղ Ֆերդինանդն իր ողջ կարողությունը կտակում էր զարմիկներին, այսինքն` եղբոր` Գուստավ Բլոխ-Բաուերի երեխաներին: Այդ ժամանակ ողջ էր մնացել միայն Մարիան, բայց նա էլ արդեն գրեթե 80 տարեկան էր: Հուբերտուսը հասկացավ, որ իր աստեղային ժամը եկել է: Չնայած իր ազնվական ծագմանը` նա աղքատ էր, բայց սիրում էր ոտքերը վերմակից երկար մեկնել: Նա հասկանում էր, որ ամերիկացի միլիոնատիրուհին այդպիսի ինֆորմացիայի համար մեծ գումար կտա, ու այդպես էլ եղավ: Մարիան իրեն համարում էր նրա մշտական պարտապանը:
Ողջ Ավստրիան իրար է խառնվում: Ոստիկանությունում սպառնալիքներ են տեղում, որ նկարը կոչնչացվի, բայց Ամերիկա չի հասնի: Վերջիվերջո թանգարանի տնօրինությունը որոշում է «Ոսկե Ադելին» թաքցնել պահեստում: Զարմանալի է, բայց Ջորջ Բուշ կրտսերը նկարների մասին գործերին ընթացք չէր տալիս: Նա չէր ցանկանում փչացնել հարաբերություններն Ավստրիայի հետ: Մարիան իր կարողության համար պայքարեց 7 տարի: Դատավորները պատճառներ էին փնտրում այդ գործը չքննելու համար:
Բայց Մարիայի փաստաբանները հետաքննություն անցկացրին ու պարզեցին, որ Ֆերդինանդ Բլոխ-Բաուերն ուներ Չեխիայի քաղաքացիություն, և կարողացան գործը տեղափոխել Ամերիկայի դատարան, քանի որ ԱՄՆ-ի քաղաքացին իր փաստաթղթում խնդրում էր օրինականացնել Չեխիայի քաղաքացու կտակը: «Ի՞նչ կապ ունի այստեղ Ավստրիան»,- հարցնում էին նրանք, և պարզվեց, որ Ավստրիան ոչ մի կապ չունի: ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմամբ` Ավստրիան պարտավոր էր վերադարձնել Գուստավ Կլիմտի 5 նկարները, այդ թվում` «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը»` օրինական ժառանգին` Մարիա Ալթմանին:
Մարիան երջանիկ էր և չէր ստիպում, որ նկարները լքեին Ավստրիայի սահմանները: Նա խնդրեց վճարել իրեն դրանց շուկայական արժեքները: Բոլոր 5 նկարների համար նշանակված էր 155 միլիոն դոլար: Այդպիսի գումարն Ավստրիայի Մշակույթի նախարարության համար հսկայական էր: Երկրի ղեկավարությունը դիմում է ժողովրդին` հանգանակություն կազմակերպելու խնդրանքով, և շուտով գրեթե հավաքվում է պահանջվող գումարը:
Բայց նկարների շուրջ ստեղծված աղմուկը բարձրացնում է նրանց շուկայական արժեքը: Մարիա Ալթմանն ուներ Ավստրիայի պատմություն մտնելու եզակի շանս, եթե ցուցաբերեր ողորմածություն և թողներ Կլիմտի գործերն իր հայրենիքում, իհարկե, վերցնելով սկզբնական 155 միլիոն դոլարը: Բայց Մարիան որոշում է բարձրացնել գինը և պահանջում է 300 միլիոն դոլար:
«Ոսկե Ադելին» ճանապարհելու էին եկել Վիեննայի հազարավոր բնակիչներ, մարդիկ գալիս էին նաև ամբողջ Ավստրիայից: Որոշ մարդիկ նույնիսկ լաց էին լինում: Ադելի դիմանկարն Ավստրայի սիմվոլն էր համարվում մոտ 100 տարի:
Որոշ ժամանակ անց Մարիա Ալթմանը 135 միլիոն դոլարով վաճառում է «Ոսկե Ադելը» Ռոնալդ Լաուդերին` «Էստի Լաուդեր» պարֆյումերիական ընկերության սեփականատիրոջը: Ռոնալդ Լաուդերը «Ոսկե Ադելի» համար նոր տուն է կառուցում, որն անվանում են «Ավստրիական ու գերմանական արվեստի թանգարան»: Այսօր նկարը գտնվում է այնտեղ:
Մարիա Ալթմանը մահացավ 2011թ., երբ 94 տարեկան էր:
Իրադարձության բոլոր մասնակիցները գնացին այն աշխարհ, իսկ «Ոսկե Ադելը» ապրում է ու դարերով կապրի, ինչպես և ուզում էր Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը:
Ըստ adme.ru-ի` հրապարակումը պատրաստեց ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ