
Հռոմի պապը Թուրքիայում դատապարտել է «Իսլամական պետության» գործողությունները

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա կատարած այցի ժամանակ դատապարտել է Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» զինյալների հարձակումները քրիստոնյաների ու կրոնական մյուս փոքրամասնությունների վրա:
Հռոմի պապը գերազանցապես մուսուլմանաբնակ Թուրքիա է ժամանել, որպեսզի իսլամական առաջնորդներին համոզի առավել կոշտ դիրքորոշում որդեգրել «Իսլամական պետության» դեմ:
Ֆրանցիսկոսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նստավայրում հայտարարել է, որ ֆանատիզմն ու ֆունդամենտալիզմը, ինչպես նաև ոչ ռացիոնալ վախերը, որոնք նպաստում են անըմբռնողությանն ու խտրականությանը, պետք է հակազդեցության արժանանան բոլոր հավատացյալների համերաշխության շնորհիվ:
Ֆրանցիսկոսը բարձր է գնահատել Թուրքիայի կողմից մոտ 1.6 միլիոն փախստականներին օգնելը` հայտարարելով, որ միջազգային հանրությունն այդ հարցում պետք է օգնի Անկարային: Հռոմի պապը եռօրյա այցով Թուրքիա է ժամանել: Հռոմի պապն այսօր Անկարայից մեկնելու է Ստամբուլ, ուր և կհանդիպի Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղեմիոսի հետ: