Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը նախարար Նալբանդյանի ելույթին վկայում է նրանց մոտ փաստերի իսպառ բացակայության մասին. Տիգրան Բալայան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը վկայում է նրանց մոտ փաստերի իսպառ բացակայության մասին:

Այս մասին «Ֆեյսբուք»­ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը նախարար Նալբանդյանի՝ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում ելույթին խոսում է փաստերի իսպառ բացակայության մասին»,­ գրել է Բալայանը:

ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում հանդես է եկել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով, որի ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքներից է:

Նա նշել է, որ առերեսվելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպտագույն խախտմանը` Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված է եղել դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու համար խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և մյուս երկու օդաչուների մասունքները։

Նալբանդյանը նկատել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, որը մեկ անգամ ևս ակնհայտ է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ուղղաթիռի խոցման վերաբերյալ հրապարակած հայտարարությանն իր արձագանքից:

Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը` օրեցօր խորացնելով անդունդը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև: Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վստահության ամրապնդման միջոցների կիրառման վերաբերյալ, այլև գործում է դրանց հակառակ` կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը: Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք` Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար:

Տեսանյութեր

Լրահոս