Անհրաժեշտ է տարբերակված մոտեցում ցուցաբերել «Արևելյան գործընկերության» անդամների հանդեպ. Ռինկևիչս

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը երեկ Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլու հետ:

Հանդիպումից հետո Ռինկևիչսը հայտարարել է, որ Լատվիան ցանկանում է, որ մայիսի վերջին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը դառնա էլ ավելի կարևոր պահ՝ Եվրոպային Վրաստանի առավել սերտ ինտեգրման համար: 2015 թվականի առաջին կեսին ռոտացիոն սկզբունքի հիման վրա ԵՄ-ում նախագահելու է հենց Լատվիան:

Ռինկևիչսը, ով Լատվիայի նախագահ Անդրիս Բերժինսին ուղեկցում է նրա երկօրյա վրացական պաշտոնական այցի ժամանակ, Բերուչաշվիլու հետ հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրել է այն նպատակները, որոնց Լատվիան պլանավորում է հասնել 2015 թվականի մայիսի 21-22-ին կայանալիք Ռիգայի գագաթաժողովում.

«Առաջին հերթին կարծում եմ, որ Ռիգայում պետք է ճանաչվի Վրաստանի առաջընթացը: Մենք տեսնում ենք, որ Վրաստանը վիթխարի ջանքեր է գործադրել բարեփոխումների տեսանկյունից: Գոյություն ունեն նաև մի շարք ոլորտներ, որոնց վրա անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Խոսքը դատական համակարգի մասին է:

Անհրաժեշտ է, որ մենք տարբերակում մտցնենք մեր արևելյան գործընկերների համար, և ակնհայտ է, որ «Արևելյան գործընկերության» առաջնորդները Վրաստանն ու Մոլդովան են: Մենք կարծում ենք, որ Ռիգայի գագաթաժողովում պետք է հստակեցվի «ճանապարհայն քարտեզը», որը կապահովի ԵՄ-ի հետ այդ երկու երկրների խորը և ընդլայնված համագործակցությունը:

Լատվիան ցանկանում է, որ ԵՄ-ն Ուկրաինայի համար ունենա էական օգնության փաթեթ, ինչպես նաև «ճանապարհային քարտեզ», և շատ ճկուն հարաբերություններ ունենալ «Արևելյան գործընկերության» մնացյալ երեք անդամների՝ Հայաստանի, Բելառուսի ու Ադրբեջանի հետ:

Եվ երկրորդ՝ մենք հիրավի ցանկանում ենք, որ Ռիգայի գագաթաժողովը դառնա ազատականացման գագաթաժողով այն երկրների համար, որոնք կկատարեն (ԵՄ-ի) չափանիշները: Մենք ցանկանում ենք, որ Ռիգայի գագաթաժողովում գործարկվի Վրաստանի, հուսով ենք նաև Ուկրաինայի համար վիզաների ազատականացման ծրագիրը:

Նույնպես մեծապես ցանկանում ենք, որ նույնը տեղի է ունենա նաև Բելառուսի պարագայում: Բնականաբար, Բելառուսը մի փոքր ուշ է սկսել նախապատրաստական աշխատանքները, սակայն նրանք հասել են մեծ հաջողությունների»:

Տեսանյութեր

Լրահոս