Ծեծկռտուք Գյումրու «Ռիո» ակումբում
tsayg.am-ը գրում է. Նոյեմբերի 26-ի գիշերը ոստիկանության Կումայրիի բաժին “Գյումրի” բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ աչքի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել “Ռիո” ակումբի տնօրենը: Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նշված ակումբում երկու քաղաքացու միջև սկսվել է վիճաբանություն, վերջիններս գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ:
Սակայն երբ տնօրենը` 1977 թվականին ծնված Արտակ Միքայելի Շահինյանը, փորձել է միջամտել, վիճաբանությունն այլ ընթացք է ստացել ու վերածվել է ծեծկռտուքի: 1990 թվականին ծնված Սամվել Սայաթի Զիրոյանը գարեջրի շշով հարվածել է Արտակ Շահինյանին` պատճառելով մարմնական վնասվածք:
Վերջինս աչքի վնասվածքով տեղափոխվել է “Գյումրի” բժշկական կենտրոն, հետազոտվել է, ստացել ամբուլատոր բուժօգնություն: Վիճաբանության պահին բացի նշված անձանցից ակումբում եղել են միայն աշխատակիցները: Բոլորը հարցաքննվել են: Կատարվում է հետաքննություն: Նշենք, որ սա “Ռիո” ակումբում տեղի ունեցած միակ միջադեպը չէ: Այս տարվա սեպտեմբերի 27-ին` ժամը 01:30-ի սահմաններում, այնտեղ կրկին վիճաբանություն էր եղել, որի ընթացքում երկու քաղաքացի հարվածներ էին հասցրել միմյանց: