Վահրամ Բաղդասարյանը՝ եռյակին. «Եթե լավ չեն հասկացել՝ մենք պատրաստ ենք բացատրել երկրորդ անգամ»

«Իհարկե, դեմ ենք քվեարկելու»,- այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 168.am-ի այն հարցին, թե ինչպես է քվեարկելու ՀՀԿ խմբակցությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից ներկայացված որոշման նախագծի քվեարկության ժամանակ: Ռուբեն Հակոբյանը եռյակի կողմից ԱԺ էր ներկայացրել որոշման մի նախագիծ, որով առաջարկվում էր  ԱԺ-ին փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում, իսկ ԱԺ նախագահին՝ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներից ստեղծել հանձնաժողով, որը կնախապատրաստի այս փոփոխությունները: Նախորդ քառօրյայի ժամանակ այս որոշման նախագիծը սկսվեց քննարկվել, սակայն այն կիսատ մնաց և կշարունակվի քննարկվել դեկտեմբերի 1-ին մեկնարկվող այս տարվա վերջին քառօրյայի ժամանակ:

Իսկ մեր այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ունեն ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, որ իրենք պատրաստ են քննարկել Ընտրական օրեսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, եթե պետք է դեմ քվեարկեն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Քննարկելն այլ բան է, քվեարկելը՝ այլ: Մենք էլի ենք ասում, որ պատրաստ ենք քննարկել, բայց դեմ ենք քվեարկելու: Մենք իրենց մեկ անգամ բացատրել ենք, որ հիմա Ընտրական օրեսգրքում փոփոխություններ կատարելը համարում ենք ժամանակավրեպ, դա կարվի միայն սահմանադրական փոփոխություններից հետ: Եթե լավ չեն հասկացել՝ մենք պատրաստ ենք բացատրել երկրորդ անգամ»:

Հիշեցնենք, որ եռյակի անդամ կուսակցություները Ընտրական օրեսգրքում փոփոխությունների իրականացում են համարում նախապայման կառավարությանը ներկայացրած 12 կետերի կատարման շուրջ բանակցելու համար:

Տեսանյութեր

Լրահոս