«Սա շատ բարի լուր էր և հուսով եմ՝ դեռ չկայացած ԵՏՄ-ը կկազմալուծվի». Ալեքսանդր Արզումանյան

«Ցավոք սրտի, թե՛ իշխանությունը, թե՛ իշխանությունից դուրս գործող խորհրդարանական ուժերը բազմիցս հայտարարել են, որ կողմնակից են Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ը: Հայաստանում ընդունված է մտածել, որ Ռուսաստանն է որոշում Հայաստանի իշխանությունների փոփոխման ձևաչափը, ժամանակացույցը և այլն: Այդ առումով՝ քաղաքական ուժ, որը հավակնում է՝ իշխանություն ստանձնելու, ձգտում է սիրաշահել Ռուսաստանին և խուսափում այնպիսի արտահայտություններից ու գործողություններից, որոնք իրենց կարծիքով կարող են Ռուսաստանի դժգոհությունը առաջացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ նրա՝ այս մտայնությունը համատարած է, բայց, իհարկե, կան մի փոքր բացառություններ. «Դրանով է բացատրվում այդ ուժերի պասիվ մասնակցությունը քննարկումներին: Այդ քննարկումները ենթադրվում էին անցկացնել հնարավորինս լայն ընդգրկումով, բայց ինչպես տեսնաք՝ ոչ ՀԱԿ-ը և ոչ ԲՀԿ-ը մասնակցություն չունեցան և միակողմանի քննարկում գնաց» ,-նշեց նա:

Ա. Արզումանյանը նկատեց, որ վտանգների մասին քիչ է խոսվում և  ներկայացվում է, որպես զուտ տնտեսական պայմանագիր, ինչը շատ վտանգավոր է և թյուրմացության մեջ է գցում հասարակությանը. « Սա քաղաքական նախագիծ է, այդ մասին շատ է խոսվել: Չի խոսվում այն մասին, թե ո՞ւր ենք գնում , ի՞նչ է մեզ սպասվում:

Դեռ չկայացած ԵՏՄ-ն արդեն փլուզման նշաններ է ցույց տալիս. այս շաբաթվանից գործելու են Բելառուս-Ռուսաստան մաքսակետերը, որոնք զննելու են բոլոր այն ապրանքատեսակները, որոնց նկատմամբ Ռուսաստանը հակապատժամիջոցներ է նշանակել: Այսինքն՝ այս ամենն ապացուցում է  որ այդ երկիրը չի առաջնորդվում ստանձնած պարտավորություններով: Այդ երեք երկրների համար գործում է ՄՄ և այնտեղ կա մարմին , որը կոլեգիալ նման որոշումներ պետք է ընդունի: Բայց քանի որ Ռուսաստանին դա դուր չի գալիս, միանձնյա, միակողմանի, ինչ որ գերատեսչության միջոցով սահմաններ է վերաբացում, վերափակում: Սա ԵՏՄ-ի ապագան է, սրա մասին էի ես խոսում և հուսով եմ, որ սա շատ բարի լուր էր ու  կամաց-կամաց դեռ չկայացած ԵՏՄ-ը կկազմալուծվի»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս