«Միջազգային հանրության «դարդ ու ցավը» կողմերից որևէ մեկին պաշտպանելը չէ». Ալեքսանդր Արզումանյան
ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ուշացած չէ՞ր արդյոք ՀՀ Արգործնախարարի նախօրեին ունեցած ելույթը, ասաց, որ դիվանագիտությունը նուրբ կատեգորիա է և միշտ չէ, որ պետք է տեսանելի լինեն կատարված աշխատանքները.
«Ես վստահ եմ, որ դեսպանատներն իրենց հանձնարարականները ստացել էին և յուրաքանչյուր դեսպանատուն հյուրընկալ երկրում ծավալուն աշխատանք է կատարել: Հայտարարություններ անել կամ չանելը ոճ է նաև:
Այո՛, գուցե կարելի էր մեկ ամփոփ հայտարարությամբ անմիջապես հանդես գալ: Ես քննադատել եմ ԱԳՆ գործունեությունը օգոստոսյան սրումների ժամանակ, երբ դիվանագետների պասիվության ֆոնին ՀՀ Պաշտպանության նախարարությունն էր ստանձնել դրությունը միջազգային հանրությանը ներկայացնելու գործը, բայց այս պարագայում ամեն մեկն իր գործը կատարեց»,-ասաց նա:
Ա. Արզումանյանը նկատեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրաշալի է իրականացրել օպերացիան և ևս մեկ անգամ ցուցադրել է իր պրոֆեսիոնալիզմը: Նա կողմնակից չէ, որ հասարակությունը քննարկում է նման հարցերը.
«Յուրաքանչյուր մարդ, ով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր է, իր պարտքն էր համարում բացատրել, թե ո՞ւմ է պետք խփել ու ո՞ր ուղղությամբ: Դա վտանգավոր ու անընդունելի գործելաոճ է և ես ի սկզբանե կոչ եմ արել՝ թույլ տան պրոֆեսիոնալներին որոշել՝ ինչ պատասխանել ու որ պահին: Խոսում են նաև այն մասին, որ ԼՂՀ զինված ուժերի գործողություններն ուշացած էին:
Սա ֆուտբոլային խաղ չէ, որ մենք ասենք՝ գոլը ժամանակին խփեցին, թե՞ ոչ: Սա պատերազմական իրավիճակ է և խոսքը մեր զինվորների դիակները վերադարձնելու մասին է: Նման գործողությունները, որոնք բաց կրակի ներքո են իրականանում և շատ բարդ է իրականացնելը, ուղղակի նախապատրաստական փուլ են պահանջում, հստակ գործողություններ, որոնք չեմ կարծում, որ մենք՝ մեր դիլետենտական մակարդակով պետք է քննարկենք: Եթե այդ պահին է արվել, ուրեմն այդպես էր պետք»,-նշեց նա:
Եզրակացությունն այն էր, որ ՊՆ-ը իր աշխատանքը անթերի կատարեց, իսկ ԱԳՆ-ը գուցեև ունեցավ թերացումներ:
Խոսելով միջազգային հանրության արձագանքների մասին, Ա. Արզումանյանն ասաց, որ միջազգային հանրության «դարդ ու ցավը» կողմերից որևէ մեկին պաշտպանելը չէ, կարևորը անմիջապես արձագանքելն ու ուժի կիրառումը դատապարտելն է.
«Եթե ուշադիր կարդաք տեքստերը, ենթատեքստում հստակ երևում է՝ ո՞ւմ է ուղղված նրանց դժգոհությունը և չեմ կարծում՝ ճիշտ կլինի, որ որևէ միջնորդ կողմնակալ լինի»,-ասաց նա: