Տ. Կարապետյանը հերքում է իր նախկին ասածները՝ լրագրողներին ասելով՝ «Էնքա՜ն հորինելու մասնագետ եք»

«Ես շատ լավ եմ վերաբերվում այդ նախաձեռնությանը, ես կողմ եմ այդ նախաձեռնությանը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնության մասին՝ նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Դիտարկամանը՝ բայց Եռյակը դեմ է այդ նախաձեռնությանը, Տ.Կարապետյանն այսպես արձագանքեց. «Եթե Եռյակը իշխանափոխություն է պահանջում, ո՞նց կարող է դեմ լինի դրան»:

Մեր դիտարկմանն էլ՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն անուղղակիորեն անդրադարձել է դրան իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով՝ «Քաղաքական ուժերն ու գործիչները բաժանվել են երկու մասի` այնպիսիք, որոնք իշխանափոխություն են պահանջում և այնպիսիք, որոնք իշխանափոխություն են իրականացնում: Սովորաբար, կամ ավելի ճիշտ, միշտ, տարիներ անց այդ միայն պահանջողները հանգրվանում են հենց իշխանության ծոցում ու հենց նրա համար, որ միմիայն պահանջելով շեղում են բողոքական զանգվածի ուշադրությունը իրականում իշխանափոխություն անողներից: Կա մի շատ հստակ հատկանիշ, որով կարելի է «շեղողներին» բացահայտել` նրանք սովորաբար ինչ-որ պատճառաբանությամբ ոչ մի կերպ չեն միանում իրականում իշխանափոխություն անողներին, ինչպես նաև չեն ունենում համախոհների թիմ ու չեն տիրապետում լուրջ ռեսուրսների», Տ. Կարապետյանն այսպես արձագանքեց.

«Դե դա խորհրդարանական նախաձեռնություն է, մենք արտախորհրդարանական ուժեր ենք, մենք միանում ենք այն ուժին, որը գործողությամբ է… այո, գործողությամբ, կոնկրետ, ռեալ քաղաքական գործողությամբ գնում է առաջ»:

Մենք նաև հետաքրքրվեցինք Տ. Կարապետյանից, թե ինչպե՞ս են իրենք համագործակցում Եռյակի հետ այն դեպքում, որ նախկինում շատ բացասական էին արտահայտվում եռյակի անդամներից յուրաքանչյուրի հասցեին: Տ. Կարապետյանը պարզաբանեց, որ խնդիրն այն է, որ հարցը մեծ է, պետք է իրենց նախապատվություններն ու ամբիցիաները դնել մի կողմ և գործին «կպնեն». «Հարցը մեծ է, ուրեմն՝ մեծ հարցի շուրջ պետք է մարդիկ համախմբվեն, դա է ասում Ծառուկյանը՝ ասում է՝ թող համախմբվեն բոլորը, իսկ ով չի ուզում համախմբվել, ուրեմն՝ սեփական ամբիցիաներ ունի»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Գ. Ծառուկյանի ասածներին վստահելո՞վ եք միացել Եռյակին, Տ.Կարապետյանը դրական պատասխան տվեց: Մեր դիտարկմանն էլ՝ բայց նախկինում դուք ասում էիք, որ նրանք փողով ձայներ են գնում, ձգտում են պաշտոնների, որ ԲՀԿ-ն չի գնա առճակատման ՀՀԿ-ի դեմ, այլ կաջակցի գործող նախագահի թեկնածությանը՝ հույս ունենալով ապագայում ստանալ վարչապետի պաշտոնը, Տ. Կարապետյանն ասաց, որ ինքը դա չի ասել, ինքը միայն ասել է, ընտրության ժամանակ բոլորը փող են բաժանում. «Իսկ պաշտոնների ձգտելու մասով ես նման բան չեմ ասել: Ես չեմ ասել, որ Ծառուկյանը վարչապետ է ուզում դառնալ»:

Մեր նկատառմանը, որ նման հարապարակումները պահպանվել են, լրագրողները իր ասածներն են գրել, Տ. Կարապետյանը այսպես արձագանքեց.

«Դե դուք ամեն ինչ կգրեք, մտքներիդ զոռ եք տալիս»:

Դիտարկմանն էլ՝ հո չե՞ն հորինել, ձեր ասածն են գրել, Տ.Կարապետյանն ասաց. «Էնքա՜ն հորինելու մասնագետ եք»:

 

Տեսանյութեր

Լրահոս