Բաժիններ՝

Վիոլետա Գևորգյանը կրկին Հայաստանում է

ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր Վիոլետա Գևորգյանը 25 տարվա բացակայությունից հետո կրկին Հայաստանում է: Այս անգամ նրան հայրենիք է բերել 70-ամյակն այստեղ նշելու և երկարատև ընդմիջումից հետո ծննդավայրը նորից տեսնելու ցանկությունը:

«Եղավ այնպես, որ 70 տարի առաջ ես ծնվեցի, երջանկություն ունեցա ծնվելու: Հիմա ընկերներս, հարազատներս անակնկալ են մատուցել և որոշել են ծննդյանս 70-ամյակն այստեղ նշել»,- ասաց դերասանուհին:

Այդ բարեկամների, հարազատների թվում է եղել նաև Լոս Անջելեսի «Բարև» հեռուստածրագրի հեղինակ-վարող, լրագրող, ասմունքող Նունե Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ Վ. Գևորգյանն այն արտիստուհին է, ում ժողովուրդը միշտ է սպասում Հայաստանում. «Ես սիրելի դերասանուհուն առաջարկեցի այս հոբելյանական առիթը բաց չթողնել և Լոս Անջելեսում նշելուց հետո նշել նաև այստեղ՝ հայրենիքում: Շատ ուրախ եմ, որ Մշակույթի նախարարությունն անմիջապես արձագանքեց, և բոլոր հնարավոր դռները բացվեցին: Արդյունքում ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին առաջարկեցին բեմադրություն իրականացնել, և դերասանուհու ցանկությամբ դա կլինի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական մայր թատրոնում: Վաղը երեկոյան արդեն մենք ականատեսը կլինենք ժողովրդի ակնածանքին, խոնարհումին մեծ արտիստուհու առջև»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ԱՄՆ-ում իր բեմական, ստեղծագործական կյանքին՝ Վ. Գևորգյանն ասաց, որ այնտեղ իրենք մեկ-մեկ են դահլիճներ վարձում, խմբեր կազմում և ներկայացում խաղում, ինչը շատ ծանր է.

«Շուրջ 25 տարի ես սովոր էի ապրել թատրոնի կյանքով: Եթե մի օր ներկայացում չէի ունենում, ես հիվանդանում էի: Թատրոնն իմ կյանքն էր, որից ես զրկվեցի 1988 թվականին: Ես չէի պատկերացնում, որ կարող էի ապրել առանց թատրոնի, բայց տեսեք՝ ապրում եմ, և տեսքս էլ բավականին լավ է, իսկ թե ներսումս ինչ է կատարվում, դա միայն ես գիտեմ: Այնուամենայնիվ, ես ուզում եմ ժողովրդից ներողություն խնդրել, որ բացակայում եմ այսքան երկար-երկար ժամանակ»:

Պատասխանելով հարցին, թե այդքան սիրելով թատրոնը՝ ինչո՞ւ, ի վերջո, չի վերադառնում Հայաստան՝ դերասանուհին պատասխանեց, որ իրեն պարզապես չեն կանչում այստեղից, իսկ այնտեղ թոշակ է ստանում և իր համար ապրում:

Լրացնելով Վ. Գևորգյանի պատասխանը՝ Նունե Ավետիսյանն ասաց, որ այս մակարդակի դերասանուհուն պետք է կանչեն պետական մակարդակով և հենց Կառավարության կողմից.

«Ես չեմ ուզում ասել, թե ինչ դժվարությունների միջով է անցել հենց ինքը՝ Վիոլետա Գևորգյանը՝ կտրված իր թատրոնից, իր ժողովրդից: Դա պետք է իսկապես կառավարական մակարդակով լինի, և դրա համար երբեք ուշ չէ. տիկին Գևորգյանը փայլուն դերասանական հոգեվիճակում է»:

Պատասխանելով հարցին, թե հեռվից՝ օվկիանոսից այն կողմ, արդյոք հետևո՞ւմ է այստեղի թատերական կյանքին, իրադարձությունների զարգացմանը՝ արտիստուհին ասաց, որ չի հետևում, և ոչ թե այն պատճառով, որ չի ստացվում, այլ պարզապես չի ուզում, քանի որ նյարդայնանում է այն փաստից, որ ինքը չկա այնտեղ և անգամ նախանձով է նայում այստեղի դերասաններին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս