Ինչո՞ւ կտրուկ արժեզրկվեց դրամը
Այսօր հայկական դրամի կտրուկ արժեզրկումը հերթեր է գոյացրել տարադրամի փոխանակման կետերում: Բավականին երկար ժամանակ պահպանվող մոտ 410 դրամից դոլարի վաճառքի գինը միանգամից բարձրացել է մինչև 438 դրամ:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ 1 դոլարը 410 դրամ փոխարժեքն իրական չէր: Ըստ նրա՝ արտահանման և տրանսֆերտների ծավալի կրճատման արդյունքում դոլարի ծավալն է քչացել:
«Կենտրոնական բանկը որոշակի միջոցներ կձեռնարկի փոխարժեքի մակարդակը հետ բերելու համար: ԿԲ խնդիրը գնաճի նպատակադրումն է և սրանով ինքը ձախողում է այդ խնդրի կատարումը»,- ասաց Մ.Մելքումյանը:
Ըստ նրա՝ եվրո/դոլար հարաբերակցությունը ևս մի քիչ իջել է, բայց 1.24-1.25 միջակայքում է պահպանվում. «Դա տակտիկական խնդիր է: ԵՄ-ն իր ապրանքների իրացման համար մի քիչ արժեզրկում է եվրոն, հետո հերթը կգա դոլարին և այլն: Բայց մեզ մոտ դոլարի ներհոսքը էապես քչացել է, ինչի արդյունքում նման փոփոխություն եղավ»:
Թե ինչո՞ւ նման կտրուկ ձևով եղավ այդ փոփոխությունը, Մ.Մելքումյանը բացատրեց, որ սպեկուլյատիվ պահ էլ կա, այնպես չէ, որ 100% շուկայի թելադրանք է. «Մենք պետք է ամբողջական տեղեկատվություն ունենանք, թե, օրինակ, ԿԲ-ն ինչ չափով էր ինտերվենցիաներ անում, ինչ չափով չի անում: Չի կարող այդպես մնալ, որովհետև խաղի կանոններն էապես խախտվում են: Շատ մարդ է տուժելու: ՀՀ-ն ներկրող երկիր է և, պատկերացրեք, որ ով ներկրել է, ապրանքն իրացրել է, դեռ դոլար չի գնել ու դոլար չկա: Այսինքն, լուրջ շահերի բախում կա»:
Պատգամավորը կանխատեսեց, որ փոխարժեքը շուտով նախկին մակարդակին կբերեն, ում հարկավոր է, ձեռք կբերի, հետո կրկին մի քիչ կաճի:
«Եթե մինչև Նոր տարի այդպես մնա, սպառողական շուկայում փլուզում կլինի: Հաշվի առեք, թե ինչ աղքատացման քաղաքականություն կգնա երբ մարդը նույն աշխատավարձն է ստանում, բայց ներկրվող ապրանքի գներն աճում են: Եթե այսպես անգամ մի քանի օր շարունակվի, լուրջ գնաճ կլինի ու ԿԲ-ն իր հիմնական առաքելությունը չի կատարի: Բայց իրական սկզբնաղբյուրը մեր արտահանման աճ չունենալն է: ԱՎԾ համաձայն, անցած տարի արտահանումը 1 մլրդ 480 մլն էր, բյուջեի նախագծում՝ 1.638 մլրդ է եղել, իսկ այս տարի հունվար-հոկտեմբերին 1.1 մլրդ է ընդամենը, այսինքն՝ նախկին ծավալին էլ չենք հասնում: Մարդիկ հեռանում են երկրից, պահանջարկը նվազում է, կոլապսային վիճակը շարունակվում է, բայց թույլ չեն տա դրամի շատ արժեզրկում»,- ասաց Մ.Մելքումյանը:
Նշենք, որ ԿԲ հաղորդագրության համաձայն, ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը: