Ինչ է կատարվում ուղեղի հետ, երբ մենք տխրում ենք
Steptohealth կայքը գրում է, որ չնայած ուղեղը մարդու մարմնի այն մասերից է, որը համեմատաբար քիչ է հետազոտված, մենք նրա մասին բավական հետաքրքիր փաստեր գիտենք: Օրինակ՝ այն մասին, թե ինչպես են նրա վրա ազդում տարբեր էմոցիաներ, հատկապես՝ բացասական:
Երբ մենք ճնշված տրամադրություն ենք ունենում, լուրջ մտահոգություններ, սթրեսի ենթարկվում, դա չի կարող ազդեցություն չունենալ ուղեղի վրա:
Տխրությունն այն էմոցիաներից է, որն ուղեղին ստիպում է այլ կերպ աշխատել՝ ազդեցություն թողնել օրգանիզմում կատարվող երևույթների վրա:
Այդ դեպքում մենք ավելի սուր ենք զգում սովը, հոգնածությունը, հակված ենք մենության, արտասվում ենք:
Երբ մենք սթրես ենք ապրում, ուղեղը զգալիորեն մեծացնում է իր ակտիվությունը: Դա կարող է տարօրինակ թվալ, բայց գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճնշված էմոցիոնալ վիճակում գտնվող մարդու ուղեղն ակտիվացնում է ավելի քան 70 տարբեր մասեր: Երբ մենք անհանգստացած ենք որևէ բանով կամ տխրում ենք, մենք ավելի շատ ենք մտածում, փորձում ենք խնդիրներին լուծումներ գտնել ու այլընտրանքային տաբերակներ ենք մտածում:
Կարևոր է նկատի ունենալ, որ ուղեղն օգտագործում է մեր ողջ էներգիայի 20 տոկոսը, սակայն, երբ մենք ճնշված վիճակում ենք, նրան ավելի շատ էներգիա է անհրաժեշտ, այդ պատճառով էլ օրգանիզմն ավելի շատ գլյուկոզա է պահանջում: Դա սով, ավելի շատ քաղցր ուտելու ցանկություն է առաջացնում: Սա է պատճառը, որ հաճախ դեպրեսիան հանգեցնում է քաշի ավելացման:
Տխրության շարունակվող վիճակը մեր օրգանիզմում լարվածություն է առաջացնում: Ուղեղը չափազանց շատ լարվածություն է կուտակում և ստիպված է լինում դրա հետ կռվել ինչ-որ միջոցով: Այս դեպքում արցունքները հանգստության ավելի ադեկվատ միջոց են: Դրանից հետո օրգանիզմում արտադրվում են էնդորֆիններ, որոնք մեզ ստիպում են ավելի լավ զգալ:
Երբ մարդը ճնշված է, տխրում է, ուղեղն ավելի քիչ սերոտոնին է արտադրում: Եթե նա չի կարողանում հաղթահարել այդ վիճակը, ճիշտ որոշումներ կայացնել, սերոտոնինի դեֆիցիտը կարող է ավելի լուրջ խանգարումներ՝ դեպրեսիա, կումուլյատիվ աֆեկտի վիճակ առաջացնել: