Ռամիլ Սաֆարովը հանցագործ է. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական Կոմիտեն դատապարտել է Ադրբեջանին Եվրախորհրդի դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիան վկայակոչելով՝ Ռամիլ Սաֆարովին ազատելու համար, ասված է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ: Մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս առնչությամբ ասաց.

– Մշտական կոմիտեի օրակարգում ընդգրկված կարևոր հարցերից էր, այսպես կոչված, «ռամիլսաֆարովյան գործը», խոսքը` Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետևանքով` «Դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիայի ոչ օրինաչափ կիրառումը կանխարգելելու միջոցների վերաբերյալ» (Measures to prevent abusive use of the Convention on the Transfer of Sentenced Persons) զեկույցի մասին է:

Այդ զեկույցը ներառված էր Մշտական Կոմիտեի ամսի 18-ի նիստի օրակարգում, այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարել մեր պատվիրակության անդամները, հատկապես Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը և ուրիշներ: Զեկուցողն էր բրիտանացի պատվիրակ, Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար պարոն Քրիստոֆեր Չոփը, որն ընդգծեց փաստը, թե Ադրբեջանն ազատել է դատապարտված մարդասպանին, ով կացնահարել է քնած մարդուն և հերոսացրել նրան` այդպիսով խախտելով նշված կոնվենցիայի հիմնարար սկզբունքներից մեկը` 12-րդ կետը` այդ փաստաթղթի բարեխիղճ կիրառման մասին: Քննարկմանը մասնակցող Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը նշեց, որ իհարկե Ռամիլ Սաֆարովը հանցագործ է և դա չի վիճարկվում, սակայն պետք է հաշվի առնել հանգամանքները, այստեղ հիշելով պատերազմական իրավիճակը և որ մինչ այժմ էլ դիպուկահարների կրակոցներից զոհեր են լինում, հպանցիկ հիշատակելով նաև օրերս խոցված ուղղաթիռը և այլն, ինչպես նաև` իր ծագումով այդ տարածքներից լինելու հանգամանքը:

Բնականաբար, պատասխան հնչեց: Ես իմ խոսքում ընդգծեցի հանգամանքը, որ ինչպես միշտ, ազերիների կողմից բովանդակությունը նենգափոխվում է, քանզի զեկույցի նպատակը ոչ թե Ռամիլ Սաֆարովի արարքը որակելն է, դա արդեն արել է դատարանը` նրան հանցագործ ճանաչելով և դա ոչ մեկը չի վիճարկում, այդ թվում և պարոն Սեիդովը և այդ առումով ինքը բացարձակապես ճիշտ է, բայց զեկույցի թեման Ադրբեջանի իշխանությունների գործողություններին գնահատական տալն էր, այն մասին, որ հանցագործին արդարացնելով, ազատելով և հերոսացնելով ` նրանք ի չարս են օգտագործել կոնվենցիան, որի նպատակը, բնավ, այդ ճանապարհով հանցագործներին ազատելը չէ: Ինչ վերաբերում է պատերազմին, ապա 1994-ից Ադրբեջանի նախագահի խնդրանքով ստորագրվել է զինադադար, որի պայմանները պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև, կոպտորեն խախտվում են խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության և Հայաստանի ջանքերը , որի մի օրինակն էլ մի քանի օր առաջ ռմբակոծված, ուսումնավարժական թռիչք կատարող, անզեն և ադրբեջանցիների համար վտանգ չներկայացնող ուղղաթիռն է:

 

 

Տեսանյութեր

Լրահոս