Միրիի ստեղծած գյուղը՝ իր խնդիրներով և հարսնացուն Ավդուռից
Գյուղացիները պատմում են, որ ժամանակին Միրի անունով մի մարդ եկել, տուն-տեղ է դրել մի բարձրադիր գոտում, որից հետո գյուղը կոչվել է իր անունով՝ Մյուրիշեն: Փոխվել են Մյուրիշենի տերերը, այսօր գյուղն այլ պատմություններով է շնչում, այլ խնդիրներով է ապրում:
Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղը Ստեփանակերտից հեռու չէ, կես ժամում կարելի է հասնել գյուղ, սակայն ինչպես գյուղացիներն են ասում, երբ սկսվում է անձրեւների շրջանը՝ գյուղ տանող կիսաքանդ ճանապարհը դժվարանցանելի է դառնում: Բայց այդ ճանապարհով երթեւեկողների թիվն այսուհետ ավելի կմեծանա, քանի որ գյուղի միակ խանութը փակվել է, գյուղացիներն էլ ստիպված պետք է Ստեփանակերտից բերեն անհրաժեշտ ապրանքը:
Բոլորը չէ, որ հնարավորություն ունեն ամեն շաբաթ գնալ Ստեփանակերտ:
Գավրուշա Առուշանյանին էլ է մտահոգում գյուղի խանութի փակվելը. «Էն ժամանակ, գոնե առեւտուր էինք անում, թեկուզ պարտքով, հետո տանում էինք տալիս, հիմա պիտի հասնենք Ստեփանակերտ»:
Առուշանյանների ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Կով են պահում, սեփական բանջարանոցից բանջարեղեն ստանում, իսկ կոմունալները վճարում են պանրի վաճառքից ստացած գումարով, այն էլ մեծ դժվարությամբ:
«Չարչարվում ենք, իսկ երբ պետք է վաճառենք պանիրը՝ գինը իջեցնում են մինչեւ 700 դրամ, էլ գյուղացու պանիրը չեն գնահատում»:
Բայց ամենից շատ Գավրուշան մտածում է ձմեռվա վառելիքի մասին: «Չեն թույլատրում մեր անտառից փայտ կտրենք, 100 տարի է նույն անտառից փայտ ենք կտրում, մի ճյուղի փոխարեն երեքն է աճում, հիմա չեն թույլատրում, կամ հատկացնում են մի տարածք, որտեղից միայն ուղղաթիռով է հնարավոր փայտ իջեցնել»:
Առուշանյանները փայտ իրենց ծառերից են ստանում, Գավրուշը ցույց է տալիս փայտանոցը, եւ նշում, որ միայն 3 օր կբավարարի եղածը: Մինչ մենք զրուցում էինք Գավրուշը փայտ էր ավելացնում վառարանում, չնայած մինչեւ զրույցի վերջը թաց փայտն այդպես էլ չվառվեց։
Ընտանիքում երեքով են հիմա. տղան Ռուսաստանում է: Հայրն ասում է, որ հյուր է գնացել, բայց հարեւան-բարեկամ Սամվելն, ով այդ ժամանակ բարեկամների տանն էր, անկեղծանում է. «Ասում է՝ հյուր է գնացել, հո հյուր չի գնացել, գնացել է մի երկու կոպեկ փող աշխատի, որ ձմռանը կարողանան գոյատեւել»:
Աղջիկը՝ 30-ամյա Վիոլետան էլ էր գյուղը թողել, տարիներ առաջ Ստեփանակերտում էր աշխատում, բայց աշխատավարձը քիչ էր, անհրաժեշտ էր տան վարձ տալ, չկարողացավ, վերադարձավ ու մոր հետ տնտեսությամբ է զբաղված:
Մայրը՝ Զարինեն, այդ ամենի իր բացատրությունն ունի. Կատակասեր ուաշխույժ կինն ամեն ինչ ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակի հետ է կապում, հավաստիացնելով՝ պատերազմ որ չլինի՝ ամեն ինչ կամաց-կամաց իր տեղը կընկնի:
Պատերազմի ժամանակ Մյուրիշենն ու հարեւան Ավդուռը շատ են տուժել, դժվար օրեր շատ են տեսել ու այլեւս չեն ուզում դրանցով նորից անցնել: Զարինեի համար ամենակարեւորը խաղաղությունն է, բայց յուրաքանչյուրն իր պետությունում: Ադրբեջանցիների հետ միասին ապրելու մասին չի էլ մտածում, դա, իր ասելով, անհնար է արդեն: «Թող իրենց բալան էլ ողջ-առողջ լինի, մերն էլ, իրենք էլ խաղաղ ապրեն, մենք էլ»:
Լիարժեք խաղաղության ու գյուղի զարգացման համար, իր պատկերացմամբ, գյուղում շատ հարսանիքներ պետք է լինեն, բայց այստեղ էլ դժգոհելու տեղ կա. գյուղի երիտասարդները չեն ամուսնանում, պատճառաբանում են՝ աշխատատեղ չկա, ամուսնանան ինչպե՞ս պահեն ընտանիքները։
Մյուրիշենցի Գրիշան այդ երիտասարդների շարքում չի ուզում հայտնվել: 23 տարեկան է, արդեն իսկ սկսել է մտածել ընտանիք կազմելու մասին, թեեւ մայրն ասում է, որ դեռ շուտ է։ Արդեն մի քանի տարի է, ինչ փորձում է անասնապահությամբ զբաղվել, խոզեր էր պահում, բայց համաճարակից հետո ինչպես գյուղի շատ խոզեր, այնպես էլ Գրիշայինը սատկեցին։ Միեւնույն է դժվարություններին կուլ չի գնում, հիմա մի քանի գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեն, մի քանի խոզ, որոնք պիտի բազմացնի։ Գրիշայի մայր՝ Բելլան ասում է, որ գյուղում ապրողն ամեն ինչից կարող է գումար ստանալ։
Մեր այցի ժամանակ հավաքած պոպոկն էր արեւի տակ տարածում, որ չորացնի: Գուցե՞ սա էլ կվաճառի։
Գյուղի երիտասարդներից չի դժգոհում. բոլորն էլ աշխատում են, ի՞նչ անենք, թե պաշտոններ չեն զբաղեցնում, գյուղում ի՞նչ պաշտոն պիտի լինի, գյուղացունը գյուղի աշխատանքն է՝ արտ է ցանում, բանջարանոց մշակում, ընկույզ հավաքում, պանիր գցում։
Բելլա Առուշանյանը Գրիշայի մայրը 43 տարեկան է եւ արդեն երկու տարեկան թոռ ունի. աղջիկը Ստեփանակերտում է ամուսնացել, մտածում է, որ տղան գյուղում է մնալու։ Գրիշան եւս համոզված է, որ Մյուրիշենից չի հեռանա: Իրենց տունը պապն է կառուցել, 1977թվականին: Դարպասի վրա էլ գրել է տան կառուցման տարեթիվը։
Թեեւ մայրը մտածում է, որ տղայի համար դեռ շուտ է ընտանիք կազմելու մասին մտածելը, բայց Գրիշան անկեղծանում է. «Հավանածս աղջիկը մամայի համագյուղացին է՝ Ավդուռից է, մեթոդիկա է սովորում, դե կգա, մեր գյուղում էլ դպրոցում կաշխատի»։
Այդպես էլ մյուրիշենցի տղաները հարեւան գյուղերից հարս կբերեն ու կշենացնեն հայրենի գյուղը, որտեղ առաջվա պես մի դասարանից կլինեն երեքական եւ աշակերտների թիվն այսօրվա 14-ից մի քանի անգամ շատ կլինի:
Մարիամ Սարգսյան
karabakh-open.info