Բաժիններ՝

Դրամը չի ցանկանում ռուբլուց ետ մնալ

Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է ռուսական ռուբլու վրա, հայկական դրամը գնալով թուլանում է։ Վերջին 20 օրվա ընթացքում դրամը կայուն կերպով և արագ տեմպերով արժեզրկվել է ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։

Դոլարի միջին բորսայական փոխարժեքն արդեն գերազանցում է 415.5 դրամը։ Վերջին 1 տարվա կտրվածքով ավելի թույլ դրամ ունեցել ենք միայն այս տարվա ապրիլի կեսերին։
Դրամի արժեզրկման վերջին սրացման փուլը սկիզբ է առել հոկտեմբերի վերջին։ Այսպես, հոկտեմբերի 24-ին` աշխատանքային շաբաթվա վերջին օրը, 1 դոլարի համար ԿԲ պաշտոնական փոխարժեքը 408.38 դրամ էր։ Արդեն հաջորդ երկուշաբթի օրը` հոկտեմբերի 27-ին, դոլարի գինը հասավ 409.29 դրամի։ Դրամը սկսեց գրեթե ամենօրյա ռեժիմով արժեզրկվել մինչ օրս։

Այս ընթացքում դոլարը կարճատև «թայմ-աութ» վերցրեց միայն նոյեմբերի առաջին հանգստյան օրերին` 1-2-ին։ Իսկ ամսի 3-ից սկսած շարունակեց դրամին «խեղճացնելու» ուղին։

Ընդ որում, դրամի արժեզրկումն ավելի մեծ կլիներ, եթե ՀՀ կենտրոնական բանկը չմիջամտեր և դոլար չլցներ շուկա։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում ԿԲ-ն արտարժույթի առաջնային շուկայում վաճառել է 49 միլիոն դոլար, ինչը լուրջ միջամտություն կարելի է համարել։ Այդ գումարից 37.4 միլիոնը վաճառվել է նախորդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում։ Եվս 11.6 միլիոն դոլար վաճառվել էր նոյեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում։

Ու չնայած այս ամենին` դրամը չի ամրապնդվում։ Հակառակը` դատելով բորսայական զարգացումներից, դրամն արժեզրկվելու միտումներ է ցույց տալիս։

Այսպես, ուրբաթ օրը` նոյեմբերի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել էր 415.5 դրամ (վաճառվել էր 7.6 միլիոն դոլար, որը, ըստ ամենայնի, վաճառել էր հենց ԿԲ-ն)։ Իսկ երեկ ընդհանրապես դոլար չի վաճառվել։ Գնորդները պատրաստ են եղել 1 դոլարի համար վճարել 415.5 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել (ոչ մի գնով)։ Սա նշանակում է, որ շուկայում ձևավորվել են դրամի հետագա արժեզրկման սպասումներ. ոչ ոք չի ցանկանում արտարժույթ վաճառել։

Այս ամենն արդեն անդրադարձել է կանխիկ արտարժույթի շուկայի վրա։ Երեկվա դրությամբ առևտրային բանկերը 1 ամերիկյան դոլարը գնում էին 414.5-415 դրամով, իսկ վաճառքի գինը հասել էր 417.5-418 դրամի։ Թանկացել էր նաև եվրոն. Առքի միջին գինը կազմում էր 517 դրամ, վաճառքինը` 525 դրամ։

Փոխարժեքի նման վարքագիծը տարբերվում է վերջին տարիներին առկա օրինաչափությունից։ Հայաստանում գրեթե միշտ տարվա վերջին 2 ամիսներին դրամն ամրապնդվում էր, ինչն առավել վառ կերպով արտահայտվում էր դեկտեմբերի վերջին։

Պատճառն այն էր, որ ամանորյա տոների հետ կապված` մեծ քանակությամբ արտարժույթ էր մտնում հայաստանյան շուկա։ Դրսում աշխատող մեր հայրենակիցներն այս ժամանակահատվածում կամ վերադառնում են տոները Հայաստանում նշելու (իրենց հետ բերելով զգալի գումար), կամ էլ գումարներ են ուղարկում, որպեսզի հարազատների ամանորյա սեղանը դատարկ չլինի։ Բնականաբար, արտարժույթի առաջարկի մեծացումն ազդում էր գնի վրա և ուժեղացնում դրամը։
Օրինակ` նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 407-408 դրամ էր։ Հետո դրամը սկսեց ուժեղանալ, և ամանորյա տոներից առաջ դոլարն արժեր միջինը 405 դրամ։

Այս տարի շեղվում ենք այդ օրինաչափությունից։ Ինչո՞ւ։ Իհարկե, հարցին պատասխանելու համար խորը մասնագիտական վերլուծություն է պետք, սակայն արդեն այս պահին առկա փաստերի հիման վրա կարելի է գոնե նախնական պատասխան տալ այս հարցին։

Եթե կարճ պատասխանենք` ապա դրսից եկող փողը քչացել է։ Դա երևում է անգամ պաշտոնական վիճակագրությունից։ Ինչպես արդեն նշել էինք, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով` 2014 թ. հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1.323 մլն ԱՄՆ դոլար։ Աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է ընդամենը 0,4 տոկոս։

Իսկ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները, որոնք ընդհանուրի գերակշիռ մասն են կազմում, նվազում են։ 2014թ. հունվար-օգոստոսի տվյալներով` ՌԴ-ից ոչ առևտրային նպատակով ուղարկվող դրամական փոխանցումները զուտ ներհոսքը նվազել է 3.3%-ով (28.3 միլիոն դոլարով)` 858 միլիոնից հասնելով 829.7 միլիոնի։ Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի վիճակագրությունը դեռ չի հրապարակվել, սակայն տրամաբանությունը հուշում է, որ մասնավոր փոխանցումները նվազում են արձանագրելու։

Ի դեպ, այս ամենը թե՛ ռուբլու արժեզրկման արդյունք է (երբ նույն ծավալի ռուբլով ուղարկված գումարն այժմ ավելի քիչ արժեք ունի), թե՛ ՌԴ ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի, որն ազդում է նաև այդ երկրում աշխատող մեր հայրենակիցների վրա։ Դրսում աշխատող հարազատներ ունեցող մարդիկ ասում են, որ այնտեղ գործերն այդքան էլ լավ չեն (մեղմ ասած)։ Աշխատանք գտնելը դժվարացել է, գնաճն արժեզրկում է ստացած վարձատրությունը։ Շատ դեպքեր կան, երբ գործատուները մարդկանց ամբողջությամբ չեն վարձատրում կատարած աշխատանքի համար` պատճառաբանելով, որ գործերը լավ չեն, և գումարը չի բավականացնում։ Ովքեր թերահավատ են այս հարցում, կարող են մեկ օր այցելել, օրինակ, Մարտունու մեծածախ շուկա և տեսնել թե՛ շարժը, թե հարցուփորձ անել մարդկանց։

Փոխարժեքի վրա ազդեցություն է թողնում նաև Հայաստանի արտաքին առևտրի վիճակը։ Ներմուծման աճի տեմպը 2.5 անգամ գերազանցում է արտահանմանը։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումն աճել է 1.4%-ով, ներմուծումը` 3.6%-ով։ Մեծանում է ՀՀ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը, ինչը նշանակում է, որ ավելի շատ արտարժույթ ենք դուրս հանում, քան ստանում։ Ընդ որում, այս պատկերի հիմնական «մեղավորը» նույնպես Ռուսաստանն է. Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը նվազել է 6.5%-ով, մինչդեռ Ռուսաստանից ներմուծման ծավալներն ավելացել են 8.3%-ով կամ 70 միլիոն դոլարով` հասնելով 820.3 միլիոն դոլարի։

Հիշեցնենք, որ որոշ պետական պաշտոնյաներ և փորձագետներ չեն շտապում գնահատել ՌԴ տնտեսական վիճակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Մյուս կողմից, տարադրամի փոխանակման կետերի վրա փոփոխվող թվերը կարելի է ինչ-որ իմաստով համարել այդ ազդեցության ցուցիչ` իրական ժամանակում։ Որքան աճում է դոլարի դիմաց գրված թիվը, այնքան ավելի ակնհայտ են դառնում տնտեսական դժվարությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս