«Սահմանային էպիզոդը հեռացրեց Բաքվին բանակցությունների սեղանից»
Թեև հայկական ուղղաթիռը խոցելն Ադրբեջանում համարում են հաղթանակ, նման գործելաոճն իրականում բացահայտում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականի բացակայությունը, կարծում է Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» («Conciliation Resources») կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար, քաղաքագետ Լոուրենս Բրոյերսը, ով երկար տարիներ զբաղվում է ղարաբաղյան խնդրով` հաճախակի այցելելով թե՛ Հայաստան, թե՛ Լեռնային Ղարաբաղ, և թե՛ Ադրբեջան:
Բրոյերսը «168 Ժամին» տված մեկնաբանությունում ասաց, որ ադրբեջանական այդ սադրանքի նպատակն աշխարհին ղարաբաղյան խնդրի մասին հիշեցնելն էր` ցույց տալով, որ հակամարտությունը «սառեցված» չէ:
«Նոյեմբերի 12-ի միջադեպը ցույց տվեց, որ Ադրբեջանը և՛ հուսահատված է, և՛ քաջալերված»,- նշեց անգլիացի փորձագետը` ավելացնելով, որ այդ քայլով ադրբեջանական կողմը հավանաբար նաև փորձել է «փոխհատուցել» օգոստոսյան սահմանային բախումների ժամանակ կրած ծանր կորուստները: Նա նաև նկատեց, որ հայկական ՄԻ-24 ուղղաթիռը խփվել է շատ խորհրդանշական վայրում` Աղդամում, որն, այսպես կոչված, շրջակա կամ «օկուպացված» տարածքների սրտում է և ամենաշատն է արտացոլում «ադրբեջանցիների զայրույթը»:
«Նշված պատճառներով միջադեպն Ադրբեջանում համարում են հաջողություն և արդարացնում այդ քայլը, սակայն, եթե շատ ադրբեջանցիների կարելի է համոզել, որ սա փոքրիկ հաղթանակ է, իրականում այն նաև տակտիկական քայլ է, որը բացահայտում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականի բացակայությունը,- ասում է Լոուրենս Բրոյերսը: -Ադրբեջանը վերջին մի քանի տարիներին ցույց է տվել, որ կարող է անկայուն վիճակում պահել շփման գիծը, բայց ո՞րն է հաջորդ քայլը: Հողերը հետ վերադարձնելը հավանական չէ, մինչդեռ անկայունությունը միայն ամրապնդում է կոշտ քաղաքականության և հայկական օկուպացիայի կողմնակիցների փաստարկները. նրանք ասում են, որ միայն այդ տարածքներն են հնարավորություն տալիս Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն անջատել Ադրբեջանից և պաշտպանել նման հարձակումներից»:
Բրոյերսի գնահատմամբ՝ նմանատիպ տակտիկական փոքր «հաղթանակները» կարող են բարձրացնել իշխանությունների վարկանիշը, շեղել մարդկանց ուշադրությունը Մարդու իրավունքների և կառավարման ներքին խնդիրներից, ավելացնել ռազմատենչ գործիչների դիվիդենտները, և խոսքը վերաբերում է հակամարտության երկու կողմերին էլ, բայց սահմանային այդ էպիզոդն իրականում նաև հեռացրել է Բաքվին բանակցությունների սեղանից:
«Միջազգային խաղացողներն արդեն իսկ խիստ քննադատության են ենթարկվել հայ մեկնաբանների կողմից՝ կողմերի միջև հավասարության նշան դնելու և զինադադարը խախտողի անունը չշեշտելու համար: Ադրբեջանը կարող է սրան պատասխանել, թե դա տեղի է ունեցել օկուպացված տարածքում, բայց այդ դեպքում ի՞նչ արժեք ունի Ադրբեջանի խոստումը զինադադարի ռեժիմին հավատարիմ մնալու վերաբերյալ: Ադրբեջանն այս նեղմիտ ռազմավարության պատճառով կարող է ընդհանրապես իրեն անկյուն մղել»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Այս ամենից անգլիացի փորձագետը մեկ եզրակացություն է անում` շեշտելով, որ վերջին միջադեպը, ինչպես և օգոստոսյան արյունալի իրադարձությունները վերահաստատեցին այն համոզմունքը, որ զինադադարի խախտումները պետք է շատ ավելի լուրջ հետաքննության ենթարկվեն ԵԱՀԿ-ի կողմից. «Այս խախտումների անպատժելիությունն արդեն իսկ լայն տարածում է գտել, և միջազգային միջնորդները պետք է գործի անցնեն, այլապես կարող են ամբողջությամբ կորցնել իրենց մանդատը»: