
ՀԱՊԿ-ի երկրների Գլխավոր շտաբների պետերը հանդիպում են Եկատերինբուրգում

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եկատերինբուրգում ընթանում է ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի ընդլայնված առաջին նիստը, որի ժամանակ ՀԱՊԿ-ի անդամ երկրների զինված ուժերի Գլխավոր շտաբների պետերը պայմանավորվել են շարունակել ռազմաքաղաքական իրավիճակի կանոնավոր մոնիթորինգը:
Ռուսաստանի պաշտպանության առաջին փոխնախարար, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ դրա արդյունքներն ամեն ամիս կներկայացվեն ՀԱՊԿ-ի անդամ երկրների զինված ուժերի Գլխավոր շտաբներին: Նիստին առաջին անգամ մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ երկրների լիազոր ներկայացուցիչները, ավելի վաղ հանդիպում էին միայն Գլխավոր շտաբների պետերը:
Հիմնական թեմաներ են հանդիսանում շրջաններում հավաքական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, ՀԱՊԿ-ի ՀՕՊ-ի ու ՀՀՊ-ի միասնական համակարգի ստեղծման հարցերն ու ՀԱՊԿ-ի զորքերի հավաքական ղեկավարման կազմակերպումը:
Բացի այդ, հանդիպման ժամանակ կամփոփվեն 2014 թվականի հիմնական համատեղ օպերատիվ միջոցառումների ու մարտական պատրաստության արդյունքները, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատություններում զինծառայողների նախապատրաստման հարցը: