Ինչո՞ւ է պառակտվել Նիցցայի հայկական համայնքը
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հայկական համայնքը բաժանվել է երկու մասի: Շուրջ 2 ամիս առաջ քաղաքային դատարանի վճռով Նիցցայի սուրբ Աստվածածին եկեղեցին զրկվել է Հայ Առաքելական կոչվելու և համապատասխան կանոններով պատարագ մատուցելու իրավունքից: 1928-ին հիմնադրված հայկական եկեղեցին վերահսկողները հրաժարվում են լքել այն ու բողոքարկել են դատարանի վճիռը: Նախքան ֆրանսիական դատարանը կրկին կքննի գործը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ դեռ 2000-ին կարգալույծ արված Տիրան Կյուրեղյանի պահանջով երեկ դատական լսումներ են սկսվել` մինչև հարցի վերջնական լուծումը Հայ Առաքելական եկեղեցի կոչվելու իրավունքը վերականգնելու հարցով: Այս թեմայի շուրջ զրուցեցինք Նիցցայում Հայ Առաքելական եկեղեցու ատենապետ Արթին Օկսայանի հետ:
– Պարոն Օկսայան, ի՞նչ է կատարվում Նիցցայում, և ո՞րն է խնդիրը:
– Նիցցայում այս իրավիճակը սկսվել է 2006-2007թթ., երբ Էջմիածինը նոր կանոնադրություն հաստատեց, բոլոր եկեղեցիներն ընդունեցին, բայց այստեղի եկեղեցու ներկայացուցիչներն այդ քաղաքականությունը չընդունեցին: Այս մարդիկ այստեղ են արդեն 20-25 տարի և ուզում են, որ իրենց խոսքը լինի: Սկզբում փորձեցինք միասին աշխատել, բայց հնար չեղավ: 2012.-ին Վեհափառ հայրը եկավ այստեղ, որ խնդիրը լուծի, բայց ինքն էլ չկարողացավ, որովհետև դիմացի մարդիկ հաշտվելու, իրար հետ մեկ սեղան նստելու նպատակ չունեն: Ես այստեղ ատենապետ եմ արդեն 3 տարի, և հայերի մեծամասնությունը մեզ հետ է, բայց մի փոքր մաս կա, որ դեռ իրենց են ընդունում, իսկ ֆրանսիական օրենքով եկեղեցին դեռ իրենք են ղեկավարում: Առաջին դատը շահեցինք, հիմա բողոքարկել են:
Այստեղ դատերը շատ երկար են տևում, առջևում երկրորդ ու երրորդ փուլ կա: Մենք պայքարում ենք այդ մարդկանց հետ, որովհետև մեզ համար կարևորը Էջմիածնի կողքին լինելն է: Մենք Հայաստանում չենք ապրում, սփյուռք ենք, ու մեզ համար կարևոր է, թե անկախ նրանից՝ ՀՀ կառավարությունն ով է, մենք նրա կողքին պետք է լինենք: Բայց ամեն մարդ մեզ պես չի մտածում: Օրենքով Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, ու մեզ համար Կաթողիկոսը մեր կրոնի ամենամեծ ներկայացուցիչն է, մենք իր կողքին ենք: Ես 1 ամիս առաջ Հայաստանում էի` Սփյուռքի համաժողովին մասնակցելու համար, Կաթողիկոսի հետ հանդիպեցի: Ինձ համար մեծ պարծանք էր Հայաստանում լինել:
6 ամիս առաջ դիմել էի և ՀՀ քաղաքացիություն ստացա: Սա ինձ համար մեծ բան է, որովհետև ես Թուրքիայում եմ ծնվել, բոլոր թրքահայերի պես թրքահպատակ էի, երբ եկա Ֆրանսիա, ֆրանսահպատակ դարձա, բայց այդ երկուսն էլ մեր արմատները չեն, մեր արմատներով մենք հայ ենք, ու շատ կուզեի ՀՀ քաղաքացի էլ դառնալ: Ու դա էլ հաջողվեց: Մեր ընդդիմադիր խմբի մեջ թրքահայ ու որոշ ֆրանսահայեր էլ կան, ու թեև ես էլ թրքահպատակ եմ, բայց մեր տեսակետները նույնը չեն, տարբեր են: Նրանցից Սամսոնը թուրքական կառավարության կողքին է, նրանց հետ է աշխատում: Մենք Պոլսում ենք ծնվել ու մեծացել, բայց ապրում ենք Ֆրանսիայում, ու կարևորը Ֆրանսիան և, իհարկե, Հայաստանն են, ոչ թե Թուրքիայի շահը:
– Իրենց նպատակը ո՞րն է:
– Գիտեք, երկրներ կան, որտեղ դիկտատուրա է, չեն ուզում իրենց աթոռը կորցնել: Այս դեպքում էլ իրենք 25 տարի այստեղ ղեկավարում են և չեն ուզում իրենց պաշտոնը կորցնել, ցանկանում են ցմահ պաշտոնավարել: Սակայն 4 տարի առաջ նրանց դեմ շարժում սկսվեց, որ չկարողացան հանդուրժել: Այստեղ պետք է Ֆրանսիայի օրենքներով իրենց հաղթենք, այլ կերպ հնարավոր չէ: Դատարանի առաջին փուլը շահեցինք, տեսնենք` երկրորդն ինչ կլինի: Իրենց նպատակը պարզ է՝ ղեկավարել ու Հայ Առաքելական եկեղեցու անունը գործածել, որովհետև իրենք` միայն որպես անձ, այդքան մեծ արժեք չեն ունենա, բայց որպես հայ համայնքի ներկայացուցիչ` ավելի ազդեցիկ են, ու այդ անունն իրենց համար արժեքավոր է:
Բայց այսօր իրենք կամաց-կամաց կորցնում են իրենց ազդեցությունն ու, որքան էլ բարեկամներ ունենան քաղաքապետարանում կամ պատգամավորների մեջ, այլևս օգուտ չունի: Մենք ՀՀ դեսպանատան ու հյուպատոսարանի աջակցությունն ունենք: Վերջին 2 տարին Ապրիլի 24-ի միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում ՀՀ դեսպանն էլ քաղաքապետի հետ մեր կողքին են, և մարդիկ տեղյակ են, թե ինչ է կատարվում: Ամեն դեպքում սա շատ երկար ժամանակ պահանջող հարց է, կարճ ժամանակում չի լուծվի: Ֆրանսիայում 19 հայկական եկեղեցի կա:
Դրանցից 18-ը էջմիածնական օրենքներն ընդունել են, բացի Նիցցայի այդ խումբը: Իհարկե, ինչպես այլ տեղերում, Ֆրանսիայում էլ քաղաքական խնդիրներ կան` դաշնակները, հնչակները, ռամկավարները, բայց այդ ամենը ժողովրդավարության շրջանակներում է, և, կարծում եմ, նորմալ է, լուծվելիք խնդիրներ են: Այժմ կարևոր է հայկական եկեղեցին նրանց ձեռքից ետ վերցնել, կարծում եմ, դա էլ կլինի: Մինչ այդ մենք ֆրանսիական կաթոլիկ եկեղեցու մեջ ենք պատարագ մատուցում, ամեն կիրակի մոտ 50 հավատացյալներ են գալիս: Եվ դա էլ մեծ բան է, քանի որ մինչև եկեղեցիների բաժանվելը կիրակի օրերի պատարագին 10-15 հոգի հազիվ էին լինում, իսկ հիմա` 40-50, մեծ տոներին` 250 հավատացյալներ գալիս են:
– Թուրքիայի կառավարության հետ այդ խումբն ի՞նչ կերպ է աշխատում, ի՞նչ խնդիր են լուծում:
– Մեկ օրինակ բերեմ` նրանցից Սամսոն անունով մեկը դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանից ՀՀ դիվանագիտական անձնագիր ուներ: Բայց քանի որ նա Հայաստանի համար աշխատող մարդ չէ, նրա ձեռքից այդ անձնագիրն անցած տարի ետ վերցրին, թեև շատ դժվարությամբ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անցած տարի, երբ դեռ ԱԳ նախարար էր, Սևծովյան տնտեսական կազմակերպության աշխատանքների հետ կապված` Հայաստան գնաց մեկ օրով, ու այդ Սամսոնը թուրքական օդանավում թուրքական պատվիրակության մեջ էր: Բայց հայն այդտեղ, թուրքի մեջ ի՞նչ գործ կարող է ունենալ: Ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունը Ֆրանսիայում ապրող հային հրավիրում իր հետ ՀՀ գնալ: Այն էլ, երբ այդ մարդը հիմա որևէ մեկ տիտղոս չունի Հայաստանում: Երբ նրա լուսանկարները լրագրերում տեսանք, կասկած առաջացավ` ի՞նչ գործ ունի, ինչո՞ւ ինձ չեն հրավիրել, նրան են հրավիրել: Ուրեմն մի կապ կա, որ հրավիրել են:
– Գուցե Ցեղասպանության 100-րդ տարելիցի՞ հետ է կապված:
– Չեմ կարծում, որ նման խնդիր կա: Ֆրանսիայում ընդհանուր միջոցառումների ծրագիր է մշակվում, մենք էլ մասնակցում ենք ու միասին պետք է նշենք տարելիցը: Այստեղ ՀՀ դեսպանատունն ամեն անգամ Նիցցայում մեզ է առաջին պլան դնում, որ մենք ենք Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը: Ցեղասպանության տարելիցին պատրաստվում ենք դեսպանատան հետ միասին: Այս տարի Ֆրանսիայում, ինչպես և ամբողջ աշխարհում, մեծ շարժում կլինի, Հռոմի պապը մեկ շաբաթ առաջ Հռոմում մեծ արարողություն կանի, նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ կգնա, ապրիլի 24-ին այնտեղ կլինի, ինչպես և այլ նախագահներ: Պետք է մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա:
– Ճնշում` Ցեղասպանությունը ճանաչելու և փոխհատուցելո՞ւ համար:
– Իհա՛րկե: Հիմա ես թուրքական մամուլն ամեն օր կարդում եմ, որ իմանամ` այնտեղ ինչ է կատարվում: Եվ Թուրքիայի ամենամեծ վախն ԱՄՆ-ի կողմից ընդունելն ու «ցեղասպանություն» բառը հնչեցնելն է: Մինչև հիմա ԱՄՆ նախագահները «Մեծ եղեռն» են ասել, բայց թուրքերը «ցեղասպանություն» բառից մեծ վախ ունեն: Իմ կարծիքով` այս անգամ մեծ հնարավորություն կա, որ ԱՄՆ նախագահ Օբաման ասի «ցեղասպանություն» բառն ու այն պաշտոնապես ընդունի: Դրանից հետո այլ փուլեր պետք է գան, և թուրքերը Ցեղասպանությունն ընդունելու հետևանքներից են վախենում, թե մինչև ուր կհասնեն դրանք: Կարծում եմ, որ այսօր գեոպոլիտիկը, աշխարհի քարտեզը փոխելը դյուրին չէ:
Տեսանք, թե Ուկրաինայում կամ տարիներ առաջ Վրաստանում ինչ եղավ: Բայց հայերը Թուրքիայում միլիարդներով դոլար են թողել, եթե այսօր Թուրքիայի տնտեսական վիճակը լավ է, ապա 10 ընտանիքից ամենահարուստի կապիտալը հայերից է ստացվել: Դա բոլորը գիտեն: Հողի հարցը երկրորդական է իրենց համար: Հողը հետ վերցնելը դյուրին չէ, աշխարհի բոլոր երկրները պետք է ընդունեն սահմանի փոփոխությունը, կամ հողը ետ վերցնելուց հետո ո՞վ պետք է այնտեղ ապրի: Այդ խնդիրը կա: Իսկ երբ դրամի հարցն է դրվում, դրա մեջ այլ խնդիրներ կան, օրինակ` Թուրքիան ո՞ւմ պետք է փոխհատուցի: Իսրայելի պարագայում` ով ողջ էր, նրան փոխհատուցեցին, իսկ մահացածների գումարը ստացավ պետությունը: ՀՀ դեպքում էլ ՀՀ կառավարությունը պետք է ժառանգ ճանաչվի: Բայց դա գալիք խնդիր է: Այսօր 100-րդ տարելիցի հետ կապված առաջին խնդիրն այն է, որ բոլոր կողմից ճնշում լինի ու Թուրքիան Ցեղասպանությունն ընդունի: Առաջին փուլը դա է, դրանից հետո կտեսնենք` ինչ կլինի:
– Նիցցայի ոչ առաքելական ճանաչված այդ խումբն ի՞նչ ազդեցություն ունի համայնքում` դպրոց վերահսկելու, սերունդ դաստիարակելու հարցերում:
– Այստեղ հայկական դպրոց կա, որի մի մասը եկեղեցու հողի վրա է կառուցված: Այս մարդիկ եկեղեցու հետ կապված չեն, շուտով ստիպված եկեղեցին էլ կհանձնեն: Ֆրանսիայի օրենքով` շինությունը պատկանում է նրան, ում հողի վրա կառուցված է: Դրա համար չեն ուզում եկեղեցին թողնել: Երբ դատարանը որոշի, որ եկեղեցին մեր խմբին է անցնելու, դպրոցի կառավարողն էլ մենք կդառնանք, ու այն կանցնի գաղութին:
Գիտեք, նրանք լուրեր են տարածում, թե Էջմիածինն այս եկեղեցին մեր ձեռքից վերցնել կուզի` ծախելու և փողերը Հայաստան տանելու համար, բայց նման բան Ֆրանսիայում հնարավոր չէ: Ոչ ոք չի կարող եկեղեցին ծախել. լինի Էջմիածինը կամ որևէ այլ անձ: Շենքը բարերարների ձեռքով 1928-ին է կառուցվել ու հայ գաղութին նվիրվել, և գաղութին էլ կմնա: Օրենքով, եթե այստեղ այլևս որևէ հայ չմնա, այն ժամանակ միայն Էջմիածինը կկարողանա տեր կանգնել եկեղեցուն, բայց Ֆրանսիայում 500 հազարից ավելի հայ կա, և, չեմ կարծում, որ այդ օրը գա, որ Ֆրանսիայում մեկ հայ չմնա: Եվ նման սուտ տեղեկություններ տարածելով` ուզում են մարդկանց վախեցնել, որ Էջմիածինն ուզում է ծախել եկեղեցին: Չի կարող նման բան լինել: Ես եկեղեցու ատենապետն եմ և Ֆրանսիայի օրենքներով չեմ կարող ոչ մի թիզ հող վաճառել: Ֆրանսիայում ամեն եկեղեցի իր գաղութին է պատկանում: