Բաժիններ՝

«Մի բան ակնհայտ էր՝ ցանկություն կար մաքուր աշխատելու»

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus) վերջերս կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել` Ջերմուկի շրջակա միջավայրի պահպանության տեղական բնապահպանական ծրագրի շրջանակներում։

Հասարակական տարբեր կազմակերպությունների, գիտական և հետազոտական հաստատությունների հետ քննարկմանը մասնակցում էր նաև «Լիդիան Ինթերնեյշնլի» մաս կազմող «Գեոթիմ» ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը:

Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, ով նույնպես մասնակցել է այդ քննարկմանը, մեզ հետ զրույցում նկատեց, որ քննարկումը հիմնականում հասարակության լայն խավերի համար էր, որպեսզի տեղյակ լինեին, թե ինչպիսի աշխատանքներ էին տարվում Ջերմուկ քաղաքում` բնապահպանական տեսանկյունից և, մասնավորապես, ինչպես է գնահատվում Ամուլսարի հնարավոր ազդեցությունը:
«Ես չեմ կարող միանշանակ գնահատական տալ դրան, պարզապես պետք էր մասնակցել այդ հանդիպմանը և լսել, թե «Գեոթիմը» ինչպիսի աշխատանքներ էր կատարում իր հնարավոր վնասները նվազեցնելու ուղղությամբ: Իսկ «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը» նպատակ ուներ հասարակության լայն խավերին ներկայացնել Ջերմուկի հասարակության ուժերով ստեղծված բնապահպանական գործողությունների պլանի նախնական տարբերակը, որը հետագայում ավելի կբարելավեր Ջերմուկ քաղաքի էկոլոգիական վիճակը»:

Հարցին` նման քննարկումները որքանո՞վ են նպաստում պատասխանատու հանքարդյունաբերության կայացմանը ՀՀ-ում, Է. Ղուկասյանն այսպես պատասխանեց. «Պետք չէ այդ հանդիպումներին թշնամանքով վերաբերվել, որովհետև պատկերացում կազմելու համար, թե որքանով կարող է տվյալ արտադրությունը վնաս պատճառել, պետք է անպայման մասնակցել և լսել բոլոր կողմերին: Ես զարմացած էի այն թշնամական վերաբերմունքից, որը դրսևորվեց այդ հանդիպման նկատմամբ, որովհետև հանդիպումը բոլորովին նպատակ չուներ գովազդելու որևէ հանքարդյունաբերություն կամ կազմակերպություն: Ես` որպես փորձագետ, համոզվեցի, որ եթե Հայաստանում կա որևէ կազմակերպություն, որը փորձում է գոնե նվազագույնի հասցնել իր վնասները, դա «Գեոթիմ» ընկերությունն է: Չեմ բացառում հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը, բայց տվյալ դեպքում այս կազմակերպությունն իսկապես աշխատանքներ է կատարում վնասը մեղմելու ուղղությամբ: Իմ տպավորությունը «Գեոթիմի» մասնագետների մասին բավականին բարձր էր, որովհետև շատ պատրաստված էին և շատ պատրաստակամ, ցանկացած մեր հարցին տվեցին բացատրություններ, ցանկացած բան, որ ուզում էինք տեսնել, մեզ տարան ու ցույց տվեցին: Մի բան ակնհայտ էր` ցանկություն կար մաքուր աշխատելու»:

Հրավիրյալ բնապահպան ակտիվիստներից մի քանիսը չմասնակցեցին քննարկմանը և բողոքի ակցիա կազմակերպեցին քննարկման դեմ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Բուսաբանության ինստիտուտի Գեոբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը մեզ հետ զրույցում նկատեց, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե ավելի մեծ թվով հասարակայնության ներկայացուցիչներ մասնակցեին այդ քննարկմանը:

Կարդացեք նաև

Իսկ քննարկման արդյունավետությունը Գ. Ֆայվուշը միջին է գնահատում. «Նորմալ էր: Այսպիսի քննարկումները փաստացի ավելի շատ են պետք, որպեսզի մարդիկ իմանան ծրագրի դրական և բացասական կողմերի մասին, թե չէ ուրիշ ավելի լուրջ բան մասնակիցները չեն կարող ասել, որովհետև լուրջ բաներն ասում են փորձագետները, որոնք այնտեղ փաստացի աշխատում են»:

Գ. Ֆայվուշը կարծում է` Ամուլսարի ծրագիրը շատ լավ մակարդակով է նախապատրաստվում. «Այս ծրագրով, իրոք, փորձում են ինչքան հնարավոր է` մեղմել ազդեցությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս