«Ռուբլու արժեզրկումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի ֆինանսատնտեսական իրավիճակի վրա»
2014 թ. հուլիս ամսից մինչ օրս ռուսական ռուբլին արժեզրկվել է 28 տոկոսով: Թե ինչ ազդեցություն կունենա ռուբլու ինֆլյացիան Հայաստանի ֆինանսատնտեսական իրավիճակի վրա, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում պարզաբանեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նրա խոսքով` ռուսական ռուբլու արժեզրկման նշանները գոյություն ունեին դեռևս անցած տարվա երկրորդ կեսից և պայմանավորված էին Ռուսաստանում տնտեսական զարգացումների բացասական միտումների ուժեղացմամբ.
«Այնուամենայնիվ, արժեզրկումն ավելի կտրուկ դրսևորումներ ստացավ այս տարի: Պատճառներից են կապիտալի արտահոսքը Ռուսաստանից, մեկ այլ գործոն է նաև Ռուսաստանի ունեցած արտաքին պարտքը՝ մոտ 700 միլիարդ, նավթի գների անկումը, ինչպես նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի հայտարարությունը, որ 2015-ից անցնելու է լողացող փոխարժեքի: Իսկ վճարային հաշվեկշռի հոդվածների բացասական տեղաշարժը ճնշում է գործադրում ռուբլու վրա և այն արժեզրկում»:
Այդ արժեզրկումը բնականաբար իր հետևանքները կունենա նաև Հայաստանում, քանի որ Հայաստանի տնտեսությունը, ըստ տնտեսագետի, պարզապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից` մասնավորապես Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտներից.
«Տրանսֆերտները ներվճարային հաշվեկշռի կարևորագույն հոդվածներից են: Արժեզրկումը բնականաբար բացասաբար է անդրադառնում նաև մեր հայրենակիցների եկամուտների վրա Ռուսաստանում, այնտեղից նրանց փոխանցումների վրա Հայաստան: Այս ամենը բնականաբար կազդի նաև դրամի կուրսի վրա, և չի բացառվում, որ նկատենք նաև դրամի կուրսի հետ կապված տատանումներ»:
Իսկ ի՞նչ ազդցություն կարող է այն ունենալ Հայաստանի գործարար դասի վրա: Խոսելով այս մասին` Ա. Եղիազարյանն ասաց, որ այն գործարարները, որոնք իրենց բիզնես շահերով սերտաճած, կապված են ռուսական կապիտալի հետ, նրանց առաջիկայում սպասվելու է մեծ հիասթափություն.
«Այսօր գործարարների նոր դաս է կարծես թե ձևավորվում, նրանք իրենց համարում են պրագմատիկներ, այսինքն` նրանք ենթադրում են, որ կարող են օգտվել Եվրասիական տնտեսական տարածքի հնարավորություններից: Կարծում եմ, որ այս առումով նրանք պարզապես իլյուզիաների և քարոզչական ազդեցության դաշտում են: Պարզապես կշահեն այն գործարարները, որոնց վարքագիծը համարժեք կլինի տեղի ունեցող նոր ու տարածաշրջանային գլոբալ զարգացումներին»:
Տնտեսագետի խոսքով` այս ամենն, անշուշտ, տնտեսական ու սոցիալական դժվարին կացության մեջ կդնի Հայաստանին: Նրա կարծիքով` անգամ կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան 2008-2009թթ. Ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի պայմաններում: