Բաժիններ՝

«Աստված սեր է տալիս, մարդը պատասխանում է». Տեր Թովմա քահանա Անդրեասյան

Qahana.am-ը զրուցել է ստեղծագործող հոգևորական Տեր Թովմա քահանա Անդրեասյանի (Վահան Անդրեասյան) հետ

– Արվեստագետ-հոգևորական: Միմյանց չե՞ն խանգարում:

– Բնական է, երբ քահանայական ծառության մեջ ես, չես կարող շատ ժամանակ տրամադրել երաժշտությանը, պոեզիային: Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ, տարբեր ժամանակներում և տարբեր թատրոններում դերասան եմ եղել: Այժմ որոշ բաներից հրաժարվել եմ, բնականաբար նաև ռեժիսուրայով չեմ զբաղվում, քանի որ աշխատատար ու ժամանակատար է: Քահանայությունն էլ աշխատատար ու նպաստավոր ծառայություն է: Բայց ազատ ժամանակ, հանգստյանս օրերին բանաստեղծություններ, նաև երաժշտություն եմ գրում: 2007 թվականին ձայնասկավառակ թողարկեցի, այժմ նորն եմ պատրաստում: Երկու երգ մնաց, որ ձայնագրենք, ու պատրաստ կլինի: Երգեր գրելիս չեմ առաջնորդվում երաժշտական շուկայի պահանջով, գրում եմ իմ ճաշակով ու նախասիրությամբ: Երգերն ուղղված են այս անհոգի աշխարհի դեմ: Սերն աշխարհում պակասել է…Նաև պատրաստում եմ մեկ ձայնասկավառակ, որտեղ միայն երաժշտություն է ներառված, մեծամասամբ՝ կիթառային գործեր:

– Տեր հայր, իսկ ձայնասկավառակները ե՞րբ լույս կտեսնեն:

–  Չեմ կարող ասել, քանի որ ձայնագրման ստուդիաները ծանրաբեռնված են: Հուսով եմ, գոնե հաջորդ տարվա սկիզբ մեկն ու մեկը պատրաստ կլինի: Ի դեպ, ասեմ, որ նաև բանաստեղծական ժողովածու եմ պատրաստում: Այն կոչվում է «Մորու բացատ որբանոցը»: Լիվերպուլում նմանատիպ մի որբանոց կար, որի ճաղերից երեխա ժամանակ անընդհատ նայում էր Ջոն Լենոնը: Գրքի խորհուրդն այն է, որ ամբողջ աշխարհը որբանոց է և մարդն, ըստ էության, այս աշխարհում որբ է: Նրանք, ովքեր նյութի հետևից են ընկել, դա չեն նկատում: Մարդկանց մյուս մասն էլ ի սկզբանե դա գիտակցում է և Աստծու հետ կապվում…Այստեղ հիմնական գաղափարը մարդու և Սուրբ Աստվածածնի կապն է: Մայր, ով այս աշխարհում որբ մարդուն տիրություն է անում, օգնում:

– Հետաքրքիր է, ինչո՞ւ է որբանոցը «Մորու բացատ» կոչվել:

– Մորու (հատապտուղ) գույնը դարերի ընթացքում, համենայնդեպս եվրոպական նկարչության մեջ, եղել է Տիրամոր հագուստի գույնը: Ըստ էության, կյանքի վերջին տարիներին Աստվածածինը այդ գույի հագուստ էր կրում:

– Նշեցիք, որ աշխարհում սերը պակասել է: Ինչո՞ւ, սիրո պակասի պատճառը ո՞րն է:

– Նյութն է: Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ աշխարհն առաջնորդում է նյութապաշտությունը: Նյութն ամեն ինչ «կերել» է: 90-ական թվականներին եկեղեցի մտնողներն ավելի քիչ էի, այստեղ գալու համար մեզ հալածում էին: Օրինակ ինձ «Փոս» թատրոնից հենց այդ պատճառով հեռացրեցին: Ինձ երեք անգամ նկատել էին Սուրբ Սարգիս եկեղեցի մտնելիս և ԿԳԲ-ին հայտնել էին: Ինձ նամակ եկավ՝ ընտրել կամ եկեղեցին, կամ թատրոնը… Բնականաբար, ընտրեցի եկեղեցին:

– Երբևէ զղջացե՞լ եք Ձեր ընտրության համար:

– Ոչ, նման բան երբեք չի եղել: Իմ հոգին արդեն ուրիշ պահանջ ուներ:

– Այդ թվերին սերն ավելի՞ շատ էր:

– Գիտեք, այն ժամանակ եկեղեցի այցելող մարդկանց մեջ կար մաքրություն, սկզբունքայնություն: Իսկ հիմա ձևական բաները շատացել են, չգիտես, թե եկեղեցի եկողներից քանիսի մեջ հավատք կհայտանաբերես: Նյութը մարդկանց հոգին ամբողջովին տոգորել է, բացի դրանից ուրիշ ոչնչի մասին չեն մտածում: Հրեաները մի պարականոն գիրք ունեն, կոչվում է «Ենոքի գիրք»: Այնտեղ այսպիսի տողեր կան. «Երբ գաաֆում (Աստծո շտեմարան) սերը պակասի, կգա դատաստանը»: Իսկ սերը կպակասի, երբ մարդիկ այդ սերն Աստծուն չտան: Մարդ և Աստված հարաբերություններում ինչպե՞ս է. Աստված սեր է տալիս, մարդը պատասխանում է: Եթե սկսի չպատասխանել, «շտեմարանը» դատարկ մնա: Դա իր մեջ, իհարկե, ճշմարտություն ունի: Միշտ էլ այդպես է եղել: Որոշակի քաղաքակրթության վերջը գալիս է այն ժամանակ, երբ մարդն անցնում է պատվիրանների բոլոր սահմանները:

– Դուք ստեղծագործական առումով համագործակցում եք տարբեր երգիչ-երգչուհիների հետ: Ճի՞շտ են խոսակցությունները, որ նրանցից շատերը աղանդների հետևորդներ են:

– Շատերը սխալ կլինի ասել: Հետևորդներն էլ «Կյանքի խոսքին» են հետևում մեկ պատճառով. այնտեղ շեշտվում է ոչ թե գործը, այլ հավատը: Իրենք գործերի վրա ուշադրություն չեն դարձնում, այդ պատճառով էլ իրենց շարքերը շատ են համալրում թեթևամիտ մարդիկ: Նրանցից չի պահանջվում, որ իրենց վարքին հետևեն, կարևորը փառաբանությունն է Աստծուն ու հավատը՝ առանց գործի: Թե ինչպես են ապրում, դրա վրա աչք են փակում: Իսկ ստեղծագործող մարդիկ վառ երևակայություն ունեն, զգացմունքային, շուտ էլ սիրահարվում են: Թիթեռների պես են ապրում՝ օրը մեկին սիրահարվելով: Աստված, երբ շնորհ է տալիս, երկսայր է լինում՝ լավ և վատ կողմերով, պետք է ճիշտ օգտագործել: Ստեղծագործողի մոտ լավն այն է, որ բաց ու ազատ, մաքուր հոգի ունի, բայց նաև կարող է մոռանալ ընտանիքի մասին ու տրվել զգացմունքին: Նման մարդկանց համար հարմար է մտնել այնպիսի մի տեղ, որտեղ «ապահով» է, հարմար, պատասխանատվություն չի պարունակում: Հավատում ու փառաբանում ես ու վերջ…Բայց ասել, որ շատերն են այնտեղ, սխալ է:

– Խոսակցություններն են այդպես տարածվում:

– Ոչ, մեր երգիչներից շատերն էլ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են: Հրաշալի մարդիկ են Ինգա և Անուշ Արշակյանները, Արթուր Իսպիրյանը, Արամոն, Արթուր Գրիգորյանը… Այսպես երկար կարող եմ թվել: Նույնիսկ գիտեմ, որ Արթուրը սովորություն ունի երբեմն գնալ Նորավանք և գիշերել այնտեղ: Այնտեղից վերադառնում է՝ լի էներգիայով և ստեղծագործական պաշարով…

Նելլի Մարգարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս