«Միգուցե շատ մարդկանց կողմից քննադատվեմ, որ գուսան Շահենի թոռնուհին երգում է ռոք, բայց…»
Շահինե Սարգսյանը՝ գուսան Շահենի թոռնուհին, ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը: Որքան էլ տարօրինակ թվա՝ երգը ռոք ոճում է, իսկ երգի հեղինակն է աշուղագետ, երաժշտագետ, ազգագրագետ, կոմպոզիտոր Էլինար Շահենը՝ գուսան Շահենի դուստրը, Շահինեի մայրը: Հասկանալու համար, թե ինչ կապ կարող է լինել ռոք ոճի ու աշուղական երաժշտության միջև՝ զրուցեցինք Շահինեի հետ:
– Ինչո՞ւ հենց ռոք ոճում, չէ՞ որ Շահենի թոռնուհուց մարդիկ դժվար թե սպասեին այդ ոճի երգ:
– Ես կատարում եմ աշուղական, ժողովրդական, ազգագրական, էստրադային երգեր, նաև ռոք: Կոնկրետ այս երգը շատ լավ երգ է, եթե հաշվի չառնենք նույնիսկ ժանրը: Եթե անգամ այն լիներ էստրադային կամ փոփ ժանրերի մեջ՝ էլի կերգեի, ուղղակի այս երգը ռոքի մեջ ավելի հաջողված է: Ձայնային տվյալներս էլ թույլ տվեցին, որ այն ռոք ոճում ներկայացնեմ: Երգը բողոք է. դու ոչինչ չունես այս կյանքում, մնացել ես մենակ, իսկ միակ ընկերդ անձրևն է: Այս երգը չէր կարող նուրբ լինել, որովհետև մարդն այդ վիճակում չի կարող հանգիստ լինել: Եթե երգը լսեք՝ կզգաք, որ սկզբից մինչև վերջ կռիվ է: Միայն մի պահ դասական ոճով իմպրովիզացիա անելով՝ փորձել եմ աղոթքի տպավորություն ստեղծել:
– Իսկ որքանո՞վ է երգը մոտ Ձեր հոգեվիճակին:
– Բոլորիս կյանքում էլ կարող են լինել այսպիսի ծայրահեղ վիճակներ: Իմ կյանքում ևս եղել է նման հոգեվիճակ, ու երգը երգելիս զգացել եմ, որ պետք է այդպես երգել:
– Ովքե՞ր են աշխատել Ձեր տեսահոլովակի և երգի վրա:
– Տեսահոլովակս նկարահանել է «Ասատրյան» ստուդիան՝ Զավեն Ասատրյանի գլխավորությամբ, ով նաև տեսահոլովակիս պրոդյուսերն է, ռեժիսորն է Գուրգեն Հովսեփյանը: Ամբողջ ստեղծագործական խմբի անունները չեմ կարող նշել, միայն կասեմ, որ ամբողջ աշխատակազմի կողմից կատարվել է մեծ աշխատանք: Երգը կոչվում է «Անձրև», երաժշտության հեղինակն է մայրս՝ Էլինար-Շահենը, խոսքերինը՝ Նանա-Առաքելը, գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը: Բոլորից շատ շնորհակալ եմ:
– Որքանո՞վ է պատասխանատու` լինել գուսան Շահենի թոռնուհին:
– Պատասխանատվությունը, իհարկե, շատ մեծ է: Աշուղական արվեստն ավելի շատ մեր երկրի դեմքն է: Դա մի ուրիշ, բարձր արվեստ է, որ մյուս ժանրերի հետ չես կարող համեմատել: Բայց յուրաքանչյուրը պետք է երգի իր ձայնային տվյալներին համապատասխան ժանրի ու ոճի մեջ: Ինձ համար պատասխանատվություն է` տեղյակ լինել պապիկիս գործունեությանը, ստեղծագործություններին, երգել նաև իր երգերը, թեկուզ` յուրովի մեկնաբանելով, ինչը արել եմ ու էլի կանեմ: Միգուցե շատ մարդկանց կողմից կքննադատվեմ, որ գուսան Շահենի թոռնուհին երգում է ռոք, բայց դա ինձ այդքան էլ չի հետաքրքրում, որովհետև այդ մարդիկ պետք է հասկանան, որ ամեն մեկն իր տեղն ունի, ամեն մեկը պետք է ներկայանա իր ձայնին համապատասխան երգերով: Եթե տվյալ մարդն աշուղականի մեջ ճիշտ չերգի՝ ավելի շատ կքննադատվի:
– Երկար տարիներ երգել եք «Մանանա» համույթում, տարբեր համերգներով էիք ներկայանում, քանի՞ տարի գործեց և ինչո՞ւ կազմալուծվեց այն:
– «Մանանա» համույթը հիմնվեց 1992թ.՝ Պերճ Պռոշյանի անվան դպրոցի՝ մեր դասարանի հիմքի վրա, հետագայում դարձավ Պաշտպանության նախարարության խումբը: Գեղարվեստական ղեկավարը մայրս էր, պարերի խումբը ղեկավարում էր Սերոբ Վարդանյանը, իսկ հետո՝ Արտաշես Կարապետյանը: Առաջին անգամ այդտեղ եմ պարզել, որ ձայն ունեմ: Երբ խումբը կազմվեց՝ ես 12 տարեկան էի, որոշել էի պարի գծով գնալ: Մի օր, երբ երգչախմբի հերթական փորձն էր, որոշեցի մասնակցել փորձին:
Սկսեցի երգել ու զգացի, որ մայրս դադարեցնում է փորձն ու էլի շարունակում. ինչ-որ տարօրինակ ձայն էր լսել, ինչպես ինքն է ասում` ոչ մանկական: Մտածում է, որ տղաներից մեկի մոտ սկսվել է անցումային տարիքը, ու ձայնը փոխվել է: Փորձին կանգնած էին մոտ 300 երեխա, և մայրս որոշեց երգելու ընթացքում անցնել բոլորի մոտով և հասկանալ, թե դա ում ձայնն է: Ես էլ էի զգում, որ մի բան այն չէ, ինչ-որ հաստ ու բարձր ձայն է դուրս գալիս: Այդպես մայրս պարզեց, որ ես ձայն ունեմ, այն էլ՝ ցածր կոնտրալտո, որը հազվադեպ է հանդիպում: Մայրս ինձ տարավ Ռուբեն Մաթևոսյանի մոտ, հետո՝ Հովհաննես Բադալյանի, հետո՝ Կոնսերվատորիայի դասախոս Կալասարովայի մոտ, որն էլ ասաց, որ ցածր կոնտրալտո աշխարհում մի քանի հոգի են ընդամենը:
Մինչ այդ ես նկարում էի: Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում էի սովորում և ցանկանում էի այդ ուղղությամբ շարունակել: Սակայն ընդունվեցի ջազ քոլեջ՝ Ռուբեն Մաթևոսյանի մոտ, որն ավարտելուց հետո ընդունվեցի Նաղաշ Հովնաթանի անվան երաժշտական ուսումնարան, որտեղ իմ դասախոսն էր Անահիտ Բալյանը: Նա ձեռք չտվեց ձայնիս ներքևի ռեգիստրին ու բացեց վերևինը, և ձայնս ընդգրկեց 4 օկտավայից ավելի: Այդ ամբողջ ընթացքում երգում էի «Մանանայում», որն այն եզակի խմբերից էր, որ պատերազմի թեժ տարիներին համերգներով այցելում էր զորամասեր: Հիշում եմ՝ նույնիսկ շրջափակման մեջ էինք ընկել Ղարաբաղում: «Մանանան» կազմալուծվեց 1997թ.:
Երեխաների մի մասն ուսանողներն էին ու չէին հասցնում, մյուս մասն էլ Հայաստանից դուրս գնաց: 2003թ. մի քանի հոգով հավաքվեցինք` նկարահանվելու համար «Արմենիա» հեռուստաընկերության «Բացահայտում» ծրագրում, այդ տարի ունեցանք նաև համերգներ: Հիմա խմբի անդամներից յուրաքանչյուրը զբաղվում է իր գործերով: Տղաներից Դավիթ Զաքարյանն ու Հրաչ Վարդանյանն են զբաղվում երգով, իսկ աղջիկներից՝ միայն ես:
– Ի՞նչ եք կարծում՝ տարբեր տեսակի երաժշտական մրցույթներն օգնո՞ւմ են երգիչներին, թե՞ կարող են «կոտրել»:
– Կարծում եմ` երգիչը պետք է իր ձայնը տարբեր մրցույթներում փորձի, որ հասկանա, թե ինչքան է իր ուժը: Միգուցե ունենա շատ ավելի մեծ ձայնային տվյալներ, բայց տեղյակ չլինի ու ինքն իրեն քննադատի, ինչը շատ վատ է: Բայց կարող է լինել նաև հակառակը, երբ փոքր ձայնային տվյալներ ունի, բայց շատ մեծամիտ է, մրցույթին մասնակցելով՝ պարզվում է, որ մեծամտանալու տեղ չունի:
– Բայց Հայաստանում արդա՞ր են մրցույթները:
– Կարևոր չէ՝ երգիչը մրցույթում տեղ կգրավի՞, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ ժողովուրդը տեսնում է ու հաստատ ավելի լավ է ընկալում, թե որքանով է տվյալ երգիչը լավը: Իսկ երբ ժողովրդի կողմից ընդունվում է, ուրեմն ասելիք ունի, դա ավելի կարևոր է: Փոքր տարիքում ես էլ եմ շատ մասնակցել տարբեր մրցույթների ու միշտ առաջին մրցանակներին եմ արժանացել, ինչը ոգևորել ու ավելի կատարելագործվելու հնարավորություն է տվել ինձ: Բայց հիմա որևէ մրցույթի մասնակցելու ցանկություն դեռ չունեմ, որովհետև չեմ տեսնում մրցույթ, որտեղ ձայնն է գնահատվում, հիմնականում շոու են սիրում տեսնել:
– Դուք միշտ իմպրովիզներ եք անում` տարբեր երգեր երգելիս, նույնիսկ Շահենի «Խռոված էր» երգում: Այդ երգի ժամանակ քննադատություններ չեղա՞ն:
– Քննադատություններ եղան ու դեռ շարունակվում են: Այդտեղ մաքուր երգը թեև կա, բայց նաև իմպրովիզացիաներ եմ արել, որն աշուղական երգերի մեջ թույլատրելի չէ: Սակայն պապիկիս մաքուր հայկական խաղիկները նույնությամբ կարողանում եմ երգել, ուղղակի իմ տեմբրով: Ժողովուրդը պարզապես սովոր է սոպրանոների կոմ տենորների նուրբ կատարմամբ լսել աշուղական երգեր, իսկ իմ ձայնը ժողովրդի ականջին անսովոր է:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ պապիկիդ երգերում ուրիշներն են դիմում իմպրովիզների:
– Եթե երգին ճիշտ մոտեցում են ցույց տալիս, հետաքրքիր իմպրովիզներ են անում, որոնք ձուլվում են երգի հետ, եթե կա ասելիք, ապա միանշանակ ընդունում եմ: Բայց դեմ եմ, երբ աղավաղում են երգը: Ընդհանրապես վատ երգ չկա, պետք է մեկնաբանությունը ճիշտ լինի: Յուրաքանչյուր ազգ ունի իր հոգու կերտվածքը, ըստ դրա էլ՝ ստեղծվում է նրա արտահայտչամիջոցը, այսինքն՝ ձայնախաղերը: Մենք՝ հայերս, հաճախ երգում ենք՝ վերցնելով ուրիշների (հիմնականում` թուրքերի) ձայնախաղերը:
Պարզ է, որ մենք այլ հոգի ունենք ու չենք կարող ուրիշինով մերը ներկայացնել: Պապիկիս երգերը թուրքացնել չի հաջողվում, որովհետև հայկական հնչյունաշարերով են գրված, բայց փորձում են թուրքական ելևէջներ մտցնել, օրինակ՝ «Բինգյոլը», որի խոսքերի հեղինակն Ավ. Իսահակյանն է, վերջերս լայն տարածում է գտել Թուրքիայում:
Թեև նշում են, որ հայկական է, բայց իրենց շարքիների նման են երգում: Պարսիկներն էլ վերցրել են նույն «Խռոված էր» երգը, մեղեդին ավելի նուրբ են սարքել ու նույնիսկ պարսկերենով են երգում: Աշուղական երգը համարվում է հեղինակային, և նույնիսկ կոմպոզիտորներն իրավունք չունեն, առանց հեղինակային իրավունքների հարցումի, վերցնել երգն ու մշակումներ անել: Այս ամենին պետք է հետևեն ոչ թե հեղինակների ընտանիքները կամ իրենք` հեղինակները, այլ համապատասխան մարմինները:
– Շահինե, ունեք բազմաթիվ կտավներ, նույնիսկ Ձեր պապիկի դիմանկարն եք արել: Նկարչական կրթություն ունե՞ք, թե՞ ինքնուս եք:
– Սովորել եմ հայտնի նկարիչ Ստեփան Մինասյանի մոտ, ավարտել եմ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը, Արվեստների համալսարանը՝ դասական վոկալն ու կերպարվեստը միասին: Մի շրջան կար, երբ շատ էի նկարում, իսկ հիմա, եթե ժամանակի առումով հասցնում եմ՝ նկարում եմ:
– Իսկ երգարվեստում ինչո՞ւ էիք «լուռ» այսքան երկար ժամանակ:
– Իմ կյանքում եղավ մի շրջան, որ չէի ուզում ընդհանրապես երգել: Հետո բալիկս ծնվեց, զբաղված էի միայն իրենով: Կար նաև ֆինանսական խնդիր: Հիմա արդեն երգարվեստում եմ լինելու ու զբաղվելու եմ իմ սիրած աշխատանքով` անկախ ամեն ինչից: Մարդկանց համար գուցե սկզբում անսովոր լինի կերպարս, ձայնս, բայց ընթացքում կընտելանան: Կարևորը դեմքը չկորցնելն է: Եթե երգդ դու հավանես ու հոգով երգես` հաստատ բոլորը կընդունեն: Իսկ եթե չզգաս երգը, չընկալես ու ճիշտ չմատուցես, ինչ տիպի ձայն ուզում է` ունենաս, մեկ է` չես ընդունվի:
– Ի՞նչ սպասենք ապագայում, կարո՞ղ է նորից ռոք ոճում երգեք:
– Վոկալի, տեխնիկական առումով բարդ երգեր ունեմ, որոնք դեռ պետք է ներկայացնեմ հանդիսատեսի դատին: Անպայման կլինի նաև նոր տեսահոլովակ, բայց թե ինչ ոճում, թող անակնկալ մնա: