
Վրաստանում ՀՕՊ-ի համակարգ տեղակայելու մասին բանակցությունները թևակոխել են վճռորոշ փուլ. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանում ՀՕՊ-ի համակարգ տեղակայելու մասին բանակցությունները թևակոխել են վճռորոշ փուլ: Ալասանիան հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կշարունակվեն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն (ՊՆ-ի) նոր ղեկավարության պայմաններում.
«Հակաօդային պաշտպանությունը մեր երկրի պաշտպանության ամենաառանցքային բաղադրիչն է: Այն մշտապես հանդիսացել է մեր աքիլեսյան գարշապարը, սակայն մեր բանակը 2008 թվականի օգոստոսին առկա պայմաններում արել է առավելագույնը:
Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի հակառակորդին զսպելու ժամանակակից հակաօդային պաշտպանության առավելությունը, եթե գործը հասնի դրան ու էսկալացիան վերաճի դիմակայության:
Նախարարությունում (ՊՆ) իմ հայտնվելու առաջին իսկ օրվանից, երբ ես ծանոթացա առաջնահերթությունների վերաբերյալ զինվորականների կարծիքներին, մենք սկսեցինք աշխատել օդային համակարգի ստեղծման ուղղությամբ»: