Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը՝ սահմանադրական բարեփոխումների մասին

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ դիրորքորշում ունի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվող եռաստիճան դատական համակարգից երկաստիճանի անցնելու վերաբերյալ, ասաց, թե նման փոփոխության անհրաժեշտություն ինքը չի տեսնում:

«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ կապված դիրքորոշումները առաջարկություններ են: Առաջարկություններ թե՛ իրավաբանական հանրությանը, թե՛ ընդհանրապես հասարակության բոլոր անդամներին: Զուտ որպես հասարակության անդամի իմ կարծիքը՝ արդյոք մեզ պե՞տք է երկաստիճան համակարգի անցում, իմ կարծիքով՝ եթե մենք 1995թ. ստեղծել ենք եռաստիճան դատական համակարգ, 20 տարի գործում ենք այդ համակարգով ու համակարգի գործունեության մեջ որևէ բացասական էլեմենտներ ես չեմ տեսնում, անհրաժեշտություն չեմ տեսնում նաև երկաստիճանից եռաստիճան, եռաստիճանից երկաստիճան դատական համակարգի անցման համար, որովհետև մենք պետք է ֆիքսենք մեկ բան. գործի քննությունն իրականացնում է առաջին ատյանի դատարանը, բոլոր գործերով վերաքննություն իրականացնում է վերաքննիչ ատյանի դատարանը, վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունն օրենքի միատեսակ կիրառության ապահովումն է և իրավունքի զարգացմանը նպաստելը:

Այսինքն՝ վճռաբեկ դատարանը ոչ բոլոր գործերով է, որ պետք է հանդես գա որպես արդարադատություն իրականցնող մարմին, այլ այն գործերով, որոնցով իր ասելիքը կնպաստի իրավունքի զարգացմանը»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք իր տեսակետը ներկայացրե՞լ է մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկումների ընթացքում, Երվանդ Խունդկարյանը պատասխանեց. «Իհարկե, քննարկումներ, կարծիքների փոխանակում եղել է, բայց առաջարկությունների հիման վրա, իմ կարծիքով, էլի որոշակի քննարկումներ կլինեն, և դատական համակարգի իշխանության ղեկավարի կողմից ևս դիրքորոշումը ներկայացված է»:

Խոսելով երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատական նիստեր անցկացնելու առաջարկի մասին՝ նա ասաց, որ այս ինստիտուտը ներդրված է բազմաթիվ երկրներում՝ հիմնականում քրեական գործերով: Նրա խոսքով՝ կան նաև երկրներ, որտեղ երդվյալները մասնակցում են նաև քաղաքացիական գործերի քննությանը.

«Երդվյալ ատենակալների ինստիտուտի իմաստը կայանում է հասարակության ներգրավվածությանը՝ դատական համակարգի աշխատանքին, արդարադատության իրականացմանը: Իհարկե, ես չէ, որ պետք է գնահատեմ՝ քրեական գործերով արդյոք պե՞տք են ատենակալների մասնակցություն, թե՞ ոչ: Մասնագետների մեծ մասի կարծիքով՝ այո, ատենակալների ինստիտուտն անհրաժեշտ է»:

Տեսանյութեր

Լրահոս