Կիտրոն. ազնվազարմ պտղի բացառիկ բուժիչ հատկությունները
Բուժիչ նամակներ
Կիտրոնը հնագույն ժամանակներից օգտագործվել է բուժիչ նպատակներով։
Կիտրոնենու ճյուղերը և տերևները պարունակում են եթերային յուղ։ Տերևները հարուստ են C վիտամինով` մինչև 880 մգ` 100 գ հումքի մեջ։ Պտուղը պարունակում է ֆլավոններ, գլիկոզիդներ, պեկտինային նյութեր, կումարին, եթերային յուղ, մինչև 90 մգ C վիտամին, ռուտին, 4-6% օրգանական թթուներ, 2-4 % շաքարներ։
Պտղի սերմը պարունակում է ճարպեր և բուժիչ հատկություններ ունեցող դառնանյութ, որը կոչվում է լիմոնին։ Հյութը պարունակում է կարոտին, B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու (C)։ Պտղամիսը պարունակում է սպիտակուց, ածխաջրեր, գլյուկոզա, բջջանք։ Պտղում պարունակվող կալիումը և մագնիումն օգտակար են սրտին, կալցիումը` ողնաշարին և հոդերին, իսկ երկաթը կանխարգելում է սակավարյունության զարգացումը։ Պտուղը պարունակում է նաև պղինձ, մարգանեց և ցինկ, որոնք ուժեղացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, ֆոսֆոր և այլն։
Խորհուրդ։ Առավել օգտակար է հարթ և բարակ կեղևով կիտրոնը։
Ժողովրդական դեղատոմսեր
Բրոնխիտ. Մանր կտրատեք 5 միջին սոխ, աղացեք 1 կիտրոն (կեղևով)։ Խառնեք, ավելացրեք 100 գ մեղր։ Կերեք 2-ական թ/գ` օրը 3-4 անգամ։ Պահեք հով տեղում։
Թոքաբորբ. Խառնեք 1 աղացած կիտրոն, 4 ամբողջական սխտորի քերուկ, 100 գ մեղր։ Խմեք 1-ական թ/գ` նախաճաշից առաջ։
Հայմորիտ. Կիտրոնի թարմ, քամված հյութը լուծեք գոլ, նախօրոք եռացրած ջրում (1։10)։ Լուծույթը լցրեք ափի մեջ և կատարեք քթանցքերի լվացում։
Գրիպ. Խառնեք 1-ական կգ գազարի և խնձորի քերուկ, 2 աղացած կիտրոն, 300 գ չամիչ, 500 գ մանրացրած ծիրանի չիր, 60 գ մեղր։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Առիթմիա. Խառնեք 500-ական մլ կիտրոնի, գազարի և խնձորի և 1 լ նարնջի հյութեր, պահեք հով տեղում։ Խմեք 200-ական մլ` օրը 1 անգամ։
Տախիկարդիա. Խառնեք 1 լ կիտրոնի և 500 մլ ծիրանի հյութեր, 500 մլ հանքային ջուր։ Խմեք 200-ական մլ` օրը 1 անգամ։
Հիպերտոնիա. Առաջարկվող միջոցը կիրառվում է բժշկական պրակտիկայում։ Մաքրեք 2 խոշոր կիտրոն, աղացեք։ Խառնեք 1-ական լիտր կիտրոնի հյութի և հանքային ջրի լուծույթի մեջ։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 10 օր, օրը մի քանի անգամ չափեք ճնշումը։
Հիպոտոնիա. Տասը կիտրոնից ստացված կեղևը մանր կտրատեք, խառնեք 300 գ շաքարավազի հետ, 24 ժամ թրմեք։ Կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ։
Սրտի անբավարարություն. Մանրացրեք 30-ական գրամ սև սալորի և դեղձի չիր, 1 աղացած կիտրոն (առանց կեղևի)։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 1 անգամ, առավոտյան։
Միգրեն. Խառնեք 1-ական ճ/գ պատրինջի և դաղձի մանրացրած տերև, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 25 մլ կիտրոնի հյութ (կես կիտրոնից ստացված)։ Խմեք 3-ական ճ/գ, օրը 3 անգամ` ուտելու ընթացքում։
Նևրալգիա. Տրորեք ծիրանի կորիզի միջուկը, 3 ճ/գ միջուկը խառնեք 500-ական մգ աղացած կիտրոնի և մեղրի հետ։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 2 անգամ` նախաճաշից և քնելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս։
- Մանրացրեք, խառնեք 2 ճ/գ պատրինջի և 3 ճ/գ հաղարջ սևի տերևներ, 1 կիտրոնի կեղև։ Մեկ ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Անքնություն. Խառնեք 1 ճ/գ կիտրոնի հյութ, կես թ/գ մեղր, պոպոքի 2 գ տրորած միջուկ։ Կերեք քնելուց առաջ։
Նյարդային անհանգստություն. Մանրացրեք, խառնեք 1 ճ/գ առյուծագու խոտ և 1 կիտրոնի կեղև։ 3 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց հետո։
Հիպովիտամինոզ. 2 թ/գ մասուրի պտուղը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 2 րոպե եփեք, 30 րոպե թրմեք, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 200 մլ կիտրոնի հյութ։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
Ճարպակալում. Խառնեք 200-ական մլ ծիրանի և կիտրոնի հյութեր։ Խմեք 200-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
- Մանրացրեք, խառնեք ձմերուկի (2ճ/գ) և 1 կիտրոնի կեղև, 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 3-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 10 րոպե հետո։
Խոլեցիստիտ. Խառնեք սխտորի 3 մաքրած ատամիկի քերուկ, 1 աղացած կիտրոն, 3 ճ/գ մեղր։ Կերեք 2-ական ճ/գ` նախաճաշից առաջ։
Հեպատիտ. Խառնեք 1-ական լիտր նարնջի և գազարի և 100 մլ կիտրոնի հյութեր։ Խմեք 200-ական մլ` օրը 3-5 անգամ, շարունակեք 2 շաբաթ։
Հոդատապ. Խառնեք 200-ական մլ կիտրոնի և ձմերուկի հյութեր։ Խմեք 200-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 10 րոպե առաջ։
- Խմեք 100-ական մլ կիտրոնի թարմ հյութ, օրը 1 անգամ։ Կարելի է խմել երկար ժամանակ։
- Խառնեք հապալասի 2 ճ/գ տերև և 1 ճ/գ պտուղ, 1 կիտրոնի կեղև։ Հումքը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
Ցիստիտ. Մանրացրեք, խառնեք ազնվամորու 20 գ տերև, երեքնուկի 15 գ խոտ։ Հումքը 2 ժամ թրմեք 50 գ կիտրոնի և 100 մլ գոլ ջրի լուծույթի մեջ` մութ տեղում, քամեք։ Խմեք 50-ական մլ` քնելուց առաջ։ Շարունակեք 10 օր։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: