Դովեղցին տարիներ շարունակ Մարտակերտում աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկվել
tesankyun.am-ին է դիմել Ադրբեջանին սահմանամերձ Դովեղ գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Վահագն Ամիրխանյանը: Նա 1993թ. ավարտել է Ստեփանավանի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը, մասնագիտությամբ անասնաբույծ է: Նրա հայրը՝ Արամ Ամիրխանյանը, խորհրդային շրջանում շուրջ 32 տարի Դովեղում անասնապահական ֆերմայի վարիչ է աշխատել:
2005-2014 թթ. Վահագնը չէր եղել Հայաստանում, հոկտեմբերի 5-ին է Ղարաբաղից եկել Դովեղ: Ամուսնալուծված Վահագնը մինչ Ղարաբաղի Մարտակերտ քաղաք մեկնելը Բագրատաշենի շուկայում բեռնակրությամբ է զբաղվել:
Բագրատաշենում հանդիպել է այնտեղ առեւտրի եկած, Մարտակերտի բնակչուհի , 1955թ. ծնված Օֆելյա Օհանջանյանին: Վ. Ամիրխանյանն ասաց, որ 5 տարի՝ 2005թ. օգոստոսի 25-ից մինչեւ 2010թ. նոյեմբերի 30-ը ինքն աշխատել է Օֆելյա Օհանջանյանի մոտ, Մարիամ» ՍՊԸ-ում, զբաղվել անասնապահությամբ, սակայն աշխատավարձ չի ստացել:
«Մարիամ» ՍՊԸ տնօրենը Օֆելայի ամուսինն է՝ Գրիշա Սարգսյանը, ով անասնապահների հանդեպ ավելի վատ է վերաբերել, քան՝ իր կինը: Վ. Ամիրխանյանն ասաց, որ Գ. Սարգսյանը իրեն մեկ ամիս պահել է անասնագոմի մեջ՝ հորթերի եւ ոչխարների հետ, գոմի դուռը գիշերը մետաղալարով փակել է, որ Վահագնը դուրս չգա:
Վերջինիս խոսքերով՝ մինչ իր գնալը Օհանջանյանի մոտ անասնապահ է աշխատել Հայաստանի Մարտունի քաղաքից Գյուլնարա Օհանյանի տղան՝ 12-ամյա Ավետիքը, որը Մարտակերտի դաշտերում անասուն պահելու ժամանակ, 2005թ. օգոստոսի 14-ին նռնակի պայթյունից զոհվել է:
Ավետիքի 8-ամյա քույրը՝ Անին, Մարտակերտում արածեցրել է այլ անասնատիրոջ ոչխարները : 2006թ. օգոստոսի 5-ին Վահագնը թունավորվել է, հաջորդ օրը տեղափոխվել է Մարտակերտի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Դեռ չէր ապաքինվել, սակայն Օֆելյա Օհանջանյանի հեռախոսազանգ-պահանջով բաժանմունքի վարիչը ամսին 12-ին նրան դուրս է գրել:
Վ. Ամիրխանյանն ասաց, որ ինքը 2 անգամ փորձել է փախչել, սակայն Գ. Սարգսյանը եւ Օ.Օհանջանյանը ավտոմեքենայով իր դեմը կտրել են, վերադարձրել: 2010թ.-ին դժվարությամբ Օ. Օհանջանյանի եւԳ. Սարգսյանի մոտից հեռանալուց հետո Վ. Ամիրխանյանը որպես անասնապահ աշխատել է այլ անձանց մոտ:
Վահագնի վկայությամբ՝ Թալիշ գյուղի բնակիչ Անդրանիկ Սեդրակյանը Կրասնոդարի երկրամասում հետախուզվում է անօրինական օղիներ արտադրելու համար: Անդրանիկը Վահագնին խոստացել է 300 գլուխ ոչխար պահելու համար ամսական 90 հազար դրամ աշխատավարձ վճարել:
Ոչխարների թիվը աճելով՝2014թ. գարնանը հասել է 400-ի, սակայն ռոճիկը չի ավելացել: 2010թ. Ստեփանակերտի ոստիկանության քննիչ Բորիս Բախշյանի միջնորդությամբ վերջինիս եղբայրը՝ Միշա Բախշյանը Օ. Օհանջանյանից վերցրել է Վահագն Ամիրխանյանի փաստաթղթերը՝ աշխատանքային գրքույկը, սոցիալական քարտը, վարորդական իրավունքի եւ ծննդյան վկայականները:
Մ. Բախշյանին պատկանող, Վ. Ամիրխանյանի պահած կովերից մեկը գայլը կերել է, Միշան դա Վահագնի վրա 250 հազար դրամի վնաս է հաշվարկել: Ծաղկաշեն գյուղի բնակիչԱրթուր Խաչատրյանը այդ գումարը վճարելով՝ Վահագնի փաստաթղթերը վերցրել- հանձնել է իր բիզնես գործընկեր Անդրանիկ Սեդրակյանին: Վահագնը վերջինիս մոտ երկու տարի հինգ ամիս՝ 2012թ. ապրիլի 25-ից մինչեւ 2014թ. հոկտեմբերի 5-ը անասնապահ է աշխատել:
Ամսական պետք է ստանար 90 հազար դրամ, որից 40 հազարը հաշվվել է որպես սննդի ծախս: Ընդհանուր 29 ամսվա համար Վահագնը պետք է ստանար 1 միլիոն 450 հազար դրամ: Անդրանիկ Սեդրակյանը նրան ասել է, որ իր փաստաթղթերը կարող է ստանալ, եթե «կորած» թեքայի եւ ուլի եւ փչացած հեռուստացույցի վնասը հատուցի: Վահագնը գրառել է,որ 2013թ. հունիսի 1-ից մինչեւ 2014թ. հոկտեմբերի 5-ը ոչխարի հոտից ընդհանուր 202 գլուխ ոչխարի մորթ, վաճառք եւ հիվանդությունից անկում է եղել: Վահագնից իմանալով Օֆելյա Օհանջանյանի հեռախոսահամարը՝ զանգահարեցինք նրան:
Օֆելյան ասաց, որ Վ. Ամիրխանյանը սուտ է ասում, նա իր մոտ անասնապահ է աշխատել ընդամենը 8 ամիս, ինքը նրա համար մշտապես ծխախոտ է գնել, հագուստ տվել, ամուսնացրել 19-ամյա աղջկա հետ, փակել Բագրատաշենի շուկայում Վահագնի թողած 67 հազար դրամի պարտքը եւ այլն:
12-ամյա Ավետիքի զոհվելու վերաբերյալ նշեց, որ տղան դաշտում պայթուցիկ իր է գտել, ցանկացել դրանից գունավոր մետաղ վերցնել եւ զոհվել է: Վ. Ամիրխանյանն ասաց, որ Օֆելյան իր համար կին է ճարել, ամուսնության հետ կապված ընդհանուր ծախսերը, որ հոգացել է Օֆելյան, եղել է 39 750 դրամ: Վահագնի խոսքերով՝ իրեն տվել են Գրիշա Սարգսյանի հին շորերը եւ «Պրիմա» ծխախոտ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: