«Խիղճս հանգիստ է». «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երեխայի գործով ցուցմունք տվեց բժիշկ ամբաստանյալը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանը: Վերջինս նախ ցավակցեց երեխայի հարազատներին՝ նշելով, որ այն համոզմունքը, թե բժիշկների համար միևնույն է՝ երեխայի մահը, նրանք սովոր են նման երևույթների, ճշմարտություն չէ: «Ցանկացած բժշկի համար էլ մեծ ցավ է, երբ իր պացիենտի հետ վատ ելք է լինում ու մահով է ավարտվում»,- դատարանում ասաց Լիլիթ Վարդանյանը:

«Բոլոր դատական նիստերին քննվեց իմ «անգրագիտությունը», ո՞նց կարելի էր ինձ ընդհանրապես վստահել հիվանդանոց»,- դատարանում ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ իր «անգրագիտությունը» ձեռք է բերել՝ սովորելով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Մանկաբույժն ասաց, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին բժշկական համալիրում հերթապահներից մեկն է եղել. նրա խոսքով՝ այդ օրը հիվանդանոցի ծանրաբեռնվածությունը կարելի էր միջին համարել. ստացիոնարում բուժվող մոտ 100 հիվադ կար: Ամբաստանյալն ասաց, որ Լիա Միսակյանին հիվանդանոց բերել են շտապօգնության մեքենայով, ինքը մոտեցել է նրան, խոսել շտապօգնության բժշկի և երեխայի մոր հետ.

«Մայրը նշեց, որ 2-3 օր է՝ երեխան հիվանդ է, ջերմել է, բայց օրական 1-2 անգամ ու իրենք այդքան շատ ջերմիջեցնողներ չէին օգտագործել: Մեկ օր առաջ բարձր ջերմության ֆոնի վրա երեխան ունեցել էր ֆսխում, իսկ տվյալ օրը՝ հենց ամսի 31-ին բարձր ջերմության ֆոնի վրա երեկոյան դիտվել էր ցնցում, գիտակցության կորուստ ու քիթ-շրթունքային եռանկյունում կապտությամբ, որը տևել էր վայրկյաններ:

Իրենք տանը դրել էին paracetamol մոմիկ, բայց երբ հարցրեցի, թե ինչ դեղաչափով էր այդ մոմիկը, մաման չէր կարողանում նշել, չէր հիշում: Այդ պահին ես խնդրեցի նորից ջերմաչափում աներ բուժքույրը և սկսեցի զննել երեխային՝ զուգահեռ խոսելով մամայի հետ: Երեխան նստած էր հանգիստ, մամայի կողքը, շնչառությունը բերանով էր. քթերից առատ արտադրություն ուներ ու տնքում էր, այտերը՝ մի փոքր կարմրած, շրթունքները՝ չոր: Մորից այդ պահին զուգահեռ հարցրեցի՝ լրիվ առողջ ֆոնի վրա՞ է զարգացել այս 2-3 օրվա հիվանդությունը, ասաց՝ չէ, մի երկու շաբաթ է՝ սկսել էր մեկ-մեկ հազալ ու քթերից հոսել: Հարցրեցի՝ արդյոք ինչ-որ մի բժշկի կողմից զննվե՞լ է տվյալ օրերի այդ գանգանտների կապակցությամբ, ասաց, որ կայուն գանգատներ չեն եղել, ինքն իրեն շատ լավ է զգացել, անգամ հաճախել է մանկապարտեզ և կարիքը չեն ունեցել, որպեսզի տեղամասային մանկաբույժի դիմեն կամ կանչ գրանցեն:

Երբ հարցրեցի՝ արդյոք իր մոտ շուտ-շո՞ւտ են նման խնդիրներ կամ կյանքի ընթացքում որևէ հիվանդություններ տարե՞լ է, թե ոչ, ասաց, որ նորմալ է ամենը ընթացել, կյանքում երբևէ ստացիոնար բուժում ստացած չկային և ընդամենը շուր շնչական վարակներ է տարել՝ տան պայմաններում բուժվող, որոնք մի քիչ ավելի հաճախացել են, երբ սկսել է հաճախել մանկապարտեզ: Պատվաստումները լրիվ ստացած էր բալիկը»:

Լիլիթ Վարդանյանն ասաց, որ երեխան այդ ընթացքում շարունակել է ջերմել, նրա շնչառությունն առանց ներքաշումների էր, առան հևոցի, ինքը զննել է երեխայի բկանցքը, լսել է թոքերը, առկա էր «կոշտացած շնչառության ֆոնի վրա հաղորդակցվող խզոցներ», որոնք թոքաբորբին բնորոշ չեն եղել. «Որևէ թոքաբորբին բնորոշ նշաններ չկային»:

Բժիշկը պատմեց, որ շոշափել է երեխայի որովայնի խոռոչը, օրգանների մեծացում չի եղել, երեխայի ծնողները պատմել են, որ ցնցման ժամանակ եղել է գիտակցության մթագնում, ունեցել է կապտություն:

«Հորը բացատրեցի, որ նշված հիվանդությունը վիրուսային վարակին է բնորոշ, օջախը բկանցքն է, նշիկները՝ նշիկների բորբոքումով ուղեկցվող»,- Լիլիթ Վարդանյանը պատմեց դատարանում՝ նշելով, որ ինքն ասել է, որ ճիշտ կլինի հսկողությունը կազմակեպել հիվանդանոցային պայմաններում:

Բժշկի խոսքով՝ բացվել է երեխայի քարտը, ինքն այնտեղ նշումներ է կատարել՝ նշանակելով մի քանի անալիզներ, ջեմիջեցնողներ և ներերակային կաթիլային նշանակել.

«Թոքաբորբի որևէ նշան ես չունեի, որպեսզի ուղեգրեի ռենտգեն քննության»:

Ապա երեխային ուղարկել է բաժանմունք: Բժիշկը նկարագրեց նաև իր հետագա գործողությունները: Նա նշեց, որ հաջորդ օրը հանձնել է հերթապահությունը, մինչև ժամը 1-ը գտնվել հիվանդանոցում:

Լիլիթ Վարդանյանի խոսքով՝ երբ հաջորդ անգամ հիվանդանոց աշխատանքի է եկել, մայրապետն իրեն ասել է. «Տեղյա՞կ ես, քո ընդունած հիվանդը մահացել է բաժանմունքում: Ես ամենավերջինը Լիայի մասին կմտածեի, ընդհանրապես մտքովս չէր անցնի, որ դա Լիան է: Ես ավելի շատ այն մյուս 2-3 հոգու մասին կմտածեի, որոնք, իրոք, ծայրահեղ ծանր վիճակով էին եկել, ու զարմացած ուղղակի գնացել եմ բոքսային բաժանմունքի բժիշկների սենյակ՝ հերթապահ բժիշկների հետ խոսելու, թե ի՞նչ է կատարվել:

Իրինա Մամյանն էր այնտեղ, ասաց, որ երեխան դժվարաշնչություն ուներ առավոտյան, ռենտգեն է արել, որով աջից շատ քիչ փոփոխություն կար, որի համար անտիբիոտիկ է նշանակվել, անգամ թթվածնաքաղց երեխան չի ունեցել ու հանկարծակի երեկոյան սրտի կանգ է դիտվել հենց բաժանմունքում: Ու ինքն էլ ասաց՝ չգիտեմ՝ ինչի՞ց եղավ»:

Լիլիթ Վարդանյանը դատարանում հայտնեց իր անհամաձայնությունները փորձաքննություններից մեկի եզրակացության հետ: Նախ նա նշեց, որ մեղադրանքի որոշման մեջ նշված է, թե ինքը բոքսային բաժանմունքի բժիշկ է, սակայն դա այպես չի եղել, ինքը պարզապես հերթապահող բժիշկ է եղել.

«Երկրորդ փորձագիտականի առաջին կետով՝ գրված է, որ իմ կողմից դրված ախտորոշումը եղել է թերի, ու քանի որ երեխան ուներ 14 օրվա հազ և ուներ փսխում, ես պետք է դնեի թոքաբորբ, ոչ թե սուր շնչական վարակ, բայց ասեմ, որ դրանք բոլոր սուր շնչական վարակներին և ոչ սուր շնչական վարակներին բնորոշ ախտանիշներ են, թոքաբորբին բնորոշ ախտանիշներ չեն»:

Ամբաստանյալն իր անհամաձայնությունը հայտնեց այն հանգամանքի հետ, թե ինքն անմիջապես պետք է ռենտգեն քննություն նշանակեր. «Քանի որ ախտորոշումը ճիշտ է դրված եղել, ռենտգեն քննությունն ինձ ոչինչ չէր տալու, ու որևէ ցուցում չունեի ես ռենտգեն կատարելու: Եթե բկանցքում ես չունենայի արտադրություն ու չիմանայի, թե որտեղից է երեխան ջերմում, խնդիր չկա, ես այդ ժամանակ ախտորոշիչ նպատակով պետք է կատարեի կրծքավանդակի ռենտգեն: Բայց ես ունեի ջերմություն օջախ ու թոքաբորբի որևէ նշան չունեի, որ իմ ախտորոշումը հաստատելու համար կատարեի ռենտգեն քննություն»:

«Արյան քննությունների ստանալու հետևողական լինելը… Արդեն երևի 5 տարի է՝ Արաբկիրում եմ, մեր աշխատանքն այսպիսին է. մենք ընդունում ենք հիվանդին, ցուցումները գրվում են իր քարտում, ու բուժքույրերն իրականցնում են բոլոր հրահանգները: Եթե չի կատարվում, անպայման տեղեկացնում են հերթապահ բժիշկներից որևէ մեկին: Ես ցուցմուները, հրահանգները ոչ միայն գրել եմ, նաև բանավոր ձևով հրահանգել եմ բուժքրոջը: Չստանալու մասին որևէ տեղեկություն չեմ ունեցել: Անգամ երբ զանգեց, ասաց ջերմում է, ասացի՝ ամեն ինչ արվա՞ծ է, ասաց՝ ամեն ինչ արված է, կաթիլայինը կաթում է: եԵթե կաթլիայինը կաթում է, կատետորը դրված է, ուրեմն հաստատ այդ կատետորը դնելուց անալիզները վերցված են: Ես ուղղակի չեմ իմացել, որ արյան քննություն վերցված չէ»,- ասաց Լիլիթ Վարդանյանը:

Նա նշեց, որ հերթապահության ընթացքում բոլոր անալիզները «գալիս են հաջորդ օրն առավոտյան»:

Իր ցուցմունքում նա անդրադարձավ նաև այլ հանգամանքների: «Ես երևի արել եմ, ինչ կաներ ցանկացած բժիշկ այդ պահին ընդունված բալիկի համար: Այդ առումով՝ իմ գործողությունների առումով, խիղճս հանգիստ է, հաստատ, բայց իրոք շատ-շատ եմ ցավում, որ նման ելք է ունեցել, բայց իմ ձեռքից ուրիշ ոչ մի բան անել ես չէի կարողանա»:

 

Տեսանյութեր

Լրահոս