
ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռը բախվել է ուղղաթիռի հետ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի երկնքում միմյանց են բախվել թեթև շարժիչով ինքնաթիռն ու ուղղաթիռը: Ավիաաղետի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 2 մարդ տուժել է: Այս մասին երեկ հայտնել է ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը:
Cirrus SR22 ինքնաթիռը Robinson R44 ուսումնական ուղղաթիռի հետ բախվել է Ֆրեդերիկ քաղաքի օդանավակայանից հարավ-արևմուտք, տեղական ժամանակով ժամը 15.40-ի մոտ: Ինքնաթիռը թռչել էր Թեննեսի նահանգի Քլիվլենդ քաղաքի օդանավակայանից և պետք է վայրէջք կատարեր Ֆրեդերիկում:
Բախումից հետո երկու թռչող սարքերն էլ ընկել են գետնին: Դեռ հայտնի չէ, թե նրանցից որ մեկի ուղևորներն են զոհվածները: Մարմնական տարբեր վնասվածքներ ստացած տուժածներին տեղափոխել են Հեյգերսթաուն քաղաքի բուժկենտրոն: Տարվում է հետաքննություն: