Բաժիններ՝

Կարո՞ղ էր Ճապոնիան 1942 թվականին հարձակվել ԽՍՀՄ-ի վրա. Die Welt

2014 թվականի հոկտեմբերի 14-ին գերմանական Die Welt թերթում հրապարակվել է գերմանացի Բերտոլդ Զեևալդի «Կարո՞ղ էր Ճապոնիան 1942 թվականին հարձակվել ԽՍՀՄ-ի վրա» խորագրով հոդվածը, որը ներկայացվում է ստորև.

«1941 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Պիռլ Հարբորի վրա Ճապոնիայի հարձակվելուց 4 օր անց, Հիտլերը պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ին: Առավել զարմանալին այն է, որ ճապոնացիներն իրենց հերթին չմիացան ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում Երրորդ ռեյխին:

Թեև երկու երկրներն էլ միմյանց կապված էին տարբեր պայմանագրերով՝ Ճապոնիան դեռևս մինչև հիտլերյան «Բարբարոսա» պլանը քանիցս պատերազմական վիճակում է հայտնվել ԽՍՀՄ-ի հետ:

Որքան որ բարդ է մանրակրկիտ պատասխանել տվյալ հարցին, այնքան էլ այն պարզ է, եթե հարցը ձևակերպենք կարճ. Գերմանիային (նաև Իտալիային) ու Ճապոնիային միավորող գործոնները բավարար չէին, որպեսզի «ընդհանուր հայտարարի» հանգեին նրանց կատարելապես տարբեր քաղաքական ու ռազմավարական շահերը:

Թեև Ճապոնիան ու Իտալիան մտնում էին Առաջին համաշխարհային պատերազմը շահած երկրների թվում, նրանք երկուսն էլ նվաճված ավարի բաժանման ժամանակ իրենց խաբված էին համարում մյուս երկրների կողմից:

Իր իշխանության գալու համար Հիտլերը ոչ վերջին հերթին էր պարտական Գերմանիայում տարածում գտած այն կարծիքին, որ Գերմանիային՝ որպես տանուլ տված երկրի, հայտարարել էին Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծման գլխավոր մեղավոր: Երեք երկրների համար միավորող գործոններ դարձան պատերազմի արդյունքները վերանայելու նրանց ձգտումները:

1936 թվականին Երրորդ ռեյխն ու Ճապոնիան ստորագրեցին Հակակոմինտերյան պակտը, որին 1937 թվականին միացավ նաև Իտալիան: Այդ փաստաթղթի հիման վրա 1940 թվականի սեպտեմբերին ստորագրվեց Բեռլինի, Հռոմի ու Տոկիոյի միջև «առանցքի» ստեղծման մասին Եռյակ (Բեռլինյան) պակտը:

Թեև երկու պայմանագրերում էլ կարևոր դեր էին խաղում ԽՍՀՄ-ի հետ նրանց մասնակիցների հարաբերությունները, այնուամենայնիվ, Ստալինի բռնապետության հանդեպ Գերմանիայի ու Ճապոնիայի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում էին միմյանցից:

Հակակոմինտերյան պակտին գաղտնի հավելված համաձայնագրով երկու կողմերը պայմանավորվեցին միմյանց հանդեպ չեզոքության մասին, եթե իրենցից մեկը հարձակման ենթարկվի ԽՍՀՄ-ի կողմից: Եռյակ միությունն առաջին հերթին ուղղված էր ԱՄՆ-ի դեմ:

Որպեսզի խոչընդոտի Մեծ Բրիտանիայի կողմից ԱՄՆ-ի պատերազմի մեջ մտնելը, Հիտլերն անգամ ընդառաջ գնաց Ճապոնիայի ցանկությանն ու ԽՍՀՄ-ին առաջարկեց միանալ այդ համաձայնագրին: Դրա համար պակտի մասնակիցները պատրաստ էին նրան զիջել Հնդկաստանն ու Իրանը:

Նման շրջադարձը առաջին հերթին կապված էր Հիտլերի փոփոխական մարտավարության, իսկ երկրորդ հերթին՝ նրա հետ, որ ճապոնացիները սահմանային կոնֆլիկտներում 1938 և 1939 թվականներին կործանիչ պարտություններ էին կրել Կարմիր բանակից:

Հիտլերի կողմից 1939 թվականի օգոստոսին Ստալինի հետ չհարձակման մասին պայմանագրի ստորագրումը Տոկիոյում ընկալեցին որպես Եռյակ պակտի խախտում:

Ֆրանսիայի նկատմամբ Վերմախտի հաղթանակից հետո Ճապոնիան հուսով էր, որ շուտով պարտություն կկրի նաև Մեծ Բրիտանիան, և որ նա կարող է դրա հաշվին «աշխուժանալ»: Դրա համար էլ թե՛ գերմանացիները, թե՛ ճապոնացիները ձգտում էին խոչընդոտել ԱՄՆ-ի կողմից պատերազմի մեջ մտնելը:

1938 թվականին Կարմիր բանակի հետ Խասանի ծանր մարտերից ու 1939 թվականին Խալխին Գոլի ճակատամարտից հետո ճապոնական հրամանատարությունը ձգտել է կայուն վիճակ պահպանել ճակատի այդ մասում:

Մոնղոլիայի ու ճապոնական խամաճիկային «Մանչժոու-Գո» պետության միջև սահմանային շրջանում Կարմիր բանակից կրած ծանր պարտությունը, որը վերածվեց ճապոնական մի ամբողջ բանակի ոչնչացման, առաջին հերթին ի հայտ բերեց Ճապոնիայի անկարողությունը՝ կապված միանգամից երկու ճակատով ՝ ԽՍՀՄ-ի ու Չան Կայշիի չինական բանակի դեմ, պատերազմ մղելու համար:

Բացի այդ, Գերմանիան ու Ճապոնիան ռազմական գործողությունների էին պատրաստվել համապատասխանաբար ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի դեմ՝ միմյանց հետ չհամակարգելով իրենց գործողությունները:

Այն ժամանակ, երբ Հիտլերը պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ին՝ հուսալով ճապոնացիների համար օրինակ ծառայել և նրանց դրդել ԽՍՀՄ-ի վրա հարձակվելուն, կայսերական զորքերը, հաշվի առնելով 1937 թվականից Չինաստանի դեմ ձգձգվող իրենց պատերազմը, կայացրեցին այլ որոշում:

Նրանք ձգտեցին ստեղծել ավտարկիկ (ինքնաբավարարման) «Բարեկեցության ասիական մեծ մարզ», ինչն անհրաժեշտ է պաշտպանել բոլոր ուժերով: Պատմաբան Վեռներ Ռանը գրում է.

«Տոկիոն ընդհանրապես չի մտածել այն մասին, որ օգտվի ռազմական գործողությունները համաձայնեցնելու առավելություններից, որովհետև նրա ռազմավարական նպատակները կատարելապես հստակ սահմանափակվել են Չինաստանով ու Հարավ-արևելյան Ասիայով, իսկ Եվրոպայում պատերազմը նա դիտարկել է միայն որպես արևմտյան երկրների հետ իր համար բարեհաջող կապ»:

Այդ պատճառով էլ Ճապոնիան 1941 թվականի ապրիլին ԽՍՀՄ-ի ստորագրեց չեզոքության մասին պակտ: Այն մասին, որ նա դա պահպանելու է նաև ԽՍՀՄ-ի վրա Հիտլերի հարձակման դեպքում, նշված է մասնավորապես Տոկիոյից գերմանացի գործակալ Ռիխարդ Զորգեի հաղորդագրություններում:

Ընդ որում, Ճապոնիայի ռազմածովային ուժերի ու ցամաքային զորքերի հրամանատարությունները պատերազմի սկսվելուց հետո հետապնդել են կատարելապես տարբեր նպատակներ:

Այն ժամանակ, երբ նավատորմը 1941-1942 թվականների սահմանագծին իր հաղթանակներից հետո լիովին հնարավոր համարեց Խաղաղ (նաև Հնդկական) օվկիանոսի հյուսիսային հատվածում հարձակողական գործողություններ իրականացնելը, ցամաքային զորքերը պահանջեցին սահմանափակվել պաշտպանական գործողություններով:

1942 թվականի մարտի 13-ի համաձայնեցման կոնֆերանսում հաղթեց ցամաքային զորքերի հրամանատարությունը: Արդյունքում որոշում ընդունվեց մինչ այդ նվաճած տարածքների համախմբման և հետագա հարձակողական գործողություններից հրաժարվելու մասին, որպեսզի հնարավորություն ստանան դիմակայելու ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեմ հնարավոր հյուծիչ պատերազմում:

Հանուն դրա որոշվեց չեզոքություն պահպանել ԽՍՀՄ-ի հանդեպ և տեսնել, թե որքան հաջող կլինեն առաջիկա ամռանը Գերմանիայի հարձակողական գործողությունները:

Վեռներ Ռանը գրում է. «Իսկ 1942 թվականի հունիսին Միդուեյի ծովամարտում ամերիկյան նավատորմից կրած պարտությունից հետո, որի ժամանակ ճապոնացիները կորցրին 4 խոշոր ավիակիր, ռազմածովային ուժերի հրամանատարությունը նույնպես հարկադրված եղավ հրաժարվել Ճապոնիայի ու Գերմանիայի միջև գլոբալ-ռազմավարական համագործակցությունից, որի հետ մեծ հույսեր էին կապել»:

Ճապոնական ու խորհրդային զորքերի միջև ճակատամարտերը տեղի ունեցան միայն 1945 թվայանի օգոստոսին, այն բանից հետո, ինչ Ստալինը խզեց դեռևս գործող Չհարձակման մասին պակտը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս