Բաժիններ՝

Ինչպես անտեսեցին Էկոնոմիկայի նախարարության կարծիքը

«Շրջանառության հարկի» մասին օրենքի փոփոխությունը թերևս վերջին շրջանում ընդունված ամենաինտրիգային օրենքներից էր։ Գնալով այս օրենքի հետ կապված ավելի հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս: Երեկ, հերթական անգամ աչքի անցկացնելով այս օրենքի նախապատմությունը, պատահականորեն հայտնաբերեցինք մի հետաքրքիր փաստաթուղթ, որը շատ հարցերի է պատասխանում։ Սակայն ամեն ինչ` հերթով։

Հիշեցնենք, որ այս օրենքը կառավարության հավանությանն արժանացավ 2014թ. հունիսի 12-ի նիստում։ Օրինագծին նիստում անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Մինչև առաջ անցնելը խնդրում ենք ուշադիր կարդալ Հովիկ Աբրահամյանի ելույթը` կառավարության հունիսի 12-ի նիստում.

«Հարգելի գործընկերներ, իրոք ՀՀ ֆինանսների նախարարությունը տևական ժամանակ զբաղվել է օրինագծի մշակմամբ: Ես վերջին անգամ երեկ եմ հանդիպել ու բոլոր հարցերը քննարկել ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք բեռը, 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է մինչև 1 տոկոս, մեր բյուջեի եկամուտները նախնական հաշվարկով մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: Բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր և միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում մենք ակնկալում ենք նաև, որ մեր բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այս խնդրում Ֆինանսների նախարարությունը պետք է շատ հետևողական լինի, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին, այն է` խոշոր գործարարը հարկային դաշտում աշխատի, և ՓՄՁ-ն չդիտարկվի` որպես հարկատու: Սա է մեր գաղափարը, և իմ կարծիքով` մենք հաջողության կհասնենք, եթե հետևողական լինենք: Փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու մեծ քայլ է կատարվում, որպեսզի իրոք կայանան: Սա է մեր նպատակը»:

Հետո օրենքն ուղարկվեց Ազգային ժողով և ընդունվեց։ Ընդ որում, կողմ քվեարկեց ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն։ Շարունակությունն արդեն բոլորին է հայտնի։ Առևտրականները սկսեցին բողոքել, քանի որ գտնում են, որ օրենքն ի վնաս իրենց է գործելու։ Նրանք ասում են, որ խոշոր բիզնեսն իրենց փաստաթղթեր չի տրամադրում, և իրենք հայտնվելու են ռիսկի տակ։ Առևտրականներին միացան քաղաքական ուժերն ու հայտարարեցին, որ պետք է կասեցնել օրենքը և այն դարձնել կամավոր` ով ցանկանում է` կարող է անցնել 1% ռեժիմի, ով ոչ` կարող է վճարել 3.5% և ազատ լինել պարտադիր փաստաթղթաշրջանառությունից։

Այն մասին, թե ինչպե՞ս պատահեց, որ օրենքի դեմ այսօր պայքարող քաղաքական ուժերը 3 ամիս առաջ կողմ էին քվեարկել, արդեն գրել ենք։ Ավելի լավ է անցնենք առաջ, քանի որ շատ ավելի հետաքրքիր հարցեր են ծագում։

Կառավարությունը մի որոշ ժամանակ անդրդվելի էր և հայտարարում էր, որ առևտրականների և ոչ իշխանական ուժերի փաստարկներն անընդունելի են։ Ընդամենը հայտարարում էին, որ զերծ են մնալու ՓՄՁ-ին ստուգելուց, և իրենց թիրախը խոշոր բիզնեսն է։ Հետո եղավ անսպասելին։ ՓՄՁ ոլորտի առևտրականները հանդիպեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, վերջինս ընդունեց նրանց փաստարկներն ու խնդրահարույց կետերը վերացնելու համար ֆինանսների նախարարին հանձնարարեց Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի` գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:
Ինչպես ասում են` տեղ հասանք։ Մեկ անգամ էլ կարդացեք հունիսի 22-ի Հ. Աբրահամյանի խոսքը.

«Ես վերջին անգամ երեկ եմ հանդիպել ու բոլոր հարցերը քննարկել ՓՄՁ ներկայացուցիչների հետ»: Հարց է առաջանում` այդ ի՞նչ ՓՄՁ ներկայացուցիչների հետ էր հանդիպել Հովիկ Աբրահամյանը, որ այն ժամանակ վարչապետին չէին ներկայացրել իրենց մտահոգությունները։ Սակայն դա էլ ամենազարմանալին չէ։ Որովհետև այդ բոլոր մտահոգություններն ու ռիսկերը ՀՀ վարչապետին ծանոթ էին դեռ այդ ելույթից` օրենքն ընդունելուց առաջ։ Ծանոթ էին սեփական աղբյուրներից։ Բանն այն է, որ ցանկացած օրինագիծ, մինչև կառավարության հավանությանն արժանանալը և ԱԺ ուղարկվելը, գնահատվում է տարբեր գերատեսչությունների կողմից։

Յուրաքանչյուր նախարարություն իր գծով եզրակացություն է ներկայացնում տվյալ օրինագծի ազդեցության վերաբերյալ։ Իսկ հիմա խնդրում ենք կարդալ Էկոնոմիկայի նախարարության եզրակացությունն այդ աղմկահարույց փաթեթի վերաբերյալ, որը ստորագրել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, այժմ` ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը.

«Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

  • Նախագծով առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող բոլոր հարկատուների համար սահմանվում է ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջ և ստուգման ընթացակարգ, ինչը կհանգեցնի ֆինանսական ծախսերի և վարչարարության ավելացմանը:
  • Նախագծով ամրագրվում է հայտարարությունով շրջանառության հարկ վճարող համարվելու դրույթ, ինչի արդյունքում մի շարք տնտեսավարողներ կհայտնվեն հարկման բարդ ռեժիմում:
  • Նախագծով առաջարկվում է կրկին անգամ փոփոխել ֆիզիկական անձանց փոխկապակցվածության հարցը, ինչը տարընթերցումների և կամայականության հիմք կարող է հանդիսանալ` ավելացնելով ընկերությունների համար վարչարարական բեռը:

Հաշվի առնելով վերոնշյալը` ներկայացված բովանդակությամբ Նախագիծը համարում ենք անընդունելի»:

Նմանատիպ եզրակացություն տվել էր նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը. «Նախագծերի ընդունմամբ փոքր կազմակերպությունների մեծամասնությանը ԱԱՀ վճարող դարձնելով` անհավասար պայմաններ կստեղծվի նրանց և խոշոր կազմակերպությունների միջև, քանի որ փոքր կազմակերպությունները բարդ հաշվառում իրականացնելու, ԱԱՀ-ի վճարումների և ճիշտ բիզնես պլանավորման համար ռեսուրսներ են ներդնում` որպես ԱԱՀ վճարող գոյատևելու համար»։

Ստացվում է` պետական գերատեսչությունն ինքը դեմ է եղել, բացասական եզրակացություն է տվել և անընդունելի է համարել օրինագիծը։ Սակայն այդ եզրակացությունը հաշվի առնող չի եղել և օրեր անց հաստատվել է կառավարության կողմից։ Կրկին կարդացեք վարչապետի ելույթը։

Նշվում է միայն Ֆինանսների նախարարության անունը։ Էկոնոմիկայի նախարարությունը մոռացության է մատնված։ Իսկ դա՞ իր հերթին ինչ է նշանակում։ Մինչև հարցին պատասխանելը 2 պաշտոնական պարզաբանում մեջբերենք։ ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական զարգացման քաղաքականությունը:

Պա՞րզ է։ Նախարարություններից մեկը զբաղվում է բյուջեն լցնելու խնդիրներով, մյուսը` տնտեսությունը զարգացնելու։ Ու քանի որ Էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը հաշվի չի առնվել, սա նշանակում է մեկ բան` ՀՀ կառավարության գերխնդիրը ոչ թե տնտեսություն ու ՓՄՁ զարգացնելն է, այլ բյուջե լցնելը։ Թեորեմը, ինչպես ասում են, ապացուցված է։

Այս ամենից հետո ծիծաղելի են իշխանության այն կոչերը, թե իրենք բաց են առաջարկների և քննադատության համար, թե ընդդիմությանը հրավիրում են միասին լուծելու խնդիրները։ Ավելացնենք նաև, որ ԱԺ ընդդիմության պահվածքն էլ տարօրինակ է։ Ոչ ոքի մտքով չանցավ քննարկումների ժամանակ Էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը հրապարակել և հարցնել` ինչպե՞ս հասկանալ դա։ Չնայած, մյուս կողմից, այստեղ դժվար թե միտում լինի։ Պարզապես չեն նկատել, երևի անուշադիր են եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս